կարևոր
4312 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-04 13:39
Քաղաքական

Շինծու տվյալներ ու կեղծ լավատեսություն․ 168․am

Շինծու տվյալներ ու կեղծ լավատեսություն․ 168․am

168.am-ը գրում է․ Կառավարությունը հաստատեց և Ազգային ժողով ուղարկեց «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը։

Մինչ առաջիկայում այն կքննարկվի Ազգային ժողովում, նշենք, որ զեկույցում տեղ են գտել փաստեր, որոնք կեղծ են կամ խեղաթյուրված, տերբեր պաշտոնական վիճակագրությունից։

Խոսքը առաջին հերթին ՏՏ ոլորտի ցուցանիշներին ու միտումներին է վերաբերում։

«ՏՏ ոլորտում, ըստ ՀՀ ՊԵԿ-ի տվյալների, 2023 թվականի դեկտեմբերի դրությամբ Հայաստանում գործունեություն է իրականացրել 7 825 գործող ընկերություն՝ 2022 թվականի դեկտեմբերի 5 758 գործող ընկերության համեմատ, իսկ ոլորտի գործող ընկերություններում աշխատակիցների թիվը կազմել է 44 238 մարդ՝ 2022 թվականի դեկտեմբերի 32 208 մարդու համեմատ»,-արձանագրվել է կառավարության զեկույցում։

Թե ՏՏ ոլորտում քանի՞ ընկերություն է գործունեություն իրականացրել և դրանք որքանո՞վ են ավելացել կամ պակասել, պաշտոնական վիճակագրության մեջ դժվար է գտնել։ Փոխարենը աշխատատեղերի վերաբերյալ տվյալները հասանելի են բոլորին ու դրանք վկայում են, որ ի տարբերություն կառավարության զեկույցի՝ անցած տարի ՏՏ ոլորտում աշխատատեղերը ոչ միայն չեն ավելացել, այն էլ ավելի քան 12 հազարով, այլև նվազել են։

Պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է, որ անցած տարվա դեկտեմբերին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում զբաղված է եղել 31 հազար 989 մարդ։

Որտեղի՞ց է կառավարությունը վերցրել, որ անցած տարվա դեկտեմբերին ՏՏ-ում 44 238 մարդ է աշխատել, առավել ևս՝ նրանց քանակը 2022թ. դեկտեմբերի համեմատ 12 հազար 30-ով ավելացրել է, հայտնի չէ։ Այն պարագայում, երբ պաշտոնական վիճակագրության տվյալներով, 2022թ. դեկտեմբերին ՏՏ ոլորտում զբաղված կամ հայտարարագրված է եղել 33 հազար 140, իսկ անցած տարվա դեկտեմբերին՝ 31 հազար 989 մարդ։

Խոսքը ոչ միայն մասնավոր, այլև պետական հատվածում զբաղվածների մասին է։

Այս թվեր վկայում են, որ անցած տարվա դեկտեմբերին ՏՏ ոլորտում ավելի քիչ մարդ է աշխատել, քան մեկ տարի առաջ։ Աշխատողների քանակը կրճատվել է 1151-ով։

2023թ. դեկտեմբերին ՏՏ-ում 4 տոկոսով ավելի քիչ մարդ է զբաղված եղել, քան նախորդ տարվա նույն ամսում։

Սա է պաշտոնական վիճակագության արձանագրումը։

Մեկ տարվա գործունեության հանրագումարում 1151 աշխատատեղ ոլորտում փակվել է։

Այդքան մարդ կորցրել է աշխատանքը կամ հայտարարագրված աշխատատեղերն այդքանով նվազել են։ ՏՏ ոլորտում աշխատատեղերի ի՞նչ աճերի մասին է խոսվում կառավարության զեկույցում, հավանաբար միայն իրենք գիտեն։

Հայտնի է, որ ստեղծված արտաքին նպաստավոր պայմաններում որոշ ժամանակ արձանագրված աճերից հետո, անցած տարվա վերջին ՏՏ ոլորտում զբաղվածների քանակը դադարեց ավելանալ, իսկ արդեն նոյեմբեր-դեկտեմբերին նույնիսկ նվազեց։

Պաշտոնական վիճակագրության համաձայն, անցած տարվա նոյեմբերին ՏՏ-ում զբաղված էր 32 հազար 21 մարդ։ Ընդ որում, մասնավորում ավելի քիչ՝ 31 հազար 720-ը։ Արդեն դեկտեմբերին ՏՏ-ում զբաղված է եղել 31 հազար 989 մարդ, որից մասնավորում 31 հազար 675-ը։

Եթե պետականը մի կողմ դնենք, որտեղ զբաղվածների քանակը 300-ի շրջանակներում է, ապա ստացվում է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնավոր կազմակերպություններում զբաղված աշխատողների քանակը անցած տարվա նոյեմբերին կրճատվել է 831-ով։

Դեկտեմբերին միտումը ավելի է խորացել։

Դեկտեմբերին՝ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ ՏՏ-ում, առանց պետական հատվածի, աշխատողների քանակ կրճատվել է 1325-ով։

Պետականում աշխատատեղերն ավելի քան կրկնապատկվել են, բայց կազմել ընդամենը 314-ը։ Նախորդ տարվա դեկտեմբերին պետական համակարգում զբաղված էր ՏՏ ոլորտի ընդամենը 140 աշխատող։

Նախուրդ տարվա վերջին ՏՏ-ում զբաղվածների քանակի կրճատումը նկատելի էր նաև ամսվա կտրվածքով, նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ոլորտի աշխատողների քանակը նվազել է 30, իսկ դեկտեմբերին՝ նոյեմբերի համեմատ 45-ով։

Զարմանալի չէ, որ արդեն տարվա կտրվածքով աշխատատեղերի կրճատումը ՏՏ-ում, ներառյալ նաև պետական հատվածում զբաղվածները, ըստ պաշտոնական վիճակագրության տվյալների, հասավ 1151-ի։

Սա իհարկե ունի իր պատճառները՝ կապված առաջին հերթին ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո Հայաստան տեղափոխված մասնագետների, նաև ՏՏ ոլորտի բիզնեսի հեռացման հետ։ Բայց դրան չէ, որ ուզում ենք անդրադառնալ։ Ակնհայտ է, որ կառավարության գործունեության վերաբերյալ զեկույցում բոլորովին այլ տվյալներ են ներկայացված ՏՏ ոլորտում զբաղվածության վերաբերյալ։ Ընդ որում, այնպիսի տվյալներ, որոնք էապես տարբերվում են պաշտոնական վիճակագրությանն ցուցանիշներից և ամբողջապես հակառակ տպավորությունն են ստեղծում։

Պաշտոնական վիճակագրությունը ՏՏ-ում աշխատատեղերի կրճատում է գրանցել, իսկ կառավարության զեկույցը՝ ավելացում։ Այն էլ ավելի քան 12 հազարով։

Տարօրինակն այն է, որ երկու դեպքում էլ հղում է արվում Պետական եկամուտների կոմիտի տվյալներին։ Բայց ահա այսպիսի տարբերություն։ Ու այդ տարբերությունը պետք է փնտրել կառավարության զեկույցում, որտեղ, ամենայն հավանականությամբ, փորձել են հնարավորինս ծաղկացնել կառավարության արձանագրած ցուցանիշները։

Եվ դա միայն ՏՏ ոլորտի աշխատատեղերի ցուցանիշներին չի վերաբերում։

Վերաբերում է նաև ՀՆԱ մեջ հարկերի հավաքագրմանը։ Որպեսզի մեծացնեն ցուցանիշը, հարկեր-ՀՆԱ հաշվարկը կատարել են՝ ներառելով նաև հիպոտեկի շրջանակներում վերադարձված եկամտային հարկի գումարները։ Նախկինում դրանք երբեք ներառված չեն եղել հարկեր-ՀՆԱ ցուցանիշի մեջ, քանի որ բյուջեի եկամուտ չեն համարվում։ Այս անգամ հատուկ ներառել են։ Արդյունքում ներկայացրել են, որ ՀՆԱ մեջ հարկերի ցուցանիշը հասցրել են 23,9 տոկոսի։ Այն դեպքում, երբ առանց եկամտային հարկի վերադարձված գումարների՝ 23,4 տոկոսից պակաս է։ Նախկինում այդպես էլ հաշվարկվել է։