Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տպավորություն ունեմ, որ իշխանություն է ընկել ձեռքներդ՝ չգիտեք ոնց օգտագործեք․ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ հարցականի տակ դնելով նրա անաչառությունը։
«Որերորդ անգամն է՝ «Իմ քայլը» դաշինքի վիրավորական արտահայտություններին չեք արձագանքում, արձագանքում եք միայն ընդդիմությանը․ բայց նորմալ է, դուք՝ ձեր նախագահությունը, դրանով միայն ձեզ եք վնասում»,-ասաց նա։
Նաև տեղեկացրեց, որ հարցումներ է արել և պարզել, որ մարդկանց անձնական տվյալների գաղտնիությունը խախտող աղմկահարույց օրինագծի տապալումից հետո ԱԺ նախագահը տեղյակ է եղել, որ կառավարությունը արտահերթ նիստ հրավիրելու և հարցը նորից նստաշրջանի օրակարգ մտցնելու որոշում է կայացրել, բայց Արարատ Միրզոյանը պատշաճ չի հայտնել ընդդիմությանն այդ մասին և իշխանական 88 պատգամավորով են միայն եկել նիստին մասնակցելու։
«Այդ օրը խռովել եք երևի, որ օրինագիծը տապալվել է։ «Իմ քայլը» խմբակցությունը կարող է խռովել, ԱԺ նախագահը չի կարող․ ԱԺ նախագահը պիտի լինի բոլորի ԱԺ նախագահը։ Խորհրդարանի բնականոն աշխատանքը չի ապահովվել»,-ասաց Մարուքյանը։
Արարատ Միրզոյանը արձագանքեց, որ այդ օրվա նիստի մասին ո՛ր պահին տեղեկացվել է, այդ պահից սկսած տեղեկացրել է բոլոր խմբակցություններին․ «Բոյկոտել եք, ուրեմն մի գցեք ԱԺ նախագահի վրա»։
Անդրադառնալով հայտարարությանը, թե՝ իշխանություն է ընկել ձեռքները, չգիտեն՝ ոնց օգտագործեն, Արարատ Միրզոյանն ասաց․ «Պրն Մարուքյան, այս ձևակերպումը և այդպիսի խոսքերը ինձ չեն վնասում և իմ թաքնված իղձերի մասին չեն խոսում, այլ երևի այդ բառերի հեղինակի»։
Հիշեցնենք, որ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում և Էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որով թույլատրվում է արտակարգ դրության ժամանակ, եթե այն պայմանավորված է համաճարակի հետևանքով ստեղծված իրավիճակով, միջամտել անձնական տվյալների պաշտպանությանը, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությանը, ինչպես նաև հաղորդակցության գաղտնիության իրավունքներին։ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները դեմ արտահայտվեցին օրինագծին։ Հանրային շրջանակները ևս դատապարտեցին օրինագիծը՝ այն համարելով մարդկանց վերահսկելու մեխանիզմ։ Երկրորդ ընթերցման ժամանակ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը, իսկ իշխանական խմբակցության պատգամավորներից այդ պահին ԱԺ-ում ներկա էին 65-ը, մինչդեռ օրինագծի ընդունման համար անհրաժեշտ էր առնվազն 67 ձայն, ուստի նախագիծը չընդունվեց: Ժամեր անց իշխող խմբակցությունը դարձյալ արտահերթ նիստ հրավիրեց կրկին երկու ընթերցմամբ ընդունեց նախագիծը առանց ընդդիմադիրների մասնակցության։
Մանրամասն՝ տեսանյութում․