կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-12 23:02
Քաղաքական

Գեղամ Մանուկյանի ձերբակալությունը իրավաչափ չէ՝ չկա ապացույց․ պաշտպան

Գեղամ Մանուկյանի ձերբակալությունը իրավաչափ չէ՝ չկա ապացույց․ պաշտպան

ՀՅԴ անդամ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-վերլուծական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանի մեղադրանքը որևէ օրինական հիմք չունի՝ ըստ Yerkir.am-ի դատարանի բակում, որտեղ քննվում է ձերբակալության իրավաչափության հարցը, լրագրողներին հայտնեց նրա պաշտպան Գարիկ Սահակյանը։

Նա նշեց, որ այսօր՝ ժամը 24։00-ին, կհրապարակվի որոշումը։

Դատականի նիստին պաշտպանական և մեղադրական կողմերը ներկայացրել են իրենց փաստարկները։ Փաստաբանն ասաց՝ չկա որևէ ապացույց, որ հանցանքը, որի համար մեղադրվում է Գեղամ Մանուկյանը, կատարվել է ձերբակալման պահին։

«Եթե ասում եք՝ բռնել ենք հանցանքի պահին, ասեք՝ ո՞վ է բռնել և ե՞րբ է բռնել․ չունեն պատասխան։ Սա շատ պարզ է, որ հիմք չկա կալանքի համար։ Հուսանք իրավաբանությունն ու օրենքը կգերիշխեն, ոչ թե այլ նկատառումներ»,-ասաց պաշտպանը։

Նա կանխատեսեց, որ դատարանի որոշումը կլինի հօգուտ Գեղամ Մանուկյանի՝ հաշվի առնելով իրենց ելույթները։

Նշենք, որ վերջին երկու օրերին հանրահավաքների վայրերից և իրենց գրասենյակներից բերման են ենթարկվել մոտ 100 ակտիվիստ, ավելի քան 10-ը այս պահին ձերբակալված են։ Ընդդիմադիրները կարծում են, որ իշխանությունները նման կերպ համալրում են քաղբանտարկյալների թիվը․ այլակարծության և խոսքի ազատության դեմ ռեպրեսիվ պայքար է սկսվել ռազմական դրության պայմաններում: