կարևոր
3577 դիտում, 5 ամիս առաջ - 2024-05-30 17:31
Քաղաքական

ՌԴ-ն ՀՀ-ում բողոքի ցույցերը դիտարկում է որպես այդ պետության ներքին գործ․ Զախարովա

ՌԴ-ն ՀՀ-ում բողոքի ցույցերը դիտարկում է որպես այդ պետության ներքին գործ․ Զախարովա

«Մենք դիտարկում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման աշխատանքների գործնական փուլի սկիզբը, դա կարևոր է տարածաշրջանային կայունության համար»,- այսօր ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ ի պատասխան այն հարցին, թե ինչպե՞ս Հայաստանում բողոքի ցույցերը կարող են ազդել խաղաղ գործընթացի առաջընթացի վրա։

«Մենք աջակցում ենք սահմանազատման բոլոր հարցերի կարգավորմանը բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով։ Մենք ելնում ենք այն նախադրյալից, որ համաձայնագրերը պետք է լինեն կայուն, հավասարակշռված, փոխընդունելի և հիմք հանդիսանան տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար։

Մենք նաև հաստատում ենք մեր պատրաստակամությունը, ինչպես դա անում ենք պարբերաբար, խորհրդատվական օգնություն տրամադրելու կողմերին սահմանազատման հարցում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի հիման վրա», - ասել է Զախարովան։

«Ինչ վերաբերում է Երևանում և հանրապետության մարզերում տեղի ունեցող բողոքի ակցիաներին, ապա, որքան կարելի է դատել, ցուցարարների դժգոհությունը, ի թիվս այլ հարցերի, պայմանավորված է նրանով, որ, նրանց կարծիքով, անկլավային գյուղերի սահմանազատումը լիովին արդարացի չէ։ Ես ուղղակի մեջբերում եմ այս մասին բացահայտ խոսողների կարծիքը։ Ամեն դեպքում, մենք Հայաստանում քաղաքական գործընթացները համարում ենք այս երկրի ներքին գործը»,- նշել է Մարիա Զախարովան։