կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-14 16:39
Իրավական

Ադրբեջանցի դիվերսանտի կրակոցից վիրավորված կինն արձակուրդներին պետք է մնար Քարվաճառում. նոր մանրամասներ

Ադրբեջանցի դիվերսանտի կրակոցից վիրավորված կինն արձակուրդներին պետք է մնար Քարվաճառում. նոր մանրամասներ

Հուլիսի 11-ի երեկոյան ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամներից մեկի արձակած կրակոցից վիրավորված Կարինե Դավթյանի վիճակը շարունակում է մնալ ծանր կայուն: Նա դեռևս գտնվում է զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում: Կինը գլխի շրջանում ստացել է թափանցող հրազենային վերք:

 

Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Ասատուրյանի խոսքով` Դավթյանի վիճակը կայուն է, դրական տեղաշարժ է նկատվում, սակայն դեռ վաղ է խոսել նրան հիվանդասենյակ տեղափոխելու մասին: Գնդակը դիպել է կնոջ աչքին և գանգոսկրից դուրս եկել: Ըստ Ասատուրյանի` գնդակն, ամենայն հավանականությամբ, արձակվել է ինքնաձիգից:

 

Yerkir.am-ի լրագրողի այցելության ժամանակ հիվանդանոցում էր Կարինեի ամուսինը` N զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ Վահե Մելոյանը: Նրա խոսքով` կինը պետք է գար Քարվաճառ, որպեսզի մինչև արձակուրդների ավարտը մնար իր մոտ, իսկ այն տեղեկությունը, թե իբր կինը երեխաների կամքին հակառակ է մեկնել Քարվաճառ, չի համապատասխանում իրականությանը: «Երեխեքիցս մեկն ինձ մոտ ա եղել, մյուսը` եղբորս: Արձակուրդներից հետո կինս պետք ա վերադառնար Երևան, քանի որ երեխաները պետք է դասի գնային»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց նա, սակայն չցանկացավ այլ մանրամասներ հայտնել:

 

Նշենք, որ, ըստ նախնական վարկածի, Վարդենիսից Քարվաճառ ճանապարհին ադրբեջանցի դիվերսանտը կանգնեցրել է Վահանի ընկերոջ` մայոր Սարգիս Աբրահամյանի վարած «Նիվա» մակնիշի մեքնենան, որում եղել է Կարինե Դավթյանը, և կրակել նրանց վրա: Կրակոցի արդյունքում մայորը զոհվել է, իսկ Կարինեին ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց: Սակայն, թե ինչպես է իրականում տեղի ունեցել դեպքը կարող է ասել միայն Կարինեն, երբ գիտակցության գա: Ի դեպ, նա առաջին օրը գտնվել է կոմայում:

 

Վահանի մարտական ընկերների խոսքով` այդ ճանապարհը Մարտակերտ տանող ճանապարհն է, և ամեն օր մարդիկ այդտեղով անվտանգ երթևեկել են, ոչ ոքի մտքով չէր կարող անցնել, որ նման բան կլինի:

 

Կարինեի ամուսինը` Վահան Մելոյանը,  20 տարի է, ինչ զինվորական է, նա մասնակցել է Արցախյան պատերազմին, կռվել է ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի ջոկատում, եղել է Քարվաճառն (Քելբաջար) ազատագրողներից: Իսկ նրա ընկերը` զոհված Սարգիս Աբրահամյանը,  Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչ էր: