կարևոր
4348 դիտում, 5 ամիս առաջ - 2024-05-23 16:17
Քաղաքական

Իրանին այս պահին պետք չէ արտաքին լարվածություն, դրա համար չի խոսվում Ադրբեջանի կամ Իսրայելի մասին․ Արամ Շահնազարյան

Իրանի քաղաքական իրավիճակը կայուն է, քաղաքական դաշտում և հասարակության մոտ չկա խուճապային որևէ տրամադրություն։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը։

«Յուրաքանչյուր հասարակության մոտ նմանատիպ դեպքերից հետո լինում է շոկային, հուզական վիճակ։ Իրանական հասարակության մոտ ևս որոշակիորեն նույն իրավիճակն է։ Հասարակությունը փորձում է հասկանալ, թե ինչ է կատարվել, ինչ ընթացք կարող են ունենալ հետագա զարգացումները և որոնք կարող են լինել դրանց հնարավոր հետևանքները։ Քաղաքական իրավիճակը կայուն է, քաղաքական դաշտում և հասարակության մոտ չկա խուճապային որևէ տրամադրություն։

Պետական մակարդակով հայտարարություններն էլ ուղղված են ներքաղաքական կայունության և հասարակական անդորրի պահպանմանը։ Ներկա պահին խոսել ներքաղաքական ճգնաժամի կամ խուճապի մասին, անիմաստ է և բացառված»- ասել է մեր զրուցակիցը։

Շահնազարյանն անդրադարձել է նաև ողբերգական վթարի՝ Իսրայելի կամ Ադրբեջանի կողմից կազմակերպված լինելու հնարավորությանը։

«Թեև համացանցում օգտատերերի և որոշ փորձագետների մոտ խոսակցություններ ու ենթադրություններ կան ադրբեջանական ու իսրայելական հնարավոր հետքի մասին, բայց պետական պաշտոնական մակարդակով որևէ ակնարկ չկա այդ մասին։ Խոսվում է բացառապես աննպաստ եղանակային պայմանների պատճառով վթարի մասին։ Ակնհայտ է՝ ներկա դրությամբ Իրանի իշխանություններին, պետական շրջանակներին պետք չէ հավելյալ լարվածություն, մանավանդ՝ արտաքին ճակատում, այդ իսկ պատճառով այդ մասին խոսակցություններն այս պահի դրությամբ բացառված են» ,- եզրափակել է Արամ Շահնազարյանը։