Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ արևմտյան քաղաքական գործիչների և լրագրողների հայտարարությունները վկայում են այն մասին, որ Եվրոպան պատրաստվում է պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ: Ինչպես տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին նա ասել է Kossuth ռադիոկայանի եթերում։
«Մինչև երկու համաշխարհային պատերազմները ԶԼՄ-ներում բավականին երկար ժամանակ նախապատրաստում էին պատերազմի մեջ մտնելուն: Կարծում եմ, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Բրյուսելում և Վաշինգտոնում, բայց ավելի շուտ Բրյուսելում, քան Վաշինգտոնում, մի տեսակ տրամադրությունների նախապատրաստում է հնարավոր անմիջական հակամարտությանը: Կարելի է հանգիստ ասել, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, որպեսզի Եվրոպան մտնի պատերազմի մեջ. դա տեղի է ունենում ԶԼՄ-ներում և քաղաքական գործիչների հայտարարություններում», - ասել է քաղաքական գործիչը։
Օրբանն ընդգծել է, որ հավանական չի համարում Ռուսաստանի հարձակումը ՆԱՏՕ-ի երկրի վրա, իսկ «ռուսական սպառնալիքի» մասին խոսակցությունները Արևմուտքի մանևրն է պատերազմի մեջ մտնելուն պատրաստվելու համար։
Չբացահայտելով մանրամասները` Օրբանն ասել է, որ Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում աշխատանքային խմբերն այժմ ուսումնասիրում են, թե դաշինքն ինչպես կարող է մասնակցել Ուկրաինայի հակամարտությանը։
Ինչպես հիշեցրել է Հունգարիայի վարչապետը, ՆԱՏՕ-ն ստեղծելիս չէր խոսվում այն մասին, որ այն գործելու է իր տարածքից դուրս։
«Իրավաբանները բավականին լուրջ աշխատանք են տանում՝ ուսումնասիրելով, թե ինչպես Հունգարիան կարող է լինել ՆԱՏՕ-ի անդամ և, դրա հետ մեկտեղ, չմասնակցել ՆԱՏՕ-ի գործողություններին դաշինքի տարածքից դուրս: Սա այն է, ինչը պետք է որոշի հունգարական դիվանագիտությունը», - հավելել է նա։