կարևոր
22246 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-12 14:26
Իրավական Քաղաքական

Կարող է դադարեցվել քրեական հետապնդումը. Սուրեն Մանուկյանի գործով բացահայտումներ է անում նրա պաշտպան Սերգեյ Ոսկանյանը

Քրեական գործով տուժող ճանաչված Խաչիկ Քոքոբելյանի բջջային հեռախոսին ստացված կարճ հաղորդագրությունները, մինչև Խաչիկ Քոքոբելյանին մուտք լինելը դուրս են եկել նրա հարազատ եղբոր բջջային հեռախոսից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբանը, որը ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանը դատական նիստի ընթացքում ներկայացրեց դատարանին։

«Էականորեն կարող է փոխվել գործի ընթացքը, ընդհուպ կարող է դադարեցվել քրեական հետապնդումը, արդարացման հիմքով կարճել քրեական վարույթը»,- այս մասին հայտարարեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ դեռևս 2022 թ. օգոստոսի 11-ից քրեական գործ էր հարուցվել և քրեական հետապնդում էր սկսվել ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ: Վերջինս մեղադրվում է խմբի կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորը առևանգելու և նրա որդիներից առանձնապես խոշոր չափերի գումար շորթելու մեջ։ Քրեական գործով Սուրեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, և 2022 թ. օգոստոսի 11-ից սկսած նա ազատազարկված է։ 

Հայտնենք նաեւ, որ Սուրեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը համարում է շինծու, այն չի ընդունում և իրեն մեղավոր չի ճանաչում։ Փաստաբան Սերգեյ Ոսկանյանը բազմիցս հայտնել է, որ քրեական գործի նյութերում չկա որևէ ողջամիտ ապացույց, որը թույլ կտա հետևություն անել Ս. Մանուկյանի մեղսակցության մասին։