կարևոր
4591 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-24 15:29
Քաղաքական

«Խոպանչիները» դեռևս չեն էլ պատկերացնում, թե իշխանություններն ինչ ռումբ են դրել իրենց տակ. 168.am

«Խոպանչիները» դեռևս չեն էլ պատկերացնում, թե իշխանություններն ինչ ռումբ են դրել իրենց տակ. 168.am

168.am-ը գրում է. Երբ արտագնա աշխատանքի մեկնողների այլ պետություններում ստացված եկամուտները հարկելու հետ կապված դժգոհությունները դուրս եկան փողոց, իշխանությունները շտապեցին փափուկ բարձ դնել նրանց գլխի տակ։ Հայտարարեցին, թե քննարկումներ են սկսել խնդրի վերաբերյալ, ու կարող է որոշակի վերանայումներ լինեն։

Վերանայումներ գուցե և լինեն, բայց «խոպանչիներին», միևնույն է, հարկելու են։

Կառավարությունը ոչ միայն հակված չէ հրաժարվել դրանից, այլև արդեն ստեղծել է նաև այն օրենսդրական հիմքերը, որոնց շրջանակներում առաջիկայում հարկելու է «խոպանչիներին» ու նրանց ընտանիքների պասիվ եկամուտները։ Խոսքն այն եկամուտների մասին է, որոնք արտագնա աշխատանքի մեկնածները կուղարկեն իրենց ընտանիքներին։

Եթե մինչև հիմա «խոպանչիները» չեն իմացել դրա մասին, նոր են քնից զարթնում, երբ հարկային ծանուցումների միջոցով իրենց մաշկի վրա սկսել են զգալ դրա առաջին արձագանքները, դա չի նշանակում, թե այդպես չի լինելու։

Այն, ինչ հիմա տեղի է ունենում արտագնա աշխատանքի մեկնողների եկամուտները հարկելու շուրջ, արել են այս իշխանությունները։

Ինչին «խոպանչիները» բախվելու են առաջիկայում, եկամուտների համընդհանուր հայտարարագրման ինստիտուտի ներդրման շրջանակներում, էլի արել են այս իշխանությունները։ Որքան էլ փորձեն այս ամենն իրենցից հեռացնել ու բարդել նախկինների վրա, իրականությունից փախչել չեն կարող։

Խնդիրն այն է, որ այս իշխանություններն իշխանության գալուց անմիջապես հետո ստորագրել, այնուհետև վավերացրել են մի փաստաթուղթ, ինչը դարձել է արտագնա աշխատանքի մեկնողների եկամուտները հարկելու հիմքը։

Այս իշխանություններն են Աստանայում 2018թ. նոյեմբերի 2-ին կնքել «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրությունը, որը վավերացվել է 2020թ. փետրվարի 12-ին, Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց գրեթե երկու տարի հետո։

Պետեկամուտների կոմիտեն ինքն էլ խոստովանել է, որ արտագնա աշխատանքի մեկնողներին հարկում են այդ արձանագրության շրջանակներում։

«Նշված արձանագրության շրջանակում հարկային մարմինը ստացել է տեղեկատվություն` ԱՊՀ անդամ պետություններում ֆիզիկական անձանց ստացած եկամուտների մասով:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՊԵԿ-ը, օրենսդրությամբ սահմանված կարգով, ծանուցումներ է ուղարկել ՀՀ հարկային օրենսդրության համաձայն հարկեր հաշվարկելու և վճարելու պարտականություն ունեցող քաղաքացիներին»,-երբ «խոպանչիների» եկամուտները հարկելու շուրջ տեղեկատվությունը դուրս եկավ ջրի երես, դրա օրենսդրական հիմքերի մասին շտապես հայտարարել է Պետեկամուտների կոմիտեն։

Պարզից էլ պարզ է, որ խնդիրն այս փուլում կապված է ստորագրված արձանագրության ու դրա վավերացման հետ։ Իսկ, թե դրանից առաջ ինչ էր սահմանել հարկային օրենսդրությունը, կապ չունի։ Պատահական չէ, որ արձանագրության վավերացումից առաջ որևէ մեկը որևէ «խոպանչուց» հարկ չէր պահանջում, եթե նույնիսկ հարկային օրենսդրությամբ սահմանված էր, որ քաղաքացին պետք է հարկեր վճարի։

Այդ խնդիրը բարձրացավ միայն Աստանայի արձանագրության վավերացումից հետո, որն արել են այս իշխանությունները։ Իրենք կաշան եփել են, ինչպես միշտ, փորձում են դնել նախկինների վրա։ Նախկիններն այստեղ բացարձակ կապ չունեն։

Այն, ինչ արել են, արել են Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը։ Արել են, որպեսզի հարկեն արտագնա աշխատանքի մեկնողների և ոչ միայն նրանց եկամուտները։

Որ իշխանություններն ամեն ինչ անում են «խոպանչիների» եկամուտներից փայ ստանալու համար, միայն սրանով չէ, որ երևում է։ Հայտարարությունները, թե պատրաստ են քննարկել, զիջումներ անել, սահմանաչափ սահմանել և այլն, ընդամենը մարդկանց հանգստացնելու, դժգոհությունները մեղմելու ու լարվածությունը թուլացնելու նպատակ ունի։

Առավել ևս, որ առաջիկայում Հայաստանում ընտրական պրոցեսներ են սպասում, ու նման դժգոհություններն ամենևին էլ իշխանությունների օգտին չեն։ Հատկապես, երբ խոսքը վերաբերում է առավելապես մի տարածաշրջանի, որտեղ անգամ երկրին հասցրած այսքան արհավիրքներից հետո, Նիկոլ Փաշինյանը վստահության պակաս չի ունեցել։

Բայց «խոպանչիներին» հարկելու իշխանությունների հանդգնությունը, կարող է մեծապես խարխլել այդ վստահությունը։ Ուստի՝ շտապեցին հանգստացնել կրքերը։

Գործող օրենսդրության մեջ էլ այս փուլում հավանաբար որոշ փոփոխություններ կանեն, որոշ զիջումների կգնան, բայց դա չի նշանակում, թե այդպիսով հրաժարվելու են արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելուց։ Եկամուտների համընդհանուր հայտարարագրումը, որի մեկնարկն արդեն տրված է, երբ ամբողջությամբ գործի, շատ ավելի լուրջ խնդիր է լինելու «խոպանչիների» ու նրանց ընտանիքների համար։ Ու մինչ այսօր հարկվելու պահանջը ներկայացված է հազար կամ մի քանի հազար մարդու, ապա այն ժամանակ դա վերաբերելու է համատարած բոլորին։ Բոլորն անխտիր հայտնվելու են հարկային մամլիչի տակ ու դրսում աշխատած իրենց գումարներից եկամտային հարկ են վճարելու։

Եթե հիմա դա միայն գրանցվածներին է վերաբերում, եկամուտների հայտարարագրման ինստիտուտի լիարժեք գործարկումից հետո վերաբերելու է նաև չգրանցվածներին։ Ու եթե գրանցվածները եկամտային հարկի դրույքաչափի տարբերության չափով են հարկ տալու, չգրանցվածները՝ ամբողջությամբ։ Այսինքն՝ եկամուտների 20 տոկոսը եկամտային հարկի տեսքով, վճարելու են պետությանը։ Եվ ոչ միայն եկամտային հարկ են վճարելու, այլև սոցիալական վճար։

«Խոպանչիներն» արդեն այս տարի պարտավոր են հայտարարագիր ներկայացնել իրենց անցած տարվա եկամուտների վերաբերյալ։ Հավանաբար դրա մասին դեռ չգիտեն էլ, բայց շուտով նաև դրա հետ են առերեսվելու։

Ու որքան էլ եկամուտների հայտարարագրման օրենսդրության մեջ իշխանությունները որոշակի սահմանաչափ են դրել՝ եկամուտների հարկման ենթակա լինելու մասով, իրականում խորամանկ քայլ են արեն։ «Խոպանչիներին» ուղղակի հարկելու փոխարեն՝ կարող են դա տարածել նրանց ընտանիքների վրա՝ որպես պասիվ եկամուտ ստացողներ։ Այսինքն՝ երբ արտագնա աշխատանք կատարողն իր աշխատած գումարներն ուղարկի իր ընտանիքի անդամներին, նրանք ավտոմատ դառնում են եկամուտ ստացող ու պարտավոր են լինելու, որպես չհարկված եկամուտ, դրանից պետությանը եկամտային հարկ վճարել։ Այս դեպքում, ըստ էության, արտագնա աշխատանքի մեկնողի համար ոչ մի նշանակություն չունի՝ ի՞նքն է ուղղակի վճարում, թե՞ իր ընտանիքի անդամը, որին բանկով տարվա ընթացքում մի քանի անգամ փող է ուղարկել՝ յոլա գնալու համար։

«Խոպանչիները» դեռևս չեն էլ պատկերացնում, թե իշխանություններն ինչ ռումբ են դրել իրենց տակ։ Հետևանքները հետո են տեսնելու։