կարևոր
6796 դիտում, 7 ամիս առաջ - 2024-03-28 13:38
Քաղաքական

Ադրբեջան-Հայաստան. Կարո՞ղ է Հարավային Կովկասը դառնալ խաղաղ տարածաշրջան

Ադրբեջան-Հայաստան. Կարո՞ղ է Հարավային Կովկասը դառնալ խաղաղ տարածաշրջան

2023 թ-ի սեպտեմբերին Ադրբեջանը վերականգնել է ռազմական եւ վարչական վերահսկողությունը չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ողջ տարածքի նկատմամբ, որը դադարեցրել էր իր գոյությունը 2024 թ-ի հունվարի 1-ից՝ վերջինիս նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագրով։ Ադրբեջանական բանակի կողմից ռազմական հիմնական հաջողությունները գրանցվել են դեռեւս 2020 թ-ի աշնանը՝ 44-օրյա պատերազմի ընթացքում։ Կողմերի միջեւ սահմանազատման նոր գծի զուտ ժամանակավոր բնույթն ակնհայտ էր ի սկզբանե, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի խիստ սահմանափակ գործառնական հնարավորությունները՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի հայտարարության համաձայն, որի տակ ստորագրությունը, չնայած վերջինիս հրապարակային հռետորաբանությանը, ոչ ոք հետ չի կանչում: Ադրբեջանական բանակի կողմից Արաքսի հետ սահմանակից հարավային գոտու գրավումից հետո, Հադրութի եւ Շուշիի անկումից հետո (որն ադրբեջանական բանակի համար ուղիղ ճանապարհ բացեց դեպի Ստեփանակերտ) ստորագրումը թույլ տվեց դադարեցնել ակտիվ ռազմական գործողությունները, որոնք այդ ժամանակ հայկական կողմի համար խիստ անբարենպաստ բնույթ էին կրում։

2023 թ-ի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ելքը խաչ քաշեց Ղարաբաղյան շարժման 35-ամյա պատմության վրա, որի մասին Խորհրդային Միության քաղաքացիների մեծ մասն իմացավ 1988 թ-ի փետրվարին, այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամավորների արտահերթ նստաշրջանը դիմեց Մոսկվայի, Երեւանի եւ Բաքվի Գերագույն խորհուրդներին՝ խնդրելով քննարկել երկրամասը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը։ Չնայած 1991-1994թթ.Ղարաբաղյան «առաջին» պատերազմի ընթացքում կրած զգայուն պարտություններին, Ադրբեջանում երբեք չեն թաքցրել կորցրած տարածքների նկատմամբ քաղաքական-դիվանագիտական կամ ռազմական ճանապարհով լիակատար վերահսկողություն ձեռք բերելու իրենց վերջնական նպատակը. ամրապնդել են բանակն ու այլ ուժային կառույցներ, ինչպես նաեւ ձեւավորել  իրենց համար շահավետ քաղաքական-դիվանագիտական ֆոն, այդ թվում՝ 1994 թ-ի «Դարի պայմանագրի» ստորագրմամբ եւ հետագայում հայկական տարածքը շրջանցող տրանսպորտային-լոգիստիկ ենթակառուցվածքի ձեւավորմամբ: Պետք է խոստովանել` այս հարցում Ադրբեջանը բավական հաջողեց՝ աջակցություն ստանալով (որքան էլ այս թեզը քննարկելի թվա այլ ընթերցողին) նաեւ Երեւանից՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունից, որը հետեւողականորեն եւ նպատակաուղղված աշխատում է թե՛ արտաքին քաղաքական, թե՛ ներքաղաքական օրակարգի «ապաղարաբաղիզացման» ուղղությամբ։ Հազիվ թե սա անակնկալ լիներ այն դիտորդների համար, ովքեր իրական պատկերացում ունեին «Հայկական Ժամանակ» օրաթերթի նախկին գլխավոր խմբագրի, փողոցային ընդդիմադիր ակտիվիստի, ապա՝ ԱԺ պատգամավորի գործունեության մասին, նախքան նա հայտնի կդառնար երկրի սահմաններից դուրս՝ կառավարության ղեկավարի աթոռին բարձրանալով 2018 թ-ի գարնան բուռն իրադարձություններով, որոնք ավելի ճիշտ կլիներ անվանել ոչ թե «թավշյա հեղափոխություն», այլ «իշխանության թավշյա փոխանցում»: ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացի փաստացի փլուզումը, ոչ առանց «հեղափոխական» Հայաստանի իշխանությունների գործուն մասնակցության, ոչ պակաս կարեւոր գործոն դարձավ 2020 թ-ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների մեկնարկի համար, որոնք հանգեցրին 1994 թ-ի մայիսին Ղարաբաղյան «առաջին» պատերազմի արդյունքում հաստատված ստատուս քվոյի արմատական վերացմանը, որը տեւեց շուրջ քառորդ դար։

Ռազմական գործողությունների ավարտից հետո, եւ հատկապես Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո, ամերիկացիներն ու եվրոպացիները սկսեցին ակտիվորեն ներգրավվել բանակցային գործընթացում՝ ելնելով սրված աշխարհաքաղաքական դիմակայության նկատառումներից՝ տորպեդահարելով Մոսկվայի միջնորդական ջանքերը։ «Փաստաթղթերում՝ 2020 թ-ի նոյեմբերին ստորագրված եւ դրան հաջորդածներում, Ղարաբաղի տարածքը բնութագրվել է որպես ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվութայն գոտի։ Եվ երեք երկրների ղեկավարների միջեւ ըմբռնում կար՝ կարգավիճակի թեմայի շուրջ դեռ պետք է շարունակվեն բանակցությունները, որպեսզի վերջնականապես համաձայնեցվեն այդ հարցերը։ Եվ ինչպիսին էր մեր զարմանքը, երբ 2022 թ-ի աշնանը ինչ-որ տեղ Պրահայում, իմ կարծիքով, «Ֆրանսիայի նախագահ» Մակրոնը եվրոպական քաղաքական հանրության համաժողով էր անցկացնում, որտեղ մեզ եւ ուկրաինացիներին չէին հրավիրել, բայց այնտեղ կային հայեր եւ ադրբեջանցիներ, եւ Մակրոնը Միշելի հետ միասին նրանց առաջարկեցին հանդիպել, եւ հանդիպման ժամանակ նրանք հավանություն տվեցին մի փաստաթղթի, որում ասվում էր, որ Ադրբեջանն ու Հայաստանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991 թ-ի Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն, որոնք համընկնում են ԽՍՀՄ միութենական հանրապետությունների վարչական սահմաններինԱյսինքն՝ Ղարաբաղը Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմաններում է։ Մենք չգիտեինք, որ նման հայտարարություն է պատրաստվում, եւ երբ այն հնչեց, մենք հետեւություն արեցինք ... որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը փակ է, փակ է անձամբ Հայաստանի վարչապետի կողմից: Եվ ահա հենց այնտեղ էր Մակրոնը ... այն, ինչ ցանկանում են մեր արեւմտյան գործընկերները, որպեսզի միայն իրենց տարածքում խաղաղության պայմանագիր ստորագրվի, դա փաստ է...», – ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2023 թ-ի դիվանագիտական գլխավոր արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

Այս համատեքստում ամենեւին էլ զարմանալի չէ, որ նախնական լավատեսութոյւնն առնվազն շրջանակային կամ փոխհամաձայնեցված մեկ այլ համաձայնության՝ լինի դա Մոսկվայում, Թբիլիսիում, Բրյուսելում, թե Վաշինգտոնում, մոտալուտ հեռանկարների վերաբերյալ, տեղի տվեց ավելի թերահավատ գնահատականների։ Դա չի չեղարկում միմյանց ընդառաջ հայտնի քայլերը, ինչպիսիք են, օրինակ, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի եւ Հայաստանի վարչապետի աշխատակազմի նոյեմբերյան համատեղ հայտարարությունը, որը հնարավորություն տվեց փոխանակել ռազմագերիներին եւ վերացնել Երեւանի առարկությունները Բաքվում COP-29 Կլիմայի միջազգային գագաթնաժողովի անցկացման դեմ։ Սակայն լավատեսական սպասումները կրկին վաղաժամ դուրս եկան, քանի որ Կովկասում հայ-ադրբեջանական հակասությունների բարդույթը չի սահմանափակվում երկարաժամկետ հեռանկարում փակված «ղարաբաղյան հարցով» (համենայնդեպս, հետեւողների մեծ մասը այդպես է կարծում)։

Վերջերս բավականին կոշտ ոճով Ալիեւը ծրագրային հարցազրույցում կրկին թվարկել է այն հարցերը, որոնք պաշտոնական Բաքուն մտադիր է լուծել հաղթողի իրավունքով: Եվ դա 2021 թ-ի մայիսին եւ 2022 թ-ի սեպտեմբերին պայմանական սահմանին զբաղեցրած դիրքերից միանգամայն կանխատեսելի կատեգորիկ մերժում է, «որովհետեւ սահմանը պետք է որոշվի»։ Ադրբեջանի ղեկավարի կարծիքով՝ Երեւանի ցանկացծ հավակնություն անհիմն է, քանի որ կողմերի դե ֆակտո գոյություն ունեցող սահմանազատման գծում ոչ մի բնակավայր չկա: Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումը չպետք է կախված լինի սահմանազատման հարցից, կարծում է Ալիեւը, այդ թվում նաեւ այն պատճառով, որ քանի դեռ Բաքուն չի ավարտել սահմանների սահմանազատումը նաեւ այլ հարեւանների, այդ թվում՝ բարեկամ Վրաստանի հետ, որտեղ, հիշեցնենք, տարաձայնությունների առիթներ են մնում Դավիթ Գարեջիի հնագույն վանական համալիրի տարածքում: «Հայաստանը ... օկուպացիայի տակ է պահում մեր գյուղերը, եւ դա անթուլատրելի է։ Կարծում եմ՝ այս ամսվա վերջին տեղի կունենա «միջկառավարական» հանձնաժողովի նիստը, որտեղ հստակություն կմտցվի այս հարցի վերաբերյալ ... գյուղերը պետք է վերադարձվեն մեզ։ Կարելի է համաձայնությն գալ նաեւ անկլավների հետ կապված հանձնաժողովի աշխատանքի արդյունքում։ Այսինքն՝ դա համարում եմ միանգամայն տրամաբանական մոտեցում», - նշել է Ալիեւը։ Որոշ ժամանակ առաջ հայտարարելով նախկին Խորհրդային Հանրապետության սահմաններում 86 600 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող Ադրբեջանի ճանաչման մասին (ինչն ինքնին բավականին տարօրինակ է, թեկուզ այն պատճառով, որ քառակուսի կիլոմետրերի քանակը կարող է փոխվել նաեւ բնական պատճառներով, օրինակ՝ Կասպից ծովի ծանծաղմանը զուգընթաց), Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն նկատի ուներ նաեւ այդ փոքր «կղզյակները», որոնք թույլ են տալիս վերահսկել Արարատյան դաշտը Վրաստանի, ինչպես նաեւ Սյունիքի եւ Իրանի հետ կապող ճանապարհները։

Եթե նախկինում Ղարաբաղի նկատմամբ ռազմական վերահսկողությունը Երեւանին տալիս էր իրավաքաղաքական վիճելի հարցերում գործելու որոշակի ազատություն, ապա այսօր Նիկոլ Փաշինյանի կառավարությունը փորձում է «կառչել» խորհրդային շրջանի վարչական սահմաններից՝ առաջարկելով հետ մղվել 1970-ականների ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի քարտեզներից։ Բայց ահա Բաքվում, պարզվում է, հազիվ թե հակված են դրան համաձայնել՝ հարցականի տակ դնելով այն, ինչ այնտեղ անվանում են 20-րդ դարում մաս-մաս «ադրբեջանական հողերի» հանձնումը Հայաստանին, այդ թվում՝ Երեւանն ու Սյունիքը։

Մեկ այլ կոնֆլիկտային հանգույց կապված է հարավային տարածաշրջանի հետ, որը պայմանավորված է շահագրգիռ կողմերի՝ արտատարածքային Զանգեզուրի միջանցք ունենալու ձգտմամբ, որը ամենակարճ երթուղով կապում է Ադրբեջանի հիմնական տարածքը, Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը եւ Թուրքիան․ «Նախ եւ առաջ նրանք մեզ պետք է անարգել անցում ապահովեն Զանգելանի եւ Օրդուբադի միջեւ ընկած հատվածում։ Դա նրանց պարտավորությունն է:».. Ադրբեջանից Ադրբեջան մեկնող բեռները, քաղաքացիները եւ ավտոտրանսպորտային միջոցները պետք է անցնեն ազատ՝ առանց որեւէ զննման ենթարկվելու եւ մաքսային վարչարարությանը ներգրավվելու... Ադրբեջանից Ադրբեջան մեկնող մարդիկ եւ բեռները պետք է անցնեն առանց որեւէ ստուգման: Հակառակ դեպքում Հայաստանը ընդմիշտ փակուղում կմնա։ Եթե իմ նշած երթուղին չբացվի, մենք մտադիր չենք Հայաստանի հետ սահմանը բացել որեւէ այլ վայրում։ Այսինքն՝ այդպիսով նրանք դրանից ավելի շատ վնաս կստանան, քան օգուտ»։ Հայտնի է՝ Մեղրիով տրանսպորտային հաղորդակցության տարբեր տարբերակներ բազմիցս քննարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Բաքվի եւ Երեւանի միջեւ ընթացող բանակցային գործընթացում: Այն ժամանակ դիտարկվող տարբերակները շատ ավելի ընդունելի էին հայկական կողմի համար, սակայն Ղարաբաղի կորուստը, ազգային անվտանգության առանցքային համակարգերի դեգրադացիայի հետ մեկտեղ, անխուսափելիորեն վտանգի տակ դրեց Սյունիքի անվտանգությունը։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նշել է՝ տարածաշրջանային կոմունիկացիաների աշխատանքի վերաբերյալ Երեւանի հստակ դիրքորոշման բացակայության պատճառով «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի Զանգեզուրի հատվածն այս պահին չի դիտարկվում: Երկաթուղային (Մեղրիով), ինչպես նաեւ ավտոմոբիլային (Սիսիանով, ինչպես խորհրդային տարիներին) հաղորդակցության հիպոթետիկ բացումը կնշանակեր Ադրբեջանի գերակշռող վերահսկողությունը Հայաստանի հարավի նկատմամբ, ինչը ոչ այնքան հեռավոր հեռանկարում կհանգեցնի տարածաշրջանի բնակչության էթնո-կրոնական կազմի փոփոխության։

Անհնար է ուշադրություն չդարձնել Ալիեւի կողմից աշխարհագրական տերմինների կիրառմանը, այդ թվում՝ Հայաստանի տարածքում, բացառապես թյուրքական արտաբերմամբ։ Նա հիշատակում է նաեւ 1918-2020 թվականների «Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության» քարտեզների մասին, որոնք արտացոլում են մերձկասպյան հանրապետության առվել լայն տարածքային նկրտումները Կովկասում։ Ադրբեջանի գործող հիմնական օրենքն ուղղակիորեն հղում է կատարում 1991ի հոկտեմբերի 18-ին ընդունված «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության մասին» աահմանադրական ակտին, որտեղ գրված է․ «1920 թ-ի ապրիլի 27-28-ը ՌԽՖՍՀ-ն... օկուպացրել է Ադրբեջանի ինքնիշխան հանրապետության տարածքը, բռնի ուժով տապալել օրինական ընտրված իշխանության մարմինները եւ վերջ դրել ադրբեջանական ժողովրդի հսկայական զոհերի գնով ձեռք բերված անկախությանը», ինչից հետո «Ադրբեջանը, ինչպես եւ 1806-1828 թվականներին, կրկին բռնակցվել է, ըստ այդմ, ներկայիս Ադրբեջանական Հանրապետությունը իրավահաջորդն է ոչ թե Ադրբեջանական ԽՍՀ-ի, այլ 1918-1920 թվականների «մուսավաթական» հանրապետության, որը սուր հակամարտության մեջ էր գտնվում հարեւան Հայաստանի (որի հետ սահման պարզապես չկար), ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հայերի հետ։

Պատմական նարատիվների օգտագործումը, որոնք հաճախ մեկնաբանվում են շատ կամայականորեն եւ կոչված են օրինականացնելու այս կամ այն քաղաքական-իրավական կառուցվածքը, այս անգամ ուղղված է 2020-2023 թվականների ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված ստատուս քվոյի ամրապնդմանը։ Վերեւում նշվեց՝ վերջին քառորդ դարում Բաքվում արդյունավետ աշխատել են բարենպաստ ռազմական եւ քաղաքական-դիվանագիտական իրողությունների ձեւավորման ուղղությամբ, որոնք թույլ են տվել ոչ միայն արմատապես փոխել ստատուս քվոն, այլեւ լրջորեն մտածել հետագա էքսպանսիայի ուղիների մասին։ Պետք չէ կասկածել՝ հերթական նորամուծություններն իրենց երկար սպասեցնել չեն տա։

Հայաստանի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ խաղաղության համաձայնագրի նախագծում, որը մինչ այժմ փոխանակվել է Երեւանի եւ Բաքվի միջեւ, սահմանադրական փոփոխություններ նախատեսված չեն: Բաքուն, սակայն, իր համար անհարմարություններ է տեսնում Հայաստանի անկախության հռչակագրում. «նրանք բարձրաձայնել են դա, համարել են խնդիր եւ ներկայացրել իրավական հարցեր։ Ըստ այդմ՝ խնդրահարույց ենք համարել դրանց ձեւակերպումները»։ Հայաստանի գործող Սահմանադրության նախաբանում հիշատակվում է 1990ի օգոստոսին ընդունված Անկախության հռչակագիրը, որում, իր հերթին, հիշատակվում է Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989 թ-ի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ որոշումը: Բացի այդ, փաստաթղթի 11-րդ կետի համաձայն՝ «ՀՀ-ն հանդես է գալիս Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում 1915ի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օգտին»: Հազիվ թե պատհական զուգադիպությամբ հունվարի 19-ին Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հայտարարեց Հայաստանում նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին, ինչը կարող է մեկնաբանվել ներքին եւ արտաքին օրակարգի վերջնական «ապաղարաբաղիզացիայի» համատեքստում, ինչպես նաեւ հրաժարվել այն ամենից, ինչը կարող էր գրգռել հարեւան Թուրքիային։

Հայ հասարակությունում զգացվող խորը ազգային նվաստացումը, ապատիան եւ հիասթափությունը, ատելության ու «վհուկների որսի» սրվող մթնոլորտը, արմատական տրամադրությունների աճը հայ-ռուսական քաղաքական եւ ռազմական փոխգործակցության մակարդակը նվազեցնող գործոններից են։ ՀԱՊԿ կառույցներից Հայաստանի հնարավոր դուրս գալը, 102-րդ ռազմաբազայի եւ սահմանապահների դուրսբերումը փոքր երկրի տարածքում կարող է ծնել «սիրիական սցենարի» տարրերի վերարտադրություն, որի դեպքում ազգային տարածքի առանձին հատվածներ փաստացի վերահսկվում են հարեւանների, այլ միջազգային խաղացողների եւ նույնիսկ նրանց առանձին կառույցների կողմից, կամ էլ «գորշ գոտի» են:

Ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի 2024 թ-ի կանխատեսումների թվում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունների հավանական վերսկսումը. «բռնկումների կամ լայնամասշտաբ պատերազմի վերսկսման ռիսկը շարունակում է բարձր մնալ, քանի որ Ադրբեջանը ձգտում է պահպանել Հայաստանի վրա ճնշման լծակները»: Արեւմուտքի հետ ամուր կապերի ակնկալիքով Երեւանը ձգտելու է Բաքվի հետ խաղաղ պայմանավորվածությունների հասնել, սակայն տարածաշրջանային տարանցիկ միջանցքների գործունեության կարգի եւ մեխանիզմների շուրջ տարաձայնությունները նախկինի պես կխոչընդոտեն բանակցւթյուններին: Փետրվարի 7-ի ընտրություններում Ալիեւի հաղթանակից հետո Բաքուն կշարունակի մեծացնել ռազմական ներուժը սահմանամերձ շրջաններում՝ նախապատրաստելով ներխուժում եւ ձգտելով լրացուցիչ լծակներ ձեռք բերել բանակցային գործընթացում: Առաջիկա ամիսներին այն բանի բացակայության դեպքում, ինչը Բաքվում առաջընթաց կհամարեն, մեծ է ամռանը Հայաստանի հարավային սահմաններին սրացման վտանգը։

Երեւանը չի հրաժարվում «խաղաղության օրակարգից», եթե անգամ Բաքուն հետ կանգնի դրանից, վստահեցնում է Նիկոլ Փաշինյանը՝ շեշտը դնելով ոչ այնքան Ռուսաստանի, որքան Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների վրա. «Այստեղ են բոլոր հարցերը, եւ այստեղ են բոլոր հարցերի պատասխանները»: Պետական առանցքային ինստիտուտների պրոգրեսիվ թուլության պայմաններում, լինի դա ազգային-պետական խորհրդանիշ, եկեղեցի, թե բանակ, որոնք հաճախ ուղղակի կամ քողարկված հարձակումների են ենթարկվում գործող իշխանության եւ նրա հետ փոխկապակցված ուժերի կողմից, հայկական պետականության արմատական «վերաձեւակերպման» փորձերը սկզբունքորեն այլ հիմքերով հղի են անկայունությամբ եւ քաղաքացիական առճակատման աճով: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանում սոցիալ-քաղաքական կայունությունը, որը քողարկվում է էքսպանսիոնիզմի տարրերով ազգայնական դիսկուրսով, կարող է հարցականի տակ դրվել աշխարհակարգի հետագա «փլուզման»՝ աճող համաշխարհային եւ տարածաշրջանային տուրբուլենտության իրավիճակում եւ սահող գլոբալ գերիշխանությունը պահպանելու շահագրգիռ ուժերի փորձերին զուգընթաց: Պաշտոնական Բաքվի եւ հավաքական Արեւմուտքի (ԱՄՆ եւ Եվրոպա) կառույցների միջեւ ցուցադրական փոխհրաձգությունները բոլորովին չեն չեղարկում անդրազգային կառույցների սերտ ներգրավվածությունը մերձկասպյան երկրի տնտեսաքաղաքական կառուցվածքում, ինչը կարող է ոչ միանշանակ հետեւանքներ ունենալ «միջօրեական» կոմունիկացիոն նախագծերի համար, օրինակ՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի։ Մերձավոր Արեւելքում ռազմական էսկալացիան, որի առանցքային տարրերից մեկը Իսրայելի եւ Իրանի միջեւ դիմակայությունն է, իր ուղեծրում ավելի ու ավելի է ներգրավում հարեւան տարածաշրջաններին՝ ներառյալ նախկին Խորհրդային Անդրկովկասը: Մյուս տագնապալի պահը Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու հավաքական Արեւմուտքի ակտիվ ջանքերն են, որոնք ուղեկցվում են էթնիկ արմատականության աճով եւ տեղի ժողովուրդներին խորթ քաղաքական ու գաղափարական կառույցների ներթափանցմամբ։

Ռուսական դիվանագիտությունը մշտապես հանդես է գալիս տարածաշրջանային խնդիրների եւ հակասությունների լուծման տարածաշրջանային մեխանիզմների գերակայության օգտին։ Կովկասյան տարածաշրջանի առնչությամբ, խոսքը, մասնավորապես, 3+3 խորհրդատվական ձեւաչափի մասին է, որը ներառում է Ադրբեջանը, Հայաստանը եւ Վրաստանը, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիան եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը: Տարածաշրջանի անվտանգության կառուցվածքում արմատական փոփոխությունները չեն վերացնում փոխշահավետ առեւտրատնտեսական կապերի եւ միջսահմանային հաղորդակցային նախագծերի, նույն՝ «Հյուսիս – Հարավի» կարեւորությունը։ Դրա հետ մեկտեղ տարածաշրջանային եւ արտաքին խաղացողների բազմակողմանի աշխարհաքաղաքական շահերը, որոնք ուղղակիորեն ազդում են տարածաշրջանում հասարակական-քաղաքական բարդ վերափոխումների վրա, հետ են պահում Հարավային Կովկասը խաղաղության գոտի մոտալուտ դարձնելու լավատեսությունից, նույնիսկ եթե Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին ինչ-որ փաստաթուղթ ձեւական ֆորմալ կարգավիճակ ստանա: 

 

Անդրեյ Արեշեւ

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի