կարևոր
2545 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-19 13:28
Հասարակություն

Շատ վատ է, որ չգիտեք ու նախագիծ եք բերել․ Թ․ Ավետիսյանը՝ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցչին

ԱԺ-ը քննարկում է կառավարության հեղինակած «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը ներկայացնում է Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը։ Հիմնական զեկուցողին հարցեր ուղղելուց հետո, իր հիմնական ելույթում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիյանն ասաց, որ իր հարցադրումներին պատշաճ պատասխաններ չտրվեցին, ուստի ելույթով կամբողջացնի դիտարկումները։

 «Էկոնոմիկայի նախարարության պատասխանատուները գնալով ինձ ավելի շատ են զարմացնում»,-ասաց պատգամավորը՝ նշելով, որ բերում են նախագիծը, սակայն որոշ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ չեն կարողանում տալ։

Նշենք, որ նախագծով սահմանվում է հետևյալը՝

«1 ՍԵՅՖ պայմանագրով մի կողմը՝ ներդրողը պարտավորվում է Ընկերության սեփական կապիտալում ներդնել պայմանագրով սահմանված չափի դրամական միջոցներ, իսկ Ընկերությունը պարտավորվում է այդ պայմանագրով սահմանված պայմանների վրա հասնելու դեպքում ապագայում թողարկել եւ մյուս կողմի (ներդրողի) օգտին տեղաբաշխել այդ պայմանագրով որոշված կամ պայմանագրով սահմանված կարգով որոշվող քանակով, տեսակի եւ դասի բաժնետոմսեր:

2. ՍԵՅՖ պայմանագրի կնքման դեպքում ներդրողը` պայմանագրով սահմանված ժամկետում Ընկերությանը հանձնում է պայմանագրով սահմանված չափի դրամական միջոցներ, սակայն Ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը համապատասխան չափով տեղի է ունենում միայն պայմանագրով սահմանված կարգով Ընկերության բաժնետոմսերի թողարկման եւ ներդրողի օգտին տեղաբաշխման դեպքում: ՍԵՅՖ պայմանագիրն ուժի մեջ է մտնում դրա կնքման պահին, սակայն դրա հիման վրա Ընկերության բաժնետոմսերի թողարկման եւ ներդրողի օգտին տեղաբաշխման դեպքում բաժնետոմսերը համարվում են վճարված դրանց տեղաբաշխման պահին:

3. ՍԵՅՖ պայմանագրով սահմանված` Ընկերության բաժնետոմսերի թողարկման եւ ներդրողի օգտին տեղաբաշխման պայմանները վրա հասնելու դեպքում Ընկերությունը պարտավոր է 60-օրյա ժամկետում ՍԵՅՖ պայմանագրով սահմանված բաժնետոմսերը թողարկել եւ ներդրողի օգտին տեղաբաշխել:

4. ՍԵՅՖ պայմանագրի հիման վրա բաժնետոմսերի թողարկման եւ ներդրողի օգտին տեղաբաշխման դեպքում Ընկերության այլ բաժնետերերի կամ Ընկերության կողմից բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունքը չի կիրառվում:

5. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 39.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված կազմակերպությունների կողմից ներդրումներ ներգրավելու կամ ներդրումներ կատարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենքներով եւ նորմատիվ իրավական ակտերով:

6. ՍԵՅՖ պայմանագրով սահմանվում են նաեւ պայմաններ, որոնց վրա հասնելու դեպքում ներդրողի կողմից ՍԵՅՖ պայմանագրի հիման վրա ներդրված գումարին հավասար գումարը ենթակա է ներդրողին վերադարձման, ինչի դեպքում Ընկերության կանոնադրական կապիտալի ավելացում եւ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխում տեղի չի ունենում: ՍԵՅՖ պայմանագրով կարող է նաեւ սահմանվել, որ ներդրված դրամական միջոցների վերադարձման դեպքում Ընկերությունը պարտավոր է ներդրողին վճարել դրանց նկատմամաբ տոկոսներ:

7. ՍԵՅՖ պայմանագիրը հանդիսանում է արժեթուղթ:»

Հարցն ուղղելով հիմնական զեկուցողին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ասաց, որ մի քանի խնդիրներ կան, որ  բերված նախագծով կարգավորված չեն։

Մանրամասն՝ տեսանյութում։