կարևոր
4894 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-04 10:17
Քաղաքական

Ազգային արժանապատվության հարցեր․ Ավետիք Իշխանյան

Ազգային արժանապատվության հարցեր․ Ավետիք Իշխանյան

Երկարատև մտորումներից հետո, այնուամենայնիվ որոշեցի անդրադառնալ այս հարցին։

Խոսքը վերաբերում է ազգային արժանապատվությանը։

Առիթ հանդիսացան երկու հանգամանքներ։ Առաջինը, Ուկրաինայի նախագահ Վ․ Զելենսկու նախատեսվող այցը Հայաստան, երկրորդը՝ վարչապետ կոչեցյալի շնորհավորանքը Թուրքիայի նախագահի տարեդարձին։Փաստորեն, վարչապետ կոչեցյալը շնորհավորում է այն մարդուն, որը եղել և մնում է մեր թշնամու թիվ մեկ դաշնակիցը և որի  անմիջական աջակցությամբ կործանվեց Արցախը։Շնորհավորում է մի մարդու, որը ոչ միայն ժխտում է հայոց ցեղասպանությունը, այլև Բաքվում, մեր դեմ տարած հաղթանակի առթիվ իր ելույթում գովերգեց, ցեղասպանության հեղինակներից Էնվեր փաշային։Եվ ի՞նչ եք կարծում, արդյոք, քծնանքը թշնամու հանդեպ՝ դիվանագիտությու՞ն է, թե՞ ողորմելիության հերթական դրսևորում։Ազգային արժանապատվության ոտնահարհման օրինակ է նաև  վարչապետ կոչեցյալի ծնկաչոք բանակցությունները Ադրբեջանի նախագահի հետ, այն դեպքում, երբ Բաքվի զնդաններում տառապում են մեր պատանդ-գերիները։Փաստորեն, մենք ունենք մի իշխանություն, որն իր օրինակով, ոտնահարում է մեր ազգային արժանապատվությունը և ցավոք, նրան են հետևում բազմաթիվ հայաստանյան գործիչներ։

Այդ գործիչներն, իբր «ողբում» էին ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու մահը։Այդ «ողբն» արտահայտվեց, ինչպես ելույթներով, գրառումներով, այնպես էլ Ռուսաստանի դեսպանատան առաջ, սգո և բողոքի հանրահավաքներով։Ի դեպ, այդ նույն գործիչները ցավ չզգացին, ինչպես մեր պարտության, հազարավոր զոհերի, այնպես էլ, Արցախի ցեղասպանությունից հետո։

Ա․ Նավալնին, իր քաղաքական գործունեությունը սկսել է 2000 թվականից, անդամագրվելով ազատական գաղափարախոսություն կրող  «Յաբլոկո» կուսակցությանը։Այնուհետև,2007 թ․, Ա․ Նավալնին կտրուկ փոխեց իր գաղափարական հիմքն, անդամագրվելով ազգայնական «Նարոդ» (Ժողովուրդ) շարժմանը։

Այդ տարիներին Ա․ Նավալնին հայտնի դարձավ, որպես թունդ ռուս ազգայնական գործիչ, որը անզիջում պայքար էր մղում, Ռուսաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների դեմ։

2008 թվականի ռուս-վրացական պատերազմի ժամանակ, Ա․ Նավալնին ողջունեց Ռուսաստանի ռազմական գործողությունները,Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անջատումը Վրաստանից, կոչ անելով Ռուսաստանից արտաքսել բոլոր վրացիներին,նրանց անվանելով «գռիզուններ» (կրծողներ)։

Այդ տարիներին էր, որ Ա․ Նավալնին հայերին, արհամարհական տոնով, անվանում էր՝ «խաչիկներ»,  ինչպես նաև կոչ անում Ռուսաստանից արտաքսել կենտրոնական ասիայի հանրապետությունների բնակիչներին և կովկասցիներին։

Հետագայում, Ա․ Նավալնին ևս մեկ անգամ փոխեց իր քաղաքական կողմնորոշումը, դառնալով կոռուպցիայի դեմ մարտնչող գործիչ։ Հարց է առաջանում, արդյոք, Ա․ Նավալնին, իսկապե՞ս եղել է անկեղծ և հավատացել է, սկզբում ժողովրդավարությանը, ապա դառել թունդ ազգայնական, հետագայում՝ կոռուպցիայի դեմ պայքարող առաջամարտիկ։ Չեմ հավատում։ Ա․ Նավալնին, ոչ թե համոզմունքով, այլ զուտ անձնական շահերից ելնելով՝ պարզ քաղաքական հաշվարկներով է գործել։ Եվ քանի որ, մնալով ազգայնական գործիչ,արևմուտքը կդժվարանար նրան ֆինանսավորել և աջակցել, Ա․ Նավալնին ժամանակին կողմնորոշվեց, դառնալով նույն արևմուտքի սիրելի գործիչը։Եվ արդեն,2014 թվականին, Ա․ Նավալնին սուր քննադատեց Ռուսատանի և Ղրիմի միացումը։Հարց Վ․ Նավալնու հայ երկրպագուներին․ ի՞նչ տարբերություն ռուս-վրացական և ռուս-ուկրաինական պատերազմների միջև։

Եվ իր հակահայկական հայտարարություններով հայտնի գործիչը, 2020 թվականին, հրավիրվում է Հայաստանի հանրային հեռուստատեսությանը հարցազրույցի։Եվ ահա,այս տարի փետրվարին, Ա․ Նավալնու մահը, ինչպես նշեցի, հայ «առաջադեմ» հասարակության համար դարձավ հերթական հակառուսական դիրքորոշման ցուցադրություն։

Հաջորդը փորձենք քննարկել հայ «առաջադեմ» գործիչների թունդ ուկրաինամոլությանը։

Ուղղակի հիշեցնեմ, որ հայ-ադրբեջանական ողջ հակամարտության ընթացքում, Ուկրաինան պաշտոնապես, սկսած առաջին նախագահ Լ․ Կրավչուկից, վերջացրած Վ․ Զելենսկիով, եղել է Ադրբեջանի անթաքույց դաշնակիցը։Դեռևս 90-ականներից, արցախյան առաջին պատերազմի ժամանակ, Ադրբեջանի կողմից մեր դիրքերին էին կրակում ուկրաինացի դիպուկահարները։

2020 թվականին Ուկրաինան ոչ միայն ֆոսֆորային ռումբեր էր մատակարում Ադրբեջանին, այլև վերջինիս  հաղթանակը, բացի Թուրքիայից, պաշտոնապես ողջունեց նաև Ուկրաինան։

Եվ այդ ամենն իմանալով, մեր «առաջադեմ» գործիչները խմբերով, ինչպես 2022, այնպես էլ  2023 թվականին, Հայաստանում Ուկրաինայի դեսպանատանն իրենց աջակցությունն էին հայտնում Ուկրաինային։Նույն գործիչները, կամ նրանց համախոհները հանրահավաքներում, ԱՄՆ-ի, Եվրոմիության դրոշների հետ ծածանում են նաև Ուկրաինայի դրոշը։ Վարչապետուհին բարեկամական այցի է գնում, մարդասիրական օգնություն տանելով Ուկրաինա։

Կարծում եմ, այս երկու օրինակները ցույց են տալիս, որ վերոնշյալ գործիչները բացարձակապես զուրկ են ազգային արժանապատվությունից։ Այլ բացատրություն չկա։ Կարող ես դեմ լինել Ռուսաստանի կողմից տարվող քաղաքականությանը, սուր քննադատել նախագահ Վ․ Պուտինին, բայց աջակցել քո թշնամու դաշնակցին և ողբալ, հակահայկական դիրքորոշում ունեցող գործչի մահը, առնվազն անհասկանալի է։Թերևս, այդ մարդկանց որոշ մասը անտեղյակ է վերը բերված փաստերից և ընդամենը մասնակցում է հակառուսական քարոզչությանը։ Բայց և համոզված եմ, որ նրանց հիմնական հատվածը հիանալի գիտի, ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ա․ Նավալնու հակահայկական դիրքորոշումների մասին։Ուստի, գալիս ենք եզրակացության, որ այդ գործիչներն, ինչպես Հայաստանի իշխանությունը, բացարձակապես զուրկ են ազգային արժանապատվության զգացումից և  կատարում են իրենց տերերի առաջադրանքը՝ հանուն փողի։Անկեղծ ասած, դժվարանում եմ ասել, թե աշխարհում գոյություն ունի՞ մեկ այլ երկիր, որի իշխանությունն ու հասարակության որոշակի մասը զուրկ լինեն ազգային արժանապատվությունից և հանուն փողի պատրաստ լինեն ամեն ինչի։ Դժվար թե։Եվ չե՞ք կարծում, որ հենց այս է մեր դժբախտությունների, եթե ոչ միակ, ապա հիմնական պատճառը։

Ավետիք Իշխանյան