Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ստեղծված ռուս-ուկրաինական ճգնաժամից հետո Արևմուտքը կարիք ունի այլընտրանքային գազային և նավթային աղբյուրների, և Իրանի նավթն ու գազը կարող են դառնալ այլընտրանքային այս առումով՝ փոխարինելով ռուսական էներգակիրներին՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Իրանի «Ալիք» օրաթերթի կայքի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը։
Այդ այլընտրանքը կարող է դառնալ Իրանի, կարող է դառնալ Ադրբեջանի նավթը և գազը, հենց պատերազմի նախօրեին նրանք նաև բանակցում էին Կատարի հետ, որպեսզի կատարական գազը փոխարինի ռուսականին։
«Ադրբեջանը, միանշանակ, Իրանը դիտարկում է որպես իր մրցակիցը թե՛ քաղաքական, թե՛ Հարավային Կովկասում ներկայության առումով, և թե՛, մանավանդ, միջազգային էներգետիկ շուկայում դերակատարության առումով։ Եվ կարող են, այո՛, Արցախի ու Հայաստանի սահմանին կրակոցները պայմանավորված լինել այդ հարցով։ Բայց մի բան պետք է նկատի ունենալ․ Հայաստանով նավթի և գազի փոխադրումը ենթադրում է ենթակառուցվածքների գոյություն, որոնք բացակայում են, և այդ ենթակառուցվածքները կես տարում կամ մեկ տարում հնարավոր չէ կառուցել, բայց ես անձամբ չեմ տեսնում Հայաստանի գործող իշխանությունների կողմից քաղաքական կամք՝ գնալու այդ քայլին, որպեսզի Հայաստանը դառնա այդ առումով գոնե տարածաշրջանային խաղացող»,-ասաց Արամ Շահնազարյանը։
Եթե անգամ կրակոցները նրա համար են, որ Ադրբեջանն Արևմուտքին ցույց տա, որ տարածաշրջանում ինքն է որոշում կայունությունն ու խաղաղութունը, Արամ Շահնազարյանը վստահ է, որ Հայաստանը պետք է լինի Իրանի կողքին, քանի որ Ադբեջանն ու Թուրքիան միշտ ձգտել են վերացնել Հայաստանը և ոչ մի մոտիվացիա չունեն հաշտվելու, մանավանդ որ, վերջին պատերազմից հետո Հայաստանն արդեն առաջարկելու բան էլ չունի։
«Ցավոք սրտի, Հայաստանն այս պահին այլևս ոչինչ չունի առաջադրելու․ այս ձախավեր իշխանությունները և նրանք, ովքեր վստահեցին այս իշխանություններին, չկարողացան հասկանալ այն պարզ իրողությունը, որ Արցախն ապահովում էր Հայաստանի թիկունքը, Հայաստանն Արցախով էր ամուր, երբ նրանք դավաճանաբար հանձնեցին Արցախը՝ Հայաստանը զրկվեց իր թիկունքից, բացվեցին բոլոր դարպասները։ Ադրբեջանը քայլ առ քայլ առաջ է գալիս և վերցնում է այն, ինչ ուզում է»,-ասաց նա։
Այս պարագայում կորցնել Իրանի ու Ռուսաստանի աջակցությունը՝ ինքնասպանություն կլինի Հայաստանի համար։
«Այսինքն, դա վերջին քայլը կլինի․ կորցնելով Արցախը մենք կրակել ենք մեր ոտքին, հիմա միայն մնում է, որ կրակենք մեր գլխին»,-ասաց Արամ Շահնազարյանը։
Նա նաև ուշադրություն հրավիրեց, որ Իրանի ու Ադրբեջանի աշխարհաքաղաքական կշիռները տարածաշրջանում անհամեմատելի տարբեր են․ Ադբեջանը նույն կշիռը չունի, ինչ Իրանը։
Թեև ռուսական նավթն ու գազն իրանականով փոխարինելու համար, Արամ Շահնազարյանի դիտարկմամբ, տարակարծությունները շատ մեծ են Իրանի և Արևմուտքի միջև․ դրանք չեն սահմանափակվում միայն Իրանի միջուկային ծրագրով, կա Իրանի ազդեցությունը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում՝ հատկապես Իրաքում, Սիրիայում և Լիբանանում, կա Եմենի պատերազմը, կա Իրանի դերակատարությունը ընդհանրապես Մերձավոր Արևելքում, կա, մասնավորապես, Իրանի հրթիռային ծրագիրը, որը խիստ մտահոգում է Արևմուտքին, առյուծի բաժինը վերաբերում է Իսրայելի անվտանգությանը, կա նաև Իսրայելի և Իրանի հակամարտությունը, այնպես որ խնդիրները շատ են, սակայն ակնհայտ է, որ Արևմուտքը փորձում է ռուսական նավթի և գազի հնարավոր բացակայությունը կոմպենսացնել իրանական կամ այլ աղբյուրների նավթով և գազով։
Ինչպես էլ ընթանան Հարավային Կովկասի գործընթացները, ասում է նա, կա փաստ, որ դրանք ընդամենը խմորման փուլում են։ Արամ Շահնազարյանը հավատացած է, որ հիմնական խաղը կսկսվի 2025 թ-ին, երբ ավարտվի ռուսական խաղաղապահ մանդատը Հարավային Կովկասում և Արցախի Հանրապետությունում, և կողմերը հիմա փորձում են պատրաստվել դրան։
Իրանը ռուս-ուկրաինական պատերազմը դիտարկում է իբրև Արևմուտքի և ԱՄՆ-ի առավելապաշտական քաղաքականության հետևանք, որի զոհն է դարձել Ուկրաինան՝ ասաց նա։ Նրանք գիտակցում են, որ եթե ՆԱՏՕ-ն ամրապնդվեց Ուկրաինայում, հաջորդ քայլը լինելու է Հարավային Կովկասը, որը բնավ չի բխում Իրանի աշխարհաքաղաքական անվտանգային շահերից։ Պաշտոնական Իրանն այս պատճառով ուղղակի ու կամ անուղղակի պաշտպանում է ռուսական քաղաքականությունը։
«Սակայն մի երևույթ կա, որ Ռուսաստանը տանուլ է տվել քարոզչական պատերազմը․ ամբողջ աշխարհում, մանավանդ սոցցանցերում, հակառուսական քարոզչություն է ընթանում։ Իրանում ևս արվեստագետների, մտավորականների շրջանում կա հակառուսական մի ալիք։ Պարզապես ակնհայտ է, որ այդ ալիքը եկել և տանում է նաև Իրանի հասարակությունը։ Ավելի պարադոքսալ է Իրանի մամուլը․ մանավանդ առաջին օրերին չափազանց հակասական բաներ կային՝ մեկն իր առաջին վերնագիրը դարձնում էր «Ուկրաինացիները մարտնչում են ռուս զավթիչների դեմ», մյուսը խոսում էր ռուսական զորքի հաջողության մասին և դատապարտում ԱՄՆ-ի կամ Արևմոտքի սադրանքը։ Բայց հեղափոխության առաջնորդի ելույթից հետո, բնականաբար, դադարեց դա»,-նշեց Արամ Շահնազարյանը։
Իրանական բեռնատարները, Գորիս-Կապան ճանապարհին խոչընդոտների հանդիպելուց հետո, հիմա արդեն ավելի մեծ քանակով են ուղղությունը փոխել և տեղաշարժվում են ոչ թե Հայաստանով, այլ Ադրբեջանով՝ վկայեց Արամ Շահնազարյանը։ Նա վստահեցրեց, որ Իրանի իշխանությունները հստակորեն տեսնում են, որ Հայաստանի գործող իշխանությունները չունեն քաղաքական կոնկրետ գիծ։
«Եթե գնաք Աստարայի սահմանը՝ կտեսնեք բեռնատարների երկար այն շարքը, որը կանգնած է՝ անցնելու դեպի Ադրբեջան, ուղևորվելու դեպի հյուսիս՝ Ռուսաստան, և Վրաստանի վրայով դեպի Սև ծով և այլ տարածքներ»,-վստահեցրեց նա։
Երբ Հայաստանի կողմից շարժ չկա, երբ չկան ենթակառուցվածքներ, երբ հայտնի չէ, թե երբ են կառուցվելու, և, մանավանդ, հայտնի չէ, թե այս իշխանություններն ինչ քաղաքականություն են վարում, նշեց Արամ Շահնազարյանը, բնականաբար, այդ ռիսկերը հաշվի առնելով՝ Իրանը կզարգացնի դեպի Ադրբեջան ուղղությունը։
Աննա Բալյան
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․