Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մոսկվայի «Ֆուդ Սիթի» մեծածախ առևտրի շուկայից դուրս հանված ֆուռերի խնդրի համար ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Ռուսաստանում ՀՀ դեսպանության հետ համատեղ երկու այլընտրանքային լուծում է առաջարկում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:
«Մոսկվայում հայկական ծիրանի վաճառքի խնդիրների հետ կապված ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ համատեղ հայտնում ենք, որ տրվել է 2 այլընտրանքային լուծում»,-հայտնել է խոսնակն ու հավելել՝ հայկական գյուղմթերքով բեռնված բեռնատարներին առաջարկվում է իրենց ապրանքը տեղափոխել հետևյալ երկու իրացման կետեր.
Шёлковый Путь առևտրի կենտրոն, (МКАД, 32-й километр): Սույն կետը գտնվում է «Ֆուդ սիթի» կենտրոնից մոտ 10 կմ հեռավորության վրա:
Бухта, մեծածախ առևտրի կենտրոն (Дмитровское ш., 165 корпус 1): Այս կետն առաջարկվում է «Տաշիր» ԸԽ-ի կողմից, որտեղ մոսկվայաբնակ գործարար Սամվել Կարապետյանի որոշմամբ անվճար կարող են կայանել հայ արտահանողները:
«Այս պահի դրությամբ «Ֆուդ սիթի» կենտրոնը չի կարողանում չեզոքացնել հայ արտահանողների շուկայահանման խնդիրները, ուստի, մեր հայրենակիցներին առաջարկում ենք օգտվել վերոնշյալ տարբերակներից»,-հայտնել է Օհանյանը:
ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նկատել, է, որ թեև ռուսաստանյան շուկայում հայկական ծիրանի հետ կապված խնդիրը լուծվում է՝ հիմնականում ՌԴ-ում ապրող հայերի, Ռուսաստանում գործող հայ գործարարների և ՌԴ-ում Հայաստանի դեսպանության համատեղ ջանքերով, սակայն շեշտել, որ դա չպետք է անհետևանք մնա։
Թունյանն այս հարցով զրուցել է ՀՀ Տնտեսակական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի հետ։ «ՏՄՊՊՀ-ն՝ ռուսաստանյան իր գործընկեր կառույցի հետ համատեղ, հետամուտ կլինի տեղի ունեցածին։ Եվ եթե պաշտոնապես հիմնավորվի, որ ազգային խտրականության հողի վրա ակնհայտ հակամրցակցային վարքագիծ է ցուցաբերվել, ապա դրան պետք է հետևեն համապասխան քայլեր»,-նշել է Թունյանն ու առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Ռուսաստանում բնակվող հայրենակիցներին։
Մոսկվայի ամենամեծ մեծածախ շուկաներից մեկից՝ «Ֆուդ Սիթի» գյուղատնտեսական ապրանքների շուկայից հուլիսի 16-ի գիշերը հանել էին հայկական ապրանքներով բեռնված ֆուռերը. որոշ մատակարարներ ահազանգում էին, որ մթերքն արդեն փչացել է: Կասկածներ կան, որ այդ ամենի հետ կարող են կապ ունենալ ադրբեջանցիները: Նշվում է, որ շուկայի սեփականատերն արմատներով ադրբեջանցի է: Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ուսաստանաբնակ հայերը մոբիլիզացվել, տասնյակ կիլոմետրեր կտրել, հասել և գնել են Մոսկվայի մեծածախ «Ֆուդ Սիթի» շուկայից դուրս հանված ֆուռերում եղած ամբողջ հայկական ծիրանը: