կարևոր
748 դիտում, 2 ժամ առաջ - 2025-08-19 10:17
Հասարակություն

Ինչ է հայտարարագրել, մյուսների պես, 2018 թվականից հետո կենսագրություն ունեցող Էկոպարեկային ծառայության պետը․ «Ժողովուրդ»

Ինչ է հայտարարագրել, մյուսների պես, 2018 թվականից հետո կենսագրություն ունեցող Էկոպարեկային ծառայության պետը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ թիվ մեկ էկոպարեկը նոր բնակարան ունի: Շրջակա միջավայրի նախարարության՝ Անտառային կոմիտեի Էկոպարեկային ծառայության նոր պետը հաստատվեց այդ պաշտոնում։

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ մինչ 2018 թվականի հեղափոխությունը Վլադիմիր Կիրակոսյանը եղել է մի ՍՊԸ-ի տնօրեն, իսկ հեղափոխությունից հետո՝ նախ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, ապա «Երեւան ՋԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի օգնական, հետո միայն՝ ՇՄՆ Անտառային կոմիտեի նախագահ, այժմ՝ ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ։

Կիրակոսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, որի պաշտոնական կենսագրությունը, ինչպես մյուսներինը, սկսվում է 2018-ից:

2022 թվականի հուլիսի 15-ին նա ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Էրեբունի վարչական շրջանի խորհրդի նախագահ, 2024 թվականի դեկտեմբերի 11-ին վերընտրվել է խորհրդի նախագահի պաշտոնում:

Համաձայն 2024 հայտարարագրի՝ Վլադիմիր Կիրակոսյանը հանդիսանում է նաեւ Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ։

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Կիրակոսյանը բնակարան ձեռք է բերել միայն 2022 թվականին, սակայն ոչ թե գնել, այլ ժառանգություն է ստացել։

Կիրակոսյանը 2023 թվականին գնել է MERCEDES-BENZ մակնիշի մեքենա 19,6 մլն դրամ արժեքով, իսկ 2021 թվականին ձեռք բերած TOYOTA մակնիշի մեքենան վաճառել է 10,6 մլն դրամով։

ՔՊ-ական Էկոպարեկի բանկային ավանդները կազմել են 5 մլն դրամ, բանկային հաշիվների մնացորդները՝ 48 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 450 ռուբլի, 7 հազար դոլար, 26 մլն դրամ։

Կիրակոսյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 41 մլն 357 հազար դրամ, որից 14 մլն 720 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է Էկոպարեկային ծառայությունից, 354 հազար դրամը «այլ եկամուտ» է ֆինանսների նախարարությունից։ Եկամտից 380 հազար դրամը «տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսը եւ այլ հատուցում»-ն է, իսկ 25 մլն 902 հազար դրամը վարկ է։

Կիրակոսյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 32 մլն 503 հազար դրամ, որից 25 մլն 548 հազար դրամը հողամասի վրա կառուցվող բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

Մի խոսքով՝ ՔՊ-ական դառնալուց հետո Կիրակոսյանը տան ու մեքենաների տեր է դարձել»։