Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է․ «Պաշտոնաթողությունից հետո էլ ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը հանգիստ չունի: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԵՊՀ ռեկտորի ընտրություններին ընդառաջ, իշխանությունը հերթական շոուն կբեմադրի` կապված Սիմոնյանի հետ: Մեր աղբյուրն ասաց, որ խոսքը 20 միլիոն դրամի ենթադրյալ չարաշահումների մասին է, որը Սիմոնյանը 2016-17 թվականներին վճարել է ԵՊՀ-ին մատուցված ծառայությունների համար, հենց ինչի առթիվ էլ շուտով նոր քրեական գործ կհարուցվի:
Հիշեցնենք, որ իշխանափոխությունից հետո Արամ Սիմոնյանն առաջիններից էր, որ հայտնվեց իշխանությունների թիրախում, նրա նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին, որոնք արդեն 2 տարի է` նախաքննության փուլում են. վարույթն իրականացնող մարմինը ոչ մի կերպ չի կարողանում պատշաճ ապացույցներ հավաքել, գործը հանգուցալուծել և ուղարկել դատարան, դրան գումարած էլ, փաստորեն, նոր քրեական գործ են պատրաստվում հարուցել, որն իր ապացուցողական բազայով ավելի ուժեղ չի լինելու, քան նախորդը:
Պարզապես այն ժամանակ տպավորություն էր, թե գործերը հարուցվում են, որ նա ռեկտորի պաշտոնից հրաժարվի` տեղն ազատելով իշխանություններին ընդունելի անձի համար, սակայն պարզվեց` հրաժարականը բավարար չէր: Եվ հրաժարականը պարտադրեցին, և քրեական գործեր հարուցեցին: Հավանաբար` որպես պատիժ իրենց ասած պահին դիմումը չգրելու համար:
Մենք կապվեցինք Արամ Սիմոնյանի հետ` խնդրելով պատասխանել, թե տեղյա՞կ է արդյոք իր դեմ պատրաստվող նոր քրեական գործի հարուցման մասին: Սիմոնյանը նախ չցանկացավ պատասխանել` խնդրելով իրեն հանգիստ թողնել, ապա ասաց, որ իր նկատմամբ նախկինում հարուցված քրեական գործերը դեռ ընթացքի մեջ են, և ինքն այսօր չի կարող ասել` կա նոր գործ, թե ոչ: «Ես տեղյակ չեմ, նախաքննությունը դեռ շարունակվում է, այդ գործը դեռ չի փակվել, երբ կլինեն արդյունքներ, այն ժամանակ կիմանանք»,- ասաց Սիմոնյանը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: