կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-09 14:08
Հասարակություն

Սա շինծու, կեղծ տոն չէ, այն ձեռք է բերվել հազարավոր կամավոր հերոս տղաների արյամբ. Տարոն Տոնոյան

Սա շինծու, կեղծ տոն չէ, այն ձեռք է բերվել հազարավոր կամավոր հերոս տղաների արյամբ. Տարոն Տոնոյան

Եռաբլուրում Շուշիի ազատագրման համար նահատակված իր ընկերների շիրիմները խնկարկելու էր եկել նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, Արցախյան ազատամարտին կամավորագրված վիրաբույժ Տարոն Տոնոյանը:

Yerkir.am-ի հետ զրույցում նա ասաց, որ առանց հուզմունքի հնարավոր չէ մոտենալ սրբատեղի բարձունքին ու առանց հուզմունքի հեռանալ այդտեղից: Ըստ Տոնոյանի` իրենց սերունդը շատ կցանկանար, որ այսօրվա օրն իրական տոնի վերածվեր:

«Սա իրական տոն է, սա շինծու ու կեղծ տոն չէ: Տոն է, որը կերտվել, ձեռք է բերվել հազարավոր կամավոր հերոս տղաների արյամբ: Այստեղ հաճախ կուզեի տեսնել երիտասարդ, մատաղ սերնդին: Ճիշտ է` նրանք այստեղ են այժմ, բայց ոչ թե մենք պետք է արժևորենք հաղթանակ բերած այս տղաներին, այլ այն սերունդը, որը վայելում է այդ հաղթանակի քաղցրությունն ու հպարտությունը: Եթե մենք չարժևորենք, չկարողանանք ճիշտ պատկերացնել հաղթանակը, ապա վախենամ, որ հաղթանակներ չունենանք»,- ընդգծեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամը:

Yerkir.am-ի հարցին` «Խաղաղություն` տարածքների դիմաց» թեզը վերջերս հաճախ է հրապարակ նետվում, արդյո՞ք այն ընդունելի է իր համար, ազատամարտիկն արձագանքեց` ինքն իրական, այլ ոչ թե թվացյալ խաղաղության կողմակից է: 

«Խաղաղության միակ գրավականը հզոր ու ուժեղ լինելն է: Մեր բազմադարյա պատմության մեջ հազարավոր պայմանագրեր են գրվել, որ մնացել է թղթի վրա: Մեր խնդիրն ուժեղանալն է, մեր խնդիրը համախմբվելն է, ու մենք ցույց ենք տվել, որ երբ դառնում ենք մեկ բռունցք, անհնար է մեր կամքը կոտրել: Ես խաղաղություն եմ ուզում խաղաղության դիմաց»,- ամփոփեց Տոնոյանը: