կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-11 13:16
Հասարակություն

Արցախը մեզ համար ազգային արժանապատվության հարց է

Արցախը մեզ համար ազգային արժանապատվության հարց է

Հարցազրոյց ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Տարոն Տեր-Խաչատրյանի հետ

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Արցախի ճակատը տակաւին անհանգիստ է, ու ոչ մէկ երաշխիք չկայ, որ մօտակայ ժամանակին կացութիւնը պիտի հանդարտի: Ի՞նչ քայլեր է ձեռնարկել Դաշնակցութիւնը Արեւմտեան Ամերիկայի տարածքում Արցախին զօրակցութիւն ցոյց տալու:

ՏԱՐՕՆ ՏԷՐ ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ.- Երբ Ապրիլի 2ի առաւօտեան մենք տեղեկացանք, թէ ինչ է կատարւում Արցախում՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, ծանօթացանք Ադրբեջանի ներխուժման ծաւալներին, մեզ պատճառած վնասներին՝ անմիջապէս գործի անցանք: Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտէն յայտարարութեամբ դատապարտեց կատարուածը եւ կոչ ուղղեց Ամերիկայի կառավարութեանը, որ միջամտի եւ այս ոտնձգութեան առաջն առնի: Անշուշտ, համագործակցեցինք միւս ազգային երկու կուսակցութիւնների հետ եւ միացեալ յայտարարութիւն արեցինք, բնականաբար՝ համայնքը կազմակերպելու աշխատանքին յաւելեալ թափ հաղորդելով:

Ապրիլի 2ից, մեր ընթացիկ աշխատանքներին զուգընթաց, կապուեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջէյմս Ուորլիքի հետ՝ իբրեւ ամերիկահայեր պահանջելով, որ Մինսկի խումբը հարկ եղած քայլեր կատարի: Մենք ճնշումներ սկսեցինք գործադրել Վաշինգտոնում Կոնգրեսի եւ Սպիտակ Տան ուղղութեամբ: Քաղաքականից բացի, գործունէութիւն ծաւալեցինք նաեւ համայնքը կազմակերպելու նպատակով, եւ այդ շրջանակներում Կենտրոնական Կոմիտէի կողմից շտաբ ստեղծուեց, որի նպատակն է ՀՅԴի բոլոր կարողականութիւնն, այդ թւում մարդուժը, քաղաքական, քարոզչական ներուժը՝ ծառայեցնի Հայաստանի ու Արցախի համար:

Տարբեր ուղղութիւններով մեր աշխատանքները յաջող ընթացքի մէջ են: Ապրիլի 8ին հանրահաւաք կազմակերպուեց Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան կողմից՝ Լոս Անջելեսում Ադրբեջանի հիւպատոսարանի առաջ: Այս ձեռնարկով, մենք մի քանի պատգամ փոխանցեցինք: Առաջին ուղերձն ուղղուած է Ադրբեջանի կառավարութեանն առ այն, որ տասը միլիոն հայութիւնը միասնական է, եւ իր աւելի քան 140 հազարանոց մասնիկի՝ կարեւոր, էական մասնիկի գոյութիւնը նրանց խնդրոյ առարկան է Արցախում: Երկրորդ կարեւոր հանգամանքն այն էր, հանրահաւաքի անցկացման վայրում բազմաթիւ դիւանագիտական ներկայացուցչութիւններ կան, եւ մեր պատգամը նաեւ նրանց ուղղուեց: Երրորդ պատգամն էլ՝ ներազգային իմաստով մեր ներուժը համադրելու, կեցուածք արտայայտելու հարցն էր, որովհետեւ մեզ համար շատ կարեւոր է, որ ճակատի վրայ կռուող մեր քոյրներն ու եղբայրները ստանան յստակ հասցէագրուած ուղերձ, որ մենք իրենց կողքին ենք հոգեպէս, նիւթապէս, ֆիզիկապէս՝ եթէ հարկ լինի, վաղն առաւօտեան իսկ ճակատի վրայ կը լինենք նրանց կողքին, եւ մեր այլ կարողութիւններով ու ձիրքերով սատարում ենք նրանց: Արցախահայն այսօր, ինչպէս անցեալում, մենակ չէ, քանզի Սփիւռքի, Հայաստանի եղբայրներն իրենց կողքին են:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Քարոզչական պատերազմում եւս Ադրբեջանը դիմում է անազնիւ քայլերի. վերջին օրերին տեղական եւ միջազգային մամուլում ղարաբաղա-ադրբեջանական շփման գօտում տեղի ունեցող իրադարձութիւնները յաճախ ներկայացւում են աղաւաղուած: Այս դաշտում ի՞նչ աշխատանքներ էք իրականացնում:

ՏԱՐՕՆ ՏԷՐ ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ.- Օտար լրատուամիջոցների էջերում եղան չէզոք արտայայտութիւններ, նաեւ իրավիճակը ներկայացուեց այնպէս՝ կարծես երկու կողմերն էլ հաւասարաչափ յանցաւոր են, եւ նմանատիպ այլ յօդուածներ: Այս ամէնից նկատելի էր, որ Ադրբեջանը, գիտենալով, որ նախայարձակ պէտք է լինի՝ պատրաստել էր նաեւ իր քարոզչական արշաւը: Սա մեզ համար յաւելեալ արթնացումի եւ պրօակտիւ կերպով պատրաստուելու ազդանշան է՝ ոչ միայն հակազդելու, նաեւ առիթի դէպքում յարձակուելու: Շիտակ է, որ 22 տարի է անցել եւ կարող էինք կիսաթմբիրի մէջ լինել, մտածել, որ խաբուսիկ խաղաղութիւն գոյութիւն ունի, թեւ այդ տարիների ընթացքում էլ զոհեր ենք ունեցել: Ապրիլի 1ի լոյս 2ի գիշերը ադրբեջանական յարձակումը վերջին ահազանգն էր առաւել աշխուժանալու նաեւ քարոզչական դաշտում, հանրային յարաբերութիւններում, որտեղ թէեւ հասել ենք մեծ արդիւնքների, տակաւին աւելիի՛ անհրաժեշտութիւն կայ: Այս ուղղութեամբ եւս մեր շտաբին յատուկ թելադրանքներ ենք արել: Դէպքերի երկու հնարաւոր զարգացումներին էլ՝ զինադադարի հաստատմանը կամ ռազմական գործողութիւնների թէժացմանը, պէտք է ամբողջապէս պատրաստ լինենք, մեր կարողականութիւնները քառապատկենք եւ այս մարտահրաւէրից յաղթական դուրս գանք:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Արցախին ընդհանրապէս եւ նահատակների ընտանիքներին մասնաւորապէս նիւթական աջակցութիւն հասցնելու ծրագիր ունէ՞ք:

ՏԱՐՕՆ ՏԷՐ ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ.- Բազմաթիւ գաղափարներ կային, թէ ինչպէս կարելի է նիւթական միջոցները հասցնել Հայաստան: Համադրեցինք մեր համաշխարհային կառոյցներին եւ մեր ուղեկից Հայ Օգնութեան Միութեանը հետ, եւ ստեղծուեց հիմնադրամ՝ նուիրատուութիւններ հաւաքելու նպատակով: Դրամահաւաքն օրէցօր աճում է, եւ հաւաքուած ֆինանսական ողջ միջոցները կը բաշխուեն Հայաստանում եւ Արցախում:

Դաշնակցական ընտանիքը, «Մէկ ազգ, մէկ հայրենիք» հասկացողութեամբ, աշխարհասփիւռ կազմակերպութիւն է, որ աւելի քան երեք տասնեակ երկրներում, այդ թւում՝ Աւստրալիայում, Կանադայում, Ամերիկայում, Միջին Արեւելքում, Եւրոպայում, նաեւ Հայաստանում ու Արցախում գործող կառոյցների միջոցով միասնաբար օժանդակութիւն ցուցաբերեց Արցախին: Մեր շարքերից բազմաթիւ մարտիկներ այսօր ճակատներում են, եւ յաւելեալ կարիքի դէպքում, կասկած չունենք, որ թէ՛ մեր կուսակցութեան անդամները եւ թէ հայ ժողովուրդն ընդհանրապէս կը հասնին Արցախ: Գաղտնիք չեմ ասի, եթէ նշեմ, որ այսօր Հայաստան եւ Արցախ մեկնելու բազմաթիւ փափաքողներ ունենք, ովքեր ամէն րոպէ պատրաստ են յայտնուել ռազմադաշտում եւ ամրապնդել պաշտպանողական գծերը: Արիւնով ձեռք բերուած հողը չի յանձնուի, եւ այս հարցում մենք հաստատ ենք իբրեւ շարքային դաշնակցականներ, իբրեւ գաղափարական անձինք: Սփիւռքը, որ իր հսկայական ներդրումն արել է 88ից 94թթ., նաեւ պատրաստ է այսօր, այս դժնդակ պայմաններում պայքարել յանուն հայրենիքի:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Համայնքի միւս կարեւոր կազմակերպութիւնների հետ աշխատանքները համադրելու կամ միասնաբար աշխատելու ուղղութեամբ ի՞նչ քայլերի էք դիմել:

ՏԱՐՕՆ ՏԷՐ ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ.- Լոս Անջելեսում ստեղծուել է Արցախի օգնութեան շտաբ, որտեղ մենք հիմնական դերակատար ենք: Ապրիլի 5ին տեղի ունեցաւ այս մարմնի առաջին ձեռնարկը, որտեղ ուղենշուեցին գործունէութեան յետագայ հնարաւոր ուղղութիւնները: Ինչպէս նշեցի, ՀՕՄի հետ համագործակցում ենք դրամահաւաքի աշխատանքներում: Հայ Երիտասարդաց Դաշնակցութիւնն էլ ունի «Մեր զինուորների հետ» նախաձեռնութիւնը, որը նոյնպէս Արցախին ու մեր ազատամարտիկներին օժանդակելու ուղղութեամբ է աշխատում:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Արցախի եւ Հայաստանի ներկայացուցիչների հետ կապ հաստատե՞լ էք:

ՏԱՐՕՆ ՏԷՐ ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ.- Առաջին օրից, Շաբաթ առաւօտից կապի մէջ ենք եղել Միացեալ Նահանգներում ԼՂՀ ներկայացուցիչ Ռոբերտ Աւետիսեանի, Հայաստանի տարբեր ներկայացուցչութիւնների հետ, որպէսզի անմիջապէս հասկանանք տարողութիւնն այն աշխատանքի, որ պէտք է տեղի ունենար: Գաղտնիք չեմ բացայայտի, եթէ ասեմ, որ առաջին օրուայ մեր ողջ աշխատանքները քաղաքական բնոյթ ունէին, որովհետեւ Երկուշաբթի նախատեսուած էր Մինսկի խմբի հանդիպումը Վիեննայում: Մենք մշտական կապի մէջ էինք ամերիկացի համանախագահ Ուորլիքի հետ, ում հասկացնում էինք, որ խաղաղութեան գործընթացը սկսել է խարխափել, եւ պէտք է դրա առաջն առնել: Նոյն ժամանակ աշխատում էինք Վաշինգտոնում՝ բարձրաստիճան ղեկավարների ու կոնգրեսականների հետ: Մենք հնչեցնում էինք ամերիկահայութեան պաշտօնական տեսակէտը, եւ այն փաստը, որ Ադրբեջանն է նախայարձակ եղել:

Մեծ հարց կայ նախայարձակ մօտեցման մէջ՝ այն նշանակում է կանխամտածուած մօտեցում, որն էլ նշանակում է դիտաւորեալ միտում, սա էինք մենք ընդգծում իւրաքանչիւր զրոյցի ժամանակ: Նաեւ նշում էինք, որ եղածն անընդունելի է, եւ Միացեալ Նահանգները, որպէս Մինսկի խումբի համանախագահ երկիր պէտք է տէր կանգնեն իրենց պատասխանատուութիւններին, որ Ադրբեջանի պահուածքն անընդունելի է, եւ դրա առաջը պէտք է առնուի:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ պատգամ կ՛ուզէք փոխանցել համայնքին։

ՏԱՐՕՆ ՏԷՐ ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ.- Պատգամս ունի մի քանի հիմանական կէտեր: Առաջինն այն է, որ սա մեզ համար դարձաւ յաւելեալ արթնացման առիթ, որ պատրաստ լինենք ամէն տեսակի հաւանականութիւնների եւ օգտագործենք մեր ներուժը ու պատրաստ լինենք օգնելու Արցախին: Համայնքը պէտք է իրազեկուած լինի եւ միշտ պատրաստ: Երկրորդ ուղերձս այն է, որ հայութիւնն ունի Հայաստան եւ Սփիւռք ենթաբաժանումներ, եւ Սփիւռքը պէտք է պաշտօնապէս յայտնի հայաստանցի եւ արցախցի զինուորին, հայկական բանակին, որ իրենք ունեն հսկայական ռազամավարական հնարաւորութիւններ՝ ի դէմս Սփիւռքի: Մենք մեծ աշխատանք ենք կատարում, սակայն անհրաժեշտ է ընդլայնել գործունէութիւնը՝ իբրեւ մէկ ազգ, մէկ հայրենիք ասելու, որ երբ ազգային հիմնական տագնապների, հիմնահարցերի առջեւ ենք՝ մենք միակամ ենք, իշխանամէտ ընդդիմադիրի հասկացողութիւնից դուրս ենք գալիս, եւ բոլորս իբրեւ մէկ մարմին, իբրեւ մէկ բազուկ, այդ կեցուածքը ցոյց տանք: Շատ կարեւոր է, որ Արցախի սահմանները պաշտպանող զինուորը, որ այսօր զէնքը ձեռքին պաշտպանում է հայրենիքը, իր թիկունքում զգայ բազմամիլիոն Սփիւռքի աջակցութիւնը: Երրորդ եւ վերջին պատգամս այն է, որ մենք առհասարակ արեան գնով ենք կարողացել կերտել Սարդարապատներ, Արցախի Հանրապետութիւնը, եւ այդ ճակատամարտերով ու նուաճումներով ձեռք բերուածը մեզ հասցրել է այնպիսի տեղ, որ որեւէ ընկրկում, որեւէ բացթողում, որեւէ տկարացում կարող է ունենալ շատ աւելի մեծ հետեւանք, քան դաշտի վրայ է: Դրա լաւագոյն ապացոյցը դա է, որ հարիւր-երկու հարիւր մետր հողի համար այդքան արիւն թափուեց, եւ դրա մէջ կայ ռազմավարական հասկացողութիւն՝ երբ դու տեղի չես տալիս նոյնիսկ հարիւր մետր կորցնելու: Դա ուղերձ է ոչ միայն քո ժողովրդին, այլ ամէնից առաջ՝ քո թշնամուն, հակառակորդին: Ուրեմն, այս երեք պատգամներով է, որ կարող եմ ամփոփել այսօրուայ մեր մօտեցումն ու մեր տեսակէտները:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Արտահերթ հարց եղաւ նաեւ մի քանի մետր հող կորցնելու մասին… Ինչպէ՞ս կ՛ուզէք ներկայացնել։

ՏԱՐՕՆ ՏԷՐ ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ.- Այն հարցի շուրջ, որ յարձակման առաջին օրերին ադրբեջանական ուժերը մի քանի հարիւր մետր առաջացել էին՝ երկու միտք կ՛ուզեմ ներկայացնել: Առաջինը, որ հարիւր կամ երկու հարիւր մետր թշնամու առաջխաղացման համար դժբախտաբար տուեցինք հսկայական թուով զոհեր: Թէեւ թշնամու մարդկային կորուստների հետ բաղդատած մենք աւելի նպաստաւոր դիրքում էինք, բայց մեզ համար իւրաքանչիւր զինուորի մահը կորուստ է նաեւ ռազմավարական իմաստով, ոչ միայն որովհետեւ թուով քիչ ենք, այլ հիմնականում, որովհետեւ երբ այս երիտասարդ ուժերը կորցնում ենք ռազմադաշտում՝ արիւնով կերտում ենք նաեւ մեր ապագան: Երկրորդ միտքս, որ կ՛ամբողջացնի առաջինը, այն է, որ արիւնով ձեռք բերուած հողը ետ չի տրուի: Ես սա կ՛ուզեմ յստակ ասել՝ մենք արիւնով ձեռք բերեցինք մեր հողերը, ու թէեւ խաղաղութիւն հաստատելու համար կը բանակցենք, սակայն երբ այսքան զոհ տուեցինք մի քանի հարիւր մետր հող վերադարձնելու համար, պատկերացնում էք ի՛նչ կ՛անենք մնացած մեր հողերի համար: Մեզ համար շատ յստակ է, որ մեր հազարաւոր տարիների իրաւունքն է՝ պայքարել մեր հողերի համար, որ 1923ին անարդօրէն մեզնից խլուել էր Ստալինեան մէկ կարգադրութեամբ: 1988ին ձայնը հնչեց Ղարաբաղի լեռներից, հայութիւնը իր Սփիւռքով ու Հայաստանով անսաց այդ ղօղանջին, այնպէս ինչպէս անսաց 1918 թուականի՝ Սարդարապատի, Ղարաքիլիսայի եւ Բաշ Ապարանի մէջ: Մենք մեծ կորուստներ ունեցանք 1991, 92, 93թթ., սակայն ի պատիւ հայ ժողովրդի, կարողացանք յաղթել 1994թ.ին՝ հայկական բնօրրան վերադաձնելով Արցախը, եւ այսօր հպարօտօրէն կարող ենք ասել, որ Արցախը հայ ժողովուրդի եւ ուրեմն նաեւ մեզի համար արժանապատուութեան հարց է եւ որ Հայաստանը ոչ միայն 30 հազար քառ. կմ. է, այլ՝ հայութիւնը ունի 43 հազար քառ. կմ. հող, որ տակաւին մէկ մասնիկն է իր արդար իրաւունքով ունեցած եւ ունենալիք հայրենիքին:

Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

asbarez.com