կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-24 16:38
Քաղաքական

Հրայր Թովմասյանն անկեղծացավ` կմնար, եթե մնար Տիգրան Սարգսյանը

Հրայր Թովմասյանն անկեղծացավ` կմնար, եթե մնար Տիգրան Սարգսյանը

Արդարադատության արդեն նախկին նախարար Հրայր Թովմասյանից yerkir.am-ի թղթակիցն այսօր հետաքրքրվել է, թե իր պաշտոնավարման ժամանակներից կա՞ մի բան, որի համար զղջում է:

 

«Եթե նորից սկսեի, ինչ-որ բաներ չէի անի»,- անկեղծացավ  նախկին նախարարը, հետո խոստացավ, որ երբ հուշեր գրի, դրանց կանդրադառնա ավելի գեղեցիկ ձևով, քան եթե բանավոր խոսի:

 

Մեր հարցին՝ այն, որ նախարարության աշխատողներին հրաժեշտ տալու ժամանակ հայտարարեց, թե անձամբ չի ցանկացել շարունակել պաշտոնավարել, մի՞թե պայմանավորված էր նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանի անձով, Թովմասյանը պատասխանեց, որ` այո, ինքն անձամբ չի ցանկացել շարունակել աշխատանքը:

 

Հարցին, թե այդպես կլինե՞ր, եթե Տիգրան Սարգսյանը մնար, Թովմասյանը պատասխանել է. «Ոչ, Տիգրան Սարգսյանի դեպքում ես նման բան չէի ասի»:

 

Նոր վարչապետը, ըստ Թովմասյանի, պետք է հնարավորություն ունենա իր թիմը ստեղծելու, ընտրելու մարդկանց, որոնց հետ պատրաստվում է աշխատել: «Եթե վարչապետը հրաժարական է տալիս, նշանակում է, որ ինչ-որ խնդիրներ չեն լուծվել: Ես կարծում եմ, որ նաև իմ պատասխանատվության, իմ թերացումների մասն է եղել, որ վարչապետը հրաժարական է տվել»,- ասաց նա:

 

Մեր ճշտող հարցին, թե Հովիկ Աբրահամյանը համոզե՞լ է Թովմասյանին, որ մնա, նախկին նախարարը պատասխանեց. «Խոսակցություն եղել է, բայց ես այն տարիքում չեմ, որ ինձ համոզեն»: