կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-26 10:07
Հասարակություն

Վաճառքի հանված պետական գույքի արժեքը 5 տարում իջել 164 միլիոնով. «Հրապարակ»

Վաճառքի հանված պետական գույքի արժեքը 5 տարում իջել 164 միլիոնով. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է.«Երևանում մշտապես ահազանգեր են հնչում վերելակը խափանվելու, պոկվելու, արտակարգ դեպքերի մասին, որոնք եր­բեմն կյանք են խլում: Պատճառն այն է, որ Հայաստանի վերելակային տնտե­սությունները, սպասարկումը խայտա­ռակ վիճակում են: Ընդամենը օրերս՝ հուլիսի 23-ին, Երևանի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի վերելակի ճո­պանները պոկվել էին, ու վերելակը՝ լի մարդկանցով, 8-րդ հարկից ընկել էր առաջին հարկ: Երևանում 2006-2015 թթ. վերելակների անսարքության հե­տևանքով ունեցել ենք 8 զոհ, 16 վի­րավոր:

 Պատճառն այն է, որ պետությունը պատշաճ գումար չի հատկացնում վե­րելակային պարկի թարմացման հա­մար: Իսկ վերելակային տնտեսության բնագավառում միակ լիցենզավորված պետական կառույց համարվող «Երվերելակ» ընկերությունը գտնվում է ամենավատ վերելակից էլ խեղճ վի­ճակում: Թե ինչ կարելի է անել քայքայված հիմնարկի հետ, մեր կառավարու­թյունից լավ ոչ ոք չգիտի: Վաճառել ու վերջ, թող գնորդն ընկնի կրակը:

 Պետական գույքի մասնավորեցման ծրագրում արդեն որերորդ անգամ ներառվում է «Երվերելակ» ՓԲԸ-ն, բայց չի մասնավորեցվում: Գտնվում է Երևանում, Մասիսի նրբանցք թիվ 13 հասցեում: Մասնավորեցման է ներկայացրել Կառա­վարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը: Նախկինում հենց այս ընկերությունն էր պատասխանատու վերելակների գործարկման համար: Այժմ բազմաբնակարան շենքերի վերելակների գործունեության պատասխանատու­ները վարչական շրջանների համատի­րություններն են, որոնք համարվում են սպասարկման ոլորտում ամենաչկայացած հիմնարկները:

 2006-2007թթ. մասնավորեցման առաջարկվող՝ պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում ներառված էր «Երվերելակ» ընկե­րությունը: Այդ ժամանակ հիմնարկը Երևանի քաղաքապետարանի ենթա­կայության տակ էր: Չմասնավորեցվեց: 2009-ին կառավարության որոշմամբ տնօրինումը վերապահվեց Կառավա­րությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:

 Դա, սակայն, ոչինչ չփոխեց հիմ­նարկի կյանքում: 2012-ի հունիսի 14-ի նիստում կառավարությունը որոշեց «Երվերելակ» ՓԲԸ բաժնետոմսերը մասնավորեցնել դասական աճուրդով:

 Բաժնետոմսերի գնահատված արժեքը կազմում էր 257 մլն. 809 հազար դրամ, գնահատված պարտավորությունները՝ 3 մլն. 772 հազար 200 դրամ: Ակնկալ­վում է ընկերության մասնավորեցման ճանապարհով վերականգնել դրա կա­նոնավոր գործունեությունը, ավելաց­նել պետբյուջեի մուտքերը: Սակայն որևէ մեկը գնելու ցանկություն չհայտ­նեց: 2013թ. սեպտեմբերի 13-ի նիս­տում կառավարությունը կրկին հիշեց «Երվերելակին»՝ դարձյալ վաճառելու համար: 22 մլն. դրամով ընկել էր բաժնետոմսերի գինը՝ դառնալով 235 մլն. դրամ, պարտավորությունները՝ աճել՝ կազմելով 4.1 մլն. դրամ: Դարձյալ գնորդ չհայտնվեց:

 Վարչապետի 2016 թվականի փետրվարի 22-ի թիվ 94-Ա որոշմամբ «Երվերելակ» ՓԲԸ-ի համար ներկա­յացվեց մասնավորեցման փաթեթ: Հաջորդ անգամ կառավարությունը վաճառքի որոշում կայացրեց 2017թ. մարտի 30-ի նիստում: Բաժնետոմսե­րի գինն արդեն կտրուկ անկում էր գրանցել՝ հասնելով 94 մլն. 9 հազար 740 դրամի: 5 տարում 164 մլն. դրա­մով իջել էր բաժնետոմսերի գինը, ինչը զարմանալի էր: Վաճառքի արդյուն­քում ստացվելիք գումարի 70 տոկոսը պետք է ուղղվի ՀՀ պետական բյուջե, 30 տոկոսը՝ համայնքային բյուջե»,-գրում է թերթը:

 Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: