կարևոր
1297 դիտում, 2 օր առաջ - 2025-02-18 14:58
Հասարակություն

Ուրֆայում հայկական եկեղեցին ու քահանայատունը վաճառքի են հանվել

Ուրֆայում հայկական եկեղեցին ու քահանայատունը վաճառքի են հանվել

Ուրֆայի Խալֆաթի գավառում վաճառքի է հանվել այն տարածքը, որի վրա են գտնվել մի հին հայկական եկեղեցի և քահանայատուն։ Հայկական եկեղեցու ավերակները վերջնականապես փլվել էին 2023 թ․ փետրվարի 6-ի երկրաշարժի ժամանակ։ Հողատարածքը գնահատել է 2 միլիոն 800 հազար թուրքական լիրա։

Այդ մասին, www.akunq.net –ի փոխանցմամբ, հայտնում է www.artigercek.com լրատվակայքը։

Աղբյուրի համաձայն՝ 2025 թ․ փետրվարի 5-ին հրապարակված վաճառքի հայտարարության մեջ նշված է, որ հողատարածքը սեփականաշնորհված է և կազմում է 904 քմ տարածք։

Այդ թաղամասի բնակիչներից մեկը Artı Gerçek-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է․ «Ասում են, թե նախկինում այստեղ հայեր են ապրել։ Գյուղում եղել են մի հայկական եկեղեցի և քահանայատուն։ Հայերը մոտավորապես 120 տարի առաջ են գյուղը լքել (իրականում տեղի հայությունը բռնի տեղահանվել և կոտորվել է Հայոց ցեղասպանության տարիներին, այսինքն՝ 110 տարի առաջ-Ակունքի խմբ․)։

Հետագայում եկեղեցու մի մասը մզկիթի են վերածել։ Թե՛ եկեղեցին շրջապատող պատերին և թե՛ քահանայատան պատերին զարդաքանդակներ և զարդանախշեր են եղել, սակայն դրանք բոլորն էլ ավիրվել են երկրաշարժի ժամանակ։ Երկրաշարժից առաջ այս տարածքի սեփականատերն այստեղ էր բնակվում։ Լսեցինք, որ ներկա պահին մտադիր է վաճառել հողատարածքը»։

Թաղամասի բնակիչը նշել է նաև, որ նախկինում Ջիբին անունը կրող այդ հին թաղամասում այլ եկեղեցիներ էլ են եղել և հավելել․ «Ասում են, թե այս շրջանում հնում 4 եկեղեցիներ են գտնվել։ Ի վերջո, միայն այս եկեղեցին էր պահպանվել, բայց այլևս նրանից էլ հետք չի մնացել»։

https://artigercek.com/yasam/urfada-ermeni-kilisesi-ve-papazin-evi-satiliga-cikarildi-333969h

Թարգմանեց Մելինե Անումյանը

www.akunq.net