Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իտալիայի Պուլիայի շրջանի Բարի քաղաքում բացվել է Հայաստանի Հանրապետության նոր պատվավոր հյուպատոսություն։ Այս մասին նշված է Իտալիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
«Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունն ուրախ է հայտարարել Պուլիայի շրջանում նոր պատվավոր հյուպատոսության բացման մասին։ Այս նոր հյուպատոսական գրասենյակի բացումը կարևոր քայլ է` ուղղված Հայաստանի և Պուլիայի տարածաշրջանի միջև պատմական բարեկամական հարաբերությունների և դարավոր մշակութային, տնտեսական և դիվանագիտական կապերի ամրապնդմանը», - նշված է դեսպանության հաղորդագրության մեջ:
Վերջինս տեղեկացրել է, որ նորաբաց հյուպատոսության գրասենյակը, որը կգտնվի Բարիի Corso Vittorio Emanuele 30 հասցեում, հանգրվան կհանդիսանա Հայաստանի քաղաքացիների և նրանց համար, ովքեր ցանկանում են խորացնել համագործակցությունը Պուլիայի և Հայաստանի միջև:
«Պատվավոր հյուպատոս Դարիո Ռուպեն Թիմուրյանը կլինի Պուլիայում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պաշտպանության և գիտական, մշակութային, կրթական, տնտեսական և առևտրային համագործակցության խթանմանն ու ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների կոնտակտային անձը», - հայտնել է Իտալիայում ՀՀ դեսպանությունը։
Դեսպանությունը, ներկայացնելով նորանշանակ հյուպատոսին, նշել է, որ Պատվավոր հյուպատոս Դարիո Ռուպեն Թիմուրյանը, ով ծնվել է 1974 թվականին, ավարտել է Բարիի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, շինարարության և կահույքի ոլորտում ձեռնարկատեր է։ Նրա ընտանիքը ժամանել է Բարի 1915թ. Հայոց ցեղասպանությունից հետո և անմիջապես մուտք գործել քաղաքի և տարածաշրջանի սոցիալական և ձեռնարկատիրական կյանք:
«Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը շնորհավորում է պատվավոր հյուպատոս Դարիո Ռուպեն Թիմուրյանին և մաղթում մեծ հաջողություններ՝ իր լիազորությունները լիարժեք իրականացնելու գործում», - եզրափակել է ՀՀ դեսպանությունը։