Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դամասկոսում Իրանի հիւպատոսութեան շէնքի վրայ Թել Աւիւի յարձակումից յետոյ տարածաշրջանն ու աշխարհը, յատկապէս՝ Իսրայէլն ու նրա գլխաւոր հովանաւորը՝ ԱՄՆ-ը, սպասում են Իրանի պատասխան գործողութեանը: Քննարկումներն հիմնականում այն մասին են, թէ ինչքա՞ն է տեւելու Թեհրանի ռազմավարական համբերութիւնը կամ ինչ բնոյթի է լինելու Իրանի պատասխան գործողութիւնը, դրանք լայնօրէն ծաւալւում են մեդիա հարթակներում, եւ տարաբնոյթ կարծիքներ են ձեւաւորւել Իրանի նախատեսւող գործողութիւնների բնոյթի եւ բովանդակութեան
վերաբերեալ:
Այս համատեքստում արեւմտեան լրատւամիջոցները քննարկել եւ քննարկում են գրեթէ հնարաւոր բոլոր տարբերակնները: Այս հաւասարման անյայտը սակայն, շարունակում է մնալ այն, թէ՝ Թեհրանը երբ կիրականացնի պատասխան հարաւածը:
Իրադարձութիւնների ընթացքից թւում է, թէ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը փորձում է խելամտօրէն օգտագործել առիթը:
Կան մի քանի գործօններ, որոնք ակնյայտ են դարձնում, որ Իրանը չի շտապում Իսրայէլին հարւածելու գործում:
Նախ. փաստ է, որ Դամասկոսում Իրանի հիւպատոսութեան վրայ յարձակման յաջորդ իսկ պահից, Իսրայէլը նախապատրաստւել է Թեհրանի պատասխան գործողութեանը:
Ռազմական պատրաստւածութեան բարձր մակարդակի պահպանումն ու սպասողական վիճակը միանշանակ ուժերը մաշեցնող ու սպառող վիճակ է Թել Աւիւի համար, որն առանց այն էլ մխրճւած է մաշողական պատերազմում՝ Գազայի հատւածում: Ժամանակը դեռեւս գործում է Իրանի օգտին, որը կարող է ցանկացած պահի անակնկալի բերել թշնամուն: Այնպէս, որ անհրաժեշտ է սպասել յարմար պահի, եւ պէտք չէ հապճեպ գործել:
Երկրորդ. Սիոնիստական վարչակազմը գտնւում է իր պատմութեան ընթացքում ամենախոցելի վիճակում: Մաշւած բանակ, կաթւածահար վիճակում յայտնւած կառավարութիւն, պառակտւած ու ամենաներքեւի մակարդակի իջած հասարակութիւն, փոշիացած միջազգային հեղինակութիւն: Սրանք լուրջ գործօններ են, որոնք առաւելագոյնս թուլացրել են Իսրայէլին, խիստ սահմանափակելով առկայ մարտահրաւէրին համաչափ ու համարժէք արձագանգելու նրա հնարաւորութիւնները:
Հաշւի առնելով վերը նշւած հանգամանքները, ակնյայտ է, որ առկայ պայմաններում Իրանի համար ռազմավարական համբերութիւնն ու կոշտ պատասխանը ոչ միայն չեն հակադրւում միմեանց, այլեւ՝ փոխլրացնող են եւ գործում են սինխրոն՝ միեւնոյն ուղղութեամբ:
Իրանի պատասխան հարւածը լինելու է: Դա միանշանակ է: Սակայն կարեւոր է, որ այն լինի չափազանց հաշւարկւած, ճիշտ ժամանակին եւ տարածաշրջանային իրադարձութիւնների ու զարգացումների տրամաբանութեան սահմաններում, որ առաւելագոյնը նպաստի Իսրայէլի խոցելիութեան մակարդակի բարձրացմանն ու «Դիմադրութեան առանցք»-ի դիրքերի ամրապնդմանը: Դրա ձեւի եւ բնոյթի մասին խօսակցութիւնները երկրորդական նշանակութեան խնդիրներ են, կարեւորը՝ էֆեկտիւութիւնն է:
Իրանը շարունակում է մատը բաց ներւի վրայ պահել: Իրանի կոշտ պատասխանի ուրւականն ամենօրեայ ահ ու սարսափի է վերածւել առանց այն էլ հոգեբանօրէն քայքայւած ու հիւծւած իսրայէլական հասարակութեան եւ կառավարութեան համար:
Հէնց այս համատեքստում է, որ ցանկացած հապճեպ, չհաշւարկւած քայլ կարող է երկնքից թափւող մանանայի էֆեկտ ունենալ Նեթանիահուի կառավարութեան խորտակւող նաւի համար՝ դառնալով նրա փրկօղակը: Ներկայ դրութեամբ, Իրանի հետ պատերազմն իդէալական հնարաւորութեան է կարող վերածւել Իսրայէլի համար, եւ հէնց այդ հնարաւորութիւնից է, որ պէտք է զրկել նրան:
Արամ Շահնազարեան
«ԱԼԻՔ»