կարևոր
730 դիտում, 3 ժամ առաջ - 2025-08-18 14:45
Աշխարհ Քաղաքական

Փեզեշքիանի այցը ՀՀ նպատակ ունի պահպանել տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը. Արաղչի

Փեզեշքիանի այցը ՀՀ նպատակ ունի պահպանել տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը. Արաղչի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան կատարելիք այցի առանցքում կլինի Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական քարտեզի անփոփոխելիության ապահովումը: 

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին IRNA-ի հետ զրույցում անդրադարձել է Իրանի նախագահի՝ Հայաստան կատարելիք այցի նպատակներին: 

«Մեր գլխավոր մտահոգությունն այն է, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ որևէ փոփոխություն տեղի չունենա, որ օտարերկրյա ուժեր մուտք չգործեն տարածաշրջան»,-ասել է Իրանի ԱԳ նախարարը:

Նա հստակեցրել է՝ աշխարհաքաղաքական փոփոխության անթույլատրելիություն ասելով՝ նկատի ունեն միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությունը, սահմանների տեղաշարժը կամ տարածաշրջանի պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտումը: 

«Մենք շատ հստակ հայտարարել ենք, որ նման բան չենք հանդուրժի: Մեր քաղաքականությունը միշտ էլ հստակ է եղել»,-ընդգծել է Արաղչին: 

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ Վաշինգտոնում ստորագրված հռչակագրին՝ նա ընդգծել է, որ և՛ Երևանը, և՛ Բաքուն հստակ պարտավորվել են հարգել գոյություն ունեցող սահմաններն ու ինքնիշխանությունը։

«Այս տեսանկյունից, կարծես, մեր աշխարհաքաղաքական մտահոգություններն առայժմ լուծվել են: Բայց մենք ուշադիր կհետևենք՝ արդյոք նրանք ապագայում հավատարիմ կմնան դրան»։