կարևոր
151 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-01 14:43
Հասարակություն

ՎՐԵԺԻԿ… ՆԵՐԻՐ ԻՆՁ (հունիսի 1-ի առիթով)

ՎՐԵԺԻԿ… ՆԵՐԻՐ ԻՆՁ (հունիսի 1-ի առիթով)

- Մեր զինվորականները, հրամանատարները գող, ավազակ, թալանչիներ են եղել, երեխաներ, իրենք վատ մարդիկ են եղել, իրենք իբր ազատագրել են Արցախը, բայց մեզ ոչ մի օգուտ չի եղել դրանից, մենք իրենց պատճառով 30 տարի շարունակ վատ ենք ապրել, իրենց մի՛ սիրեք, - պատմության ուսուցիչ ընկեր Թագուշ Հայրապետյանը նկատեց, որ իր այս խոսքից 7-րդ դասարանցի Վրեժիկի աչքերը խոնարհվեցին, և ողջ դասի ընթացքում մռայլված պատանին այլևս չէր կարողանում ուղիղ նայել ուսուցչուհուն. այն պահին, հենց նրանց աչքերը հանդիպում էին, Վրեժիկն ակնթարթորեն թեքում էր հայացքն ու կարծես մտովի փախչում դուրս:

«Երևի տանեցիները քոչարյանական են, դուրը չեկավ ասածներս»,- մտքում չարախնդաց ուսուցչուհին և անցավ առաջ: Եվ թեև մյուս օրերին Վրեժիկը փոքր-ինչ «վերադարձել էր»  սովորական վիճակին, սակայն աչքերի չանհետացող թախիծը համառորեն մատնում էր նրա հոգում կատարվողը:

Մայիսի 9-նն էր: Համազգային հաղթանակների տոնի առավոտյան Վրեժիկը սովորականի նման չէր. թե՛ հագուկապը, թե՛ տրամադրությունն ու աշակերտական վարքագիծն ակնհայտորեն տարբեր էին և՛ նախորդ օրերից, և՛ մյուս աշակերտներից: Ընկեր Թագուշ Հայրապետյանը, ով նոր էր տեղափոխվել Երևանի թիվ N դպրոցը և այնքան էլ մոտիկից չէր ճանաչում աշակերտներին՝ նկատեց այդ ամենն ու դասամիջոցին իր մոտ կանչեց Վրեժիկին:

- Ընկեր Հայրապետյան, ես էլ Ձեզ էի ուզում մոտենալ, այսօր մեր տանը միջոցառում կա, մայրիկս խնդրել է Ձեզ էլ հրավիրել, եթե դեմ չեք՝ դասերից հետո միասին մեկնենք, մեր հետևից մեքենա կգա, մայրիկիս կասեմ, - մինչ ուսուցիչը հարց կտար՝ Վրեժիկն արդեն խոսեց:

Հիշելով իր չարախնդությունը՝ ընկեր Հայրապետյանը մի քիչ տարակուսեց և կարկամեց, սակայն Վրեժիկի՝ մոգական ուժ ունեցող հրավերն ստիպեց տալ դրական պատասխան, իսկ երեխայի չափազանց խորհրդավոր պահվածքը՝ չհարցնել, թե ինչ առիթ կա տանը:

Վրեժիկենց տանն իսկապես եռուզեռ էր, կային թե՛ հարազատ-բարեկամներ, թե՛ պետական գերատեսչություններից հյուրեր և, ամենահետաքրքիրը, որ նկատվեց ուսուցչի կողմից, զինվորականներ, այդ թվում՝ բարձրաստիճան:

- Համեցեք, շատ ուրախ ենք Ձեզ տեսնելու, ընկեր Հայրապետյան, համեցեք, տեղավորվեք սեղանի շուրջ,- Վրեժիկի մայրիկի նույնքան ջերմ ու հոգատար վերաբերմունքից թեթև շփոթված ընկեր Հայրապետյանը կրկին ոչինչ չհարցրեց և քաղաքավարի շնորհակալություն հայտնելով զբաղեցրեց իրեն առաջարկված տեղը:

- Հարգելի՛ ներկաներ, լցրեք բաժակները, ինչպես գիտեք՝ այսօրը մեզ համար թե՛ հպարտություն է, թե՛ ցավ: Շուշիի ազատագրումը մեր կյանքի ամենապայծառ օրն էր, որի համար իր կյանքը տվեց նաև մեր Վրեժը, և այսօր նրա նահատակության օրն է: Գիտեք նաև, որ նրա որդին՝ Վարդանը, շարունակեց իր հայրիկի գործը, դաձավ բարձրաստիճան զինվորական, հրամանատար: Ճակատագրի բերումով մեր հերոս հրամանատարի կյանքն ընդհատվեց 44-օրյային՝ կրկին Շուշիի պատերի տակ, և նրա բազում իղձերն ու գաղափարները կիսատ մնացին: Ցանկանանք, որ նրա որդին՝ մեր փոքրիկ Վրեժիկը, շարունակի իր պապիկի ու հայրիկի գործը: Վրեժ ջան, դու դեռ մեծ, շատ մեծ գործեր ունես անելու: Ո՛ղջ լինեք բոլորդ, - ասաց պատկառելի տարիք ունեցող  հարևան Ոսկան պապիկը և դողդոջուն ձեռքով բաժակը բարձրացրեց վերև:  

Այդ խոսքերից ընկեր Հայրապետյանը կարծես տեղում կծկվեց, աշխատում էր շուրջը չնայել, չհանդիպել ներկաներից որևէ մեկի հայացքին, սակայն նրա այդ ծանր հոգեվիճակն ավելի սրվեց, երբ մարդկանցից փաչխող հայացքն ընկավ տան դահլիճի դիմացի մեծ պատին, որտեղից շողշողացող մեդալներով նայում էր հրամանատարը, իսկ նրա թիկունքին Արցախն էր:

Ուսուցիչը Վրեժի հոր դիմապատկերից ևս հայացքն արագ սահեցրեց կողքի, որտեղ բացվող մեծ անկյան վրա հրամանատարի հուշանկյունն էր, նրա հերոսապատումի լուռ վկաները՝ բազմաթիվ մեդալներ, շքանշաններ, հրամանատարական զգեստը, ուսադիրները, լուսանկարներ, մարտական իրեր: Սենյակի մյուս պատից նայում էր Վրեժիկի պապիկը, ում թիկունքին բերդաքաղաքն էր՝ Սբ. Ղազանչեցոցով, փառապանծ Շուշին, որի պատերի տակ ընկել էր Վրեժ ավագը:

Քիչ անց ներ մտան ևս մի խումբ բարձրաստիճան զինվորականներ, և ընկեր Հայրապետյանի շփոթմունքն արագ փոխակերպվեց տագնապի ու վախի, երբ նրանցից Շուշիի օպերացիայի ուղղություններից մեկի հրամանատար Սեյրան Օհանյանը եկավ ու տեղավորվեց Վրեժիկի կողքին՝ ուղիղ Հայրապետյանի դիմաց: Ուսուցիչը տագնապով նայում էր մեկ Վրեժիկին, մեկ գեներալին ու մյուս հրամանատարներին ու փորձում հասկանալ՝ արդյո՞ք նրանք գիտեն այն բոլորը, ինչն ինքը ասել էր դպրոցում, թե՞ ոչ, եթե ոչ, ապա դա շատ լավ է, բայց ի՞նչ պետք է անի ինքը, եթե հանկարծ Վրեժիկն այդ մասին պատմի հենց այդ պահին…

- Հարգելի՛ ներկաներ, եկեք ոտքի բաժակ բարձրացնենք թե՛ մեր Վրեժի, թե՛ Վարդանի պայծառ հիշատակի համար, Վրեժիկ ջան, դու պետք է լավ սովորես, լավ իմանաս մեր հերոսների, քո պապերի ու հոր մասին, որ կարողանաս շարունակել նրանց գործը,  փառավոր ուղի անցած մարդիկ… եկեք խոնարհվենք… փառք մեր հրամանատարներին… , - խեղդող տագնապն այնքան էր խորացել, որ Սեյրան Օհանյանի խոսքերն այլևս չէր լսում ընկեր Հայրապետյանը:   

- Պարո՛ն գեներալ, ինքն իմ պատմության ուսուցչուհին է, ընկեր Հայրապետյանը…, - լսելով Վրեժիկի այս խոսքերը՝ ուսուցչուհին այդ պահին լոկ մի բան էր ուզում. հատակը ճեղքվեր, և ինքը անհետանար այդտեղից, որպեսզի չլսեր ոչինչ ու չտեսներ ոչ ոքի:

Գեներալը կրկին մի փոքր չարչավելով ու առողջ ոտքի վրա հենվելով ոտքի կանգնեց.

- Օ, շատ ուրախ եմ: Հարգելի՛ ներկաներ, գիտեք, որ մեր հերոսապատումները կերտել են ոչ միայն մեր զինվորականները, այլև մեր ուսուցիչները, եկեք կրկին ոտքի բաժակ բարձրացնենք և խմենք մեր Վրեժիկի ուսուցչի կենացը: Ընկե՛ր Հայրապետյան, դուք զինվորականներին հավասար գործ եք կատարում, դուք դաստիարակում եք Վրեժիկի նման սերունդ, ով մեզ պետք է նոր հաղթանակներ բերի, ես խոնարհվում եմ Ձեր առջև…,- գեներալ Օհանյանի հոտընկայս մաղթանքները թե՛ հանգստացրին ուսուցչին (վտանգը կարելի էր անցած համարել), թե՛ խորացրին կուտակվող հուզմունքը, նա կարկամելով ոտքի կանգնեց և բաժակը շփոթված պարզեց դեպի գեներալը:

Մայիսի 9-ի ողջ երեկոյի ու հաջորդած գիշերվա ժամերը կարծես ոչ թե անցնում էին, այլ կանգ էին առել ընկեր Թագուշ Հայրապետյանի համար, ավելի ճիշտ՝ դրանք ոչ թե ժամեր էին, այլ դարեր, որոնք չէին անցնում: Այնինչ, ընկեր Հայրապետյանը ոչ թե սպասում էր, այլ սպանում ժամերն ու րոպեները. նա սպասում էր լույսը բացվելուն, որ վայրկյան առաջ տեսնի Վրեժիկին:

Մինչ այդ՝ ողջ գիշերվա ընթացքում կինոժապավենի նման նրա աչքի առջևով անցավ Արցախյան գոյապայքարը, ահա կամավորական ջոկատները. ահա Վրեժիկի պապիկը, ահա հրամանատարները, որոնց մեջ իր վեհ կեցվածքով աչքի էր ընկնում Վրեժիկի հայրը, ահա թեժ մարտերը, ահա զոհված հերոսները, ահա նրանց շիրիմներն ու նրանց դիմաց գլխիկոր կանգնած փոքրիկ Վրեժիկը՝ ճիշտ հայտնի դասաժամին ունեցած հայացքով, թախիծով ու խորախորհուրդ աչքերով…

… Վաղ առավոտյան ընկեր Հայրապետյանը դպրոց մեկնեց ժամանակից շուտ, ծռմռված ժպիտով բարևեց գործընկերներին ու մատյանը վերցնելով շտապեց դասարան, միջանցքում նա իր քայլերը չէր զգում, կարծես օդում քայլեր, հատակը չէր զգում, նա այդ պահին ոչինչ չէր զգում: Ներս մտելուն պես ակամայից զայրացավ դասարանի վրա, թեև աշակերտներն այնքան էլ չարաճճի չէին այդ պահին, բոլորին տեղավորվելու կոչ արեց՝ հայացքով զննելով Վրեժիկին, ով սովորականի նման գիրքն էր բացում սեղանի վրա:

- Վրեժի՛կ, մի րոպե դուրս արի, - ընկեր Հայրապետյանի խիստ ձայնը ոչ թե Վրեժին էր ուղղված, այլ աշակերտներին. նա, չգիտես ինչու, ուզում էր, որ ոչ ոք ոչինչ չհասկանա ու չիմանա:

Դուրս գալով միջանցք՝ ուսուցիչն առանց հետ նայելու Վրեժիկին առաջնորդեց կողքի դատարկ դասասենյակ, արագ դուռը փակեց և դարձավ դեպի նա: Ընկեր Հայրապետյանի  հուզական և իր վրա մեխված հայացքից Վրեժիկը փոքր – ինչ շփոթվեց ու նորից գլուխը թեքեց: Սակայն ողջ գիշերվա տանջալից մտորումներն ուսուցչին դարձրել էին առավել համարձակ. նա արագ մոտեցավ Վրեժիկին, ծնկի իջավ նրա առաջ, ձեռքերով բռնեց աշակերտի գլուխը, հայացքը դարձրեց դեպի իրեն ու դողդողացով ձայնով շշնջաց.

- Վրեժիկ… ներիր ինձ:

Այլևս չկարողանալով ոչինչ ասել՝ ուսուցիչը, ում մեջ Վրեժիկի ներգործությամբ վերջնական հաղթանակել էր հայը, Վրեժիկին պինդ սեղմեց կրծքին, և գլորվող արցունքներն սկսեցին թրջել իր այլևս սիրասուն աշակերտի գլուխը…

 

Վահե Սարգսյան