Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Պատմաբան, ռազմական վերլուծաբան Արթուր Եղիազարյանը գրում է․
«Ես Արթուր Եղիազարյանն եմ: Ծնվել եմ 1973 թվականին, մայրաքաղաք Երևանում:
Իմ հայրն Ալբերտ Եղիազարյանն է (1947-2023թթ.): Ծնվել է Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում (Իգդիրի դիմաց՝ սահմանի այս կողմում):
Իմ պապը Վահագն Եղիազարյանն է (1911-1968թթ.): Ծնվել է Իգդիրի Հախվերիս գյուղում (ներկայում՝ թաղամաս Իգդիր քաղաքում):
Իմ հոր պապը Կարապետ Եղիազարյանն է (1882-1968թթ.): Ծնվել է Հախվերիսում:
Իմ պապու պապը Գևորգ Աբազյանն է (1838-1944թթ.): Ծնվել է Հախվերիսում:
Իմ պապուս պապի հայրը Եղիազար Աբազյանն է (1800-1918թթ.): Ծնվել է Բաղեշում (Բիթլիս): 1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո հաստատվել է Սուրմալուի գավառի Իգդիր (հայկական նախկին անունը՝ Ցոլակերտ) քաղաքին մերձակա Հախվերիս գյուղում: Սպանվել է 1918 թ. ապրիլին՝ 118 տարեկանում, թուրք զինվորի գնդակից, իր բոստանում ձմերուկ ցանելիս, երբ դեպի Արաքս, Սարդարապատ կայան էին շարժվում թուրքական զորքերը:
Ամեն անգամ, երբ հիշում եմ Եղիազար նախապապուն՝ աչքիս առաջ է գալիս «Ձորի Միրո» ֆիլմը, որտեղ թուրքի գնդակից սպանվում է բահով գործ անող Հարութ պապը: Մեր տոհմը 2 տասնյակից ավելի անմեղ զոհ է տվել այդ ժամանակներում: Մեծ և փոքր: Ըստ պատումների՝ թուրքերը գտել էին թոնրում թաքցված երեխաներից մի քանիսին և ողջ-ողջ այրել (մի քանի տարի առաջ, մեր գյուղի եզդիներից մեկը եղել է Իգդիրում: Պատահական ծանոթանում է մի մարդու հետ, որն իմանալով, որ ինքը Մեծ Շահրիարից է (մեր գյուղի նախկին անունն է), հետաքրքրվում է, թե ով կա գյուղում Աբազանց Կարապետի սերունդներից: Համագյուղացի երիտասարդ եզդին ասում է, որ չի ճանաչում ոք մեկի: Նա ուղղակի չէր իմանում, որ դա մեր տոհմն է, քանի որ մերոնք Աբազյանից դարձել էին Եղիազարյան՝ ի հիշատակ Եղիազար պապի: Այդ մարդն ասում է, որ ինքն էլ է այդ տոհմից: Նրա ասելուց պարզվում է, որ թոնրի մեջ երեխաները չէին այրվել, հարևան քրդերից մեկը, տեսնելով, որ թուրք զինվորներն այրում են հայերի տները, մինչև մեր նախնիների տանը հասնելը, գտել է երեխաներին (կամ որոշներին), թաքցրել է իր տանը, հետագայում էլ պահել, որի հետևանքով փրկվածները դարձել են քրդախոս կամ քուրդ: Ինքն այդ երեխաներից մեկի սերունդն է, հավանաբար՝ թոռը կամ ծոռը: Ցավոք սրտի, վերջին մի քանի տարիներին փնտրտուքը դեռևս արդյունք չի տվել):
Մնացածը փրկվել են՝ վարարած Արաքսն անցնելով: Գետանցումի ժամանակ էլ խեղդվողներ են եղել:
Որդիներս՝ Արա, Արամ և Արգամ Եղիազարյանները ծնվել են 1993 և 1994 թվականներին, ազատագրված Շուշիում:
Այսօր իմ նախնիների և իմ ժառանգների՝ «Հայկական Լեռնաշխարհ» անունով հայոց հայրենիքում գտնվող ծննդավայրերը գտնվում են թշնամիների տիրապետության տակ: Ու եթե որևէ անհայրենիք կարծում է, որ պետք է այդ մտքի հետ հաշտվենք, հայացքներս Արարատ լեռան փեշին գտնվող Իգդիրից, Շուշի-Արցախից կտրենք ու կյանքի նպատակ սահմանենք օրվա զվարճանքներն ու ստամոքս լցնելը, ապա չարաչար սխալվում է:
Էթնիկ գիտակցությամբ Հայը հենց հիշողությամբ է առաջին հերթին երկոտանի անասունից տարբերվում»: