Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեբաստիայի (պաշտոնական թուրք․ անվանումը՝ Սվաս) Հաֆիք գավառում վաճառքի է հանվել Սուրբ Կարապետ կամ Սուրբ Աստվածածին անուններով հայտնի հայկական եկեղեցին։ Ենթադրաբար 19-րդ դարում կառուցված այդ եկեղեցին վաճառվում է 16 միլիոն թուրքական լիրայով։ Քանի որ այն հանվել է աճուրդի, բազմաթիվ ցանկացողներ են հայտնվել։
Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հայտնում է թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությունը։
Աղբյուրի համաձայն՝ հայկական եկեղեցին գնել ցանկացողների մեջ կան նաև հայտնի աստղեր։ Սեբաստիայի Հաֆիք գավառի Գյոյդյուն գյուղում գտնվող Սուրբ Կարապետ կամ Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին, որի թուրքական անվանումը Թուզհիսար է, ներկայում պատկանում է ոմն Հաթիջե Աքայի, որն էլ աճուրդի միջոցով կառույցը հանել է վաճառքի։
Վաճառքի հարցերով զբաղվող Աբդուլվահափ Յըլդըզը թուրքական լրատվական գործակալության թղթակցին հայտնել է, որ եկեղեցին գնել ցանկացողների շարքում կան թե՛ Թուրքիայում բնակվող և թե՛ արտասահմանցի գնորդներ։ Ուշագրավ է, որ եկեղեցին գնել ուզողների մեջ կան նաև հայտնի աստղեր, որոնց անունները չեն հրապարակվում։ Յըլդըզը մասնավորապես նշել է, որ եկեղեցին աճուրդի հանելուց հետո չափազանց մեծ պահանջարկ է ի հայտ եկել։ Նա նաև հաղորդել է, որ եկեղեցին վերականգնման կարիք ունի։
Եկեղեցին երկար տարիներ տեղի գյուղացիների կողմից օգտագործվել է տարբեր նպատակներով։ Ուշագրավ է, որ ծրագրվում է վաճառքի գործարքն իրականացնել խիստ գաղտնիության պայմաններում և նոտարի ներկայությամբ։ Թեև մոտավոր գին է սահմանվել 16 միլիոն թուրքական լիրան, այնուամենայնիվ նախատեսում է աճուրդի ժամանակ նախնական գին սահմանել 5 միլիոնը։
Վաճառքով զբաղվող անշարժ գույքի գործակալը նաև շեշտել է, որ ցանկանում են եկեղեցին այնպիսի մեկին վաճառել, ով կկարողանա այն վերանորոգել և, հնարավորության դեպքում նաև որպես պաշտամունքի վայր վերաբացել։
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net