կարևոր
361 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-23 16:27
Աշխարհ

Ուկրաինան ԵՄ-ից պահանջում է 1,5 տրիլիոն դոլար հաջորդ 10 տարվա ընթացքում. Օրբան

Ուկրաինան ԵՄ-ից պահանջում է 1,5 տրիլիոն դոլար հաջորդ 10 տարվա ընթացքում. Օրբան

Եվրամիության ղեկավարությունը Եվրոպայի երկրների առաջնորդներին է հանձնել գաղտնի փաստաթուղթ՝ Ուկրաինայի 1,5 տրիլիոն դոլարի ֆինանսական պահանջներով, որը կարելի է համեմատել ատոմային ռումբի պայթյունի հետ: Այդ մասին Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ԵՄ արտակարգ գագաթնաժողովից հետո:

«Խոսքն այն մասին է, որ Ուկրաինան առաջադրել է պահանջ 800 միլիարդ դոլար իրեն տրամադրելու մասին հաջորդ 10 տարվա ընթացքում։ Փաստաթղթում նշված են այդ գումարի հայթայթման ծրագրերը: Այն պետք է հատկացվի երկու փուլով, առաջին փուլում՝ 300 միլիարդ դոլար: Այնտեղ նաև ասվում է ևս 700 միլիարդ դոլարի մասին. դրանք ռազմական ծախսեր են հաջորդ 10 տարվա ընթացքում», - ասել է Հունգարիայի կառավարության ղեկավարը:

«Չգիտեմ, թե դա ինչի կհանգեցնի, բայց դա որոշակիորեն նման է   ատոմային ռումբի պայթյունի։ Մինչև հիմա մենք կարծում էինք, թե ԵՄ-ն կփորձի ինչ-որ կերպ ազատվել այդ պահանջից, մեղմացնել այն կամ նվազեցնել, բայց այդ պահանջն ընդունվել է», - հայտարարել է  Օրբանն՝ ընդգծելով, որ իր կառավարությունը դեմ է հանդես եկել Կիևի և Բրյուսելի այդ ծրագրերին։

Օրբանը հիշեցրել է, որ 2022 թվականից ի վեր Արևմուտքի երկրներն արդեն Ուկրաինային են տրամադրել ավելի քան 193 միլիարդ եվրո, և ԵՄ-ն մտադիր է 2026-2027 թվականներին նրան տրամադրել 90 միլիարդ եվրոյի անտոկոս «պատերազմական վարկ»։ Այդ գումարը, ինչպես նաև Կիևին հատկացումները հաջորդ 10 տարվա համար Եվրոպական հանձնաժողովն ակնկալում է վերադարձնել Ռուսաստանից ստացվելիք ռեպարացիաների և սառեցված ռուսական ակտիվների բռնագրավման հաշվին։ Հունգարիան այս ծրագրերը համարում է բացարձակապես անիրական: