կարևոր
3562 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-01 17:45
Քաղաքական

Պատերազմը չի բխում ոչ Իսրայելի, ոչ Իրանի շահերից. Արամ Շահնազարյան

Բոլորը սպասում են Իրանի պատասխան հարվածին: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանն՝ անդրադառնալով Իրան-Իսրայել հարաբերությունների լարվածության երկրորդ ալիքին:

«Այս պահին Իրանի հասարակությունը, այդ թվում՝ իրանահայ համայնքը՝ որպես իրանական հասարակության փոքրիկ մասնիկ, ապրում է իր բնականոն կյանքով, հասարակության մեջ խուճապ, տագնապ, ճգնաժամ չկա: Սակայն մի բան ակնհայտ է, որ բոլորը գտնվում են սպասողական վիճակում, բոորի համար հետաքրիր է, թե ինչ է տեղի ունենալու, ինչպիսին ու ինչ ուժգնության է լինելու Իրանի հնարավոր պատասխան հարվածը:

Սոցցանցերում, հատկապես՝ X-ում ես հետևում եմ իրանցի օգտատերերի գրառումներին: Նրանցից մեկը գրել էր՝ երբ Իսրայելը հարվածեց Դամասկոսում մեր դիվանագիտական օբյեկտին, մենք պատասխանեցինք դեպի Թել Ավիվ «Ճշմարիտ խոստում» գործողությամբ: Այժմ երբ հարվածը տեղի է ունեցել մեր տանը և զոհվել է Իրանի մերձավոր բարեկամներից մեկը, ինչպիսին է լինելու մեր հարվածը, պատասխանը: Սա նշանակում է, որ ժողովրդի մոտ սպասողական վիճակ է»,- ասել է Արամ Շահնազարյանը:

Ըստ նրա՝ պատերազմը չի բխում ոչ Իսրայելի, ոչ Իրանի շահերից:

«Ակնհայտ է՝ երբ երկրի գերագույն հոգևոր առաջնորդը հայտարարում է, որ վրեժ ենք լուծելու և Իսրայելը պատասխան է տալու իր արարքի համար, պատիժը լինելու է անխուսափելի ու խիստ, դա նշանակում է՝ Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունն անպայման պետք է նախաձեռնի ինչ-որ քայլեր: Սակայն ինչպիսինն է լինելու այս քայլը՝ հաշվի առնելով տարածաշրջանում իրավիճակը, այն լարվածությունը, որ կա, այն իրողությունը, որ Իսրայելը դեռևս ներքաշված է Գազայում վերջ չունեցող պատերազմում, շատ լուրջ առճակատման մեջ է հյուսիսում՝ լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման հետ և ամեն վայրկյան վտանգ կա նոր ճակատ բացելու առումով, իսկ Իրանը գտնվում է անցումային փուլում, ունի նոր նախագահ, դեռ նոր-նոր պետք է ձևավորվի կառավարությունը և Իրանին անհրաժեշտ է, այսպես կոչված, անդորր, կայուն պայմաններ, իսկ Իսրայելին անհրաժեշտ չէ երրորդ ճակատ. կա Գազան, դե ֆակտո կա Լիբանանը, հիմա մի երրորդ, շատ ավելի հզոր ճակատ բացել, անիմաստ է լինելու»,- կարծում է մեր զրուցակիցը:

Շահնազարյանը վստահ է՝ եթե այդ երկու պետությունների միջև պատերազմ սկսվի, տուժելու է նաև Հարավային Կովկասը:

«Իմ կարծիքով՝ Իրանի պատասխանը լինելու է նախորդ գործողության սահմաններում, նույն տրամաբանությամբ: Միգուցե մի քիչ ավելի հզոր, քան «Ճշմարիտ խոստում» գործողությունն է, բայց չեմ կարծում, որ երկու պետություններն էլ կցանկանան մտնել պատերազմի մեջ: Սա բացարձակապես ձեռնտու չէ ոչ մեկին: Կարծում եմ՝ պատասխանը կլինի հենց այդ «Ճշմարիտ խոստում» գործողության սահմաններոմ:

Կարող է ծավալն ավելի մեծ լինել, բայց ես ինքս չեմ կանխատեսում առճակատում երկու պետությունների միջև, քանի որ դա բացարձակապես չի բխում ոչ Իրանի, ոչ Իսրայելի անմիջական շահերից: Նման ռազմական լուրջ առճակատումը աղետաբեր է լինելու երկու պետությունների համար էլ, ու ընդհանրապես՝ տարածաշրջանի համար»,- նկատել է Արամ Շահնազարյանը:

Նա նաև նշել է, որ Իրանի նորընտիր նախագահն իր հայտարարությամբ հասկացրել է՝ Իսրայելն անպատիժ չի մնալու:

«Կոնկրետ այս դեպքի կապակցությամբ նաև նորընտիր նախագահ Փեզեշքիանը գործելու է երկրի ընդհանուր գծած մարտավարության ու ռազմավարության սահմաններում, այն հայտարարության սահմաններում, որ արել է երկրի գերագույն հոգևոր առաջնորդը: Ինքն արդեն X-ի իր միկրոբլոգում գրել է ու հստակ նշել, որ Իրանը Իսրայելին ստիպելու է զղջալ Իսմայիլ Հանիեի սպանության համար: Սա նշանակում է, որ, այո՛, գործողությունն Իսրայելի դեմ կանխատեսելի է:

Իր երդմնակալության արարողության ժամանակ Փեզեշքիանը հայտարարեց՝ որոշակիորեն փորձ է արվելու կարգավորել հարաբերությունները Արևմուտքի հետ: Նա ասաց, որ բոլորի, այդ թվում՝ Իրանի ու Արևմուտքի շահերից է բխում, որպեսզի կողմերը կարողանան Իրանի օգնությամբ գլոբալ խնդիրների ու հարցերի համար լուծումներ գտնել: Փորձ է արվելու որոշակիորեն կարգավորել հարաբերություններն Արևմուտքի հետ: Թե ինչպես կընթանա այս ամենը, ցույց կտա ժամանակը»,- եզրափակել է Արամ Շահնազարյանը: