կարևոր
901 դիտում, 11 ժամ առաջ - 2025-01-09 12:57
Աշխարհ

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող ավերիչ անտառային հրդեհների պատճառով զոհվել է 5 մարդ, տարհանվել՝ 130,000 բնակիչ, հայտնում է CNN-ը:

Ընդհանուր առմամբ, մոլեգնում է 6 առանձին հրդեհ, որոնց դեմ պայքարում են հազարավոր հրշեջներ: Հրդեհները բռնկվել էին, երբ սեզոնային՝ Սանտա Անա քամիները հայտնվել էին նահանգում։ Քամիները, փաստորեն, նպաստել են հրդեհների տարածմանը, և չի բացառվում, որ պոռթկումները կարող են հասնել ժամում 160 կիլոմտերի:

Ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսի ամենահին հայկական վարժարաններից մեկը` Փասադենայի Սահակ Մեսրոպ հայկական դպրոցը:

«Սահակ-Մեսրոպ դպրոցն այլևս գոյություն չունի։ Շատ ցավալի է, բայց հայերն ուժեղ են և պետք է վերակառուցեն ավելի լավ դպրոց։ Մենք պետք է ավելի քան երբևէ համախմբվենք», - ասել է հովիվ Հալաջյանը:

Սահակ-Մեսրոպն ամենօրյա վարժարան է։ Հիմնվել է 1980 թվականին, Ալթադենայում՝ հայ համայնքի մի խումբ հավատացյալ գործիչների նախաձեռնությամբ։ Ունի մանկապարտեզ և միջին բաժին։ Անգլերենով դասավանդվող պետական ծրագրին զուգահեռ ուսուցանվում են հայոց լեզու, պատմություն, կրոն։

«Reuters»-ը գրում է, որ անտառային հրդեհների վնասը նախնական գնահատվում է 52-57 մլրդ դոլար։

Ըստ կանխատեսումների՝ սրանք կարող են դառնալ ԱՄՆ պատմության մեջ ամենազանգվածային ու ավերիչ անտառային հրդեհները: ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իրավիճակը «ապոկալիպտիկ» է որակել:

Միացյալ Նահանգների արևմտյան նահանգներում հրդեհները նորություն չեն, սակայն փորձագետներն ասում են, որ մարդածին պատճառներով կլիմայի փոփոխությունը հանգեցրել է նպաստող հանգամանքների ավելացմանը:

Հարավային Կալիֆոռնիայում մոտ երկու տասնամյակ տևած երաշտին հաջորդել էին երկու բացառիկ խոնավ տարիները, ինչի արդյունքում տարածքը ծածկվել է բուսականությամբ, որն էլ նպաստող հանգամանք է հրդեհների բռնկման ու տարածման համար: