Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«ՀՀԿ-ն իշխանական կուսակցություն է, եւ այդ կուսակցությունից դուրս գալը շատ վտանգներով է հղի, վտանգներ` ոչ թե ուղղակի ֆիզիկական իմաստով, այլ վտանգներ սոցիալական, ստատուսի առումով»,- այսօր հայտարարել է նախկին հանրապետական Սիմոն Ղոնաղչյանը, ով «Շրջադարձ» անվամբ նոր կուսակցություն է հիմնել:
«Եթե կարծում եք, որ դժգոհություններ չկան կուսակցության ներսում, խլրտումներ, չգիտեմ, ես պասիվ անդամ եմ եղել, այդ կուսակցության շենք հարյուրից մեկ եմ մտնում եւ չեմ կարող գնահատական տալ, իրավիճակին չեմ տիրապետում»,- ասել է նա` հավելելով, որ «Հանրապետական կուսակցությունն իր վրա վերցրած պատասխանատվության շրջանակներում բավականաչափ ջանք չի գործադրում, որպեսզի հանրապետությունում ե ՜ւ սոցիալ-տնտեսական իրավիճակը, ե ՜ւ մենթալիտետը, ե ՜ւ մտածողությունը, ե ՜ւ մարդկային հարաբերությունները գտնվեն ավելի լավ վիճակում»:
«Շքեղությունը` որպես չափանիշ ու կյանքի որակ դարձնելը եւ դա չքննադատելը, կարծում եմ, մեծ սխալ է: Ինքնամաքրման մեծ ճանապարհ ունի անցնելու Հանրապետական կուսակցությունն այս առումով»,- եզրակացրել է նորաթուխ «շրջադարձականը»:
Այս կապակցությամբ ԵՐԿԻՐ-ը մեկնաբանություններ խնդրեց ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանից: «Յուրաքանչյուր կուսակցություն ինքնամաքրման ճանապարհ պետք է անցնի, այդ թվում` Հանրապետականը, որովհետեւ իշխանական կուսակցությունները ձգող հատկություն ունեն. բոլորը պատեհ, անպատեհ, գալիս-մտնում են` երբեմն ազնիվ կեցվածքով, երբեմն` ոչ: Որ ինքնամաքրման կարիք ունի Հանրապետական կուսակցությունը, դրան կողմնակից եմ, բայց որ այդ մաքրումը պիտի լինի կուսակցությունից դուրս գալով, համամիտ չեմ: Եթե ինքն իրեն մաքուր է համարում, ուրեմն, ընդհակառակը, պիտի մնար Հանրապետականի մեջ, որ օգներ մաքրվելու: Բայց որ ինքը պիտի կուսակցությունից դուրս գա եւ ավելի մաքուր կուսակցություն ստեղծի, դրան չեմ հավատում»,- եզրափակել է Լ. Ալեքսանյանը: