|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երեկ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում բացվել է ժողովրդական վարպետ Սահակ Սահակյանի մանրաքանդակների ցուցահանդեսը: Ներկայացված են հեղինակի չեխական շարքի մանրաքանդակները /Յարոսլավ Հաշեկի «Շվեյկ» աշխատանքը լայն ճանաչում է բերել վարպետին Չեխոսլովակիայում, որի համար էլ նրան շնորհվել է Սկալիցա քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում/:
Ժողովրդական վարպետ Սահակ Սահակյանի ստեղծագործական որոնումների համար ներշնչանքի աղբյուր են հայ ավանդական ճարտարապետության, խեցեգործության, կարպետագործության նմուշները, խաչքարերի զարդանախշերը: Նրա հմուտ ձեռքի տակ սովորական կավը, փայտը, մետաղը, կաշին ու տարատեսակ ներկերը դառնում են արարող հումք, ինքնաարտահայտման յուրատիպ միջոց և արվեստի գործ: Սահակ Սահակյանի ստեղծագործություններում իրենց նորովի կերպավորումն են գտնում համաշխարհային գրականության, դիցաբանական պատումների հանրաճանաչ հերոսները:
Բազմաշնորհ վարպետը մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային մրցույթների՝ արժանանալով բազմաթիվ մեդալների ու պատվոգրերի, իսկ նրա աշխատանքների վերաբերյալ ռուս անվանի արվեստաբան Ա. Կամենսկին ասել է. «Սահակ Սահակյանի ստեղծագործությունները դիտելիս պարզորեն զգում ենք, թե որքան շատ բան կարող է տալ և որքան անվերջանալի է ազգային ավանդույթի հավերժական տարերքը»:
Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 12-ը: