Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Մեր 44 գերեվարված հայրենակիցներին բարի վերադարձ Հայրենիք: Թող ոչ ոք այլևս չտեսնի այն, ինչ տեսել են նրանք ու իրենց հարազատները:
Շնորհակալ եմ բոլոր մարմիններին ու անձանց, որոնք փոքր-ինչ ներդրում ունեցան գեթ մեկ կյանքի փրկման գործում: Առանձնահատուկ շնորհակալ եմ իմ փոքրիկ թիմին ու կամավորներին՝ պատերազմի թեժ օրերից սկսած գերիների վերաբերյալ անընդհատ տվյալներ հավաքագրելու, վերլուծելու, պատկան մարմիններին ու փաստաբաններին փոխանցելու, հարազատների հետ կապը պահելու և այլ համապատասխան աշխատանքների համար, նաև որոնց շնորհիվ հաջողվել է փրկել զգալի քանակի կյանքեր:
Եվ այդպիսի համակարգված ու ներդաշնակ աշխատանքներ կատարել են մի քանի թիմեր Արցախում և Հայաստանի Հանրապետությունում, որոնց ջանքերի առյուծի բաժինն անտեսանելի է եղել, իսկ արդյունքների մի մասն՝ արդեն այսօր տեսանելի:
Այժմ հարկ է նոր թափով շարունակել ջանքերը, քանի որ Ադրբեջանում դեռ պահվում են որոշակի քանակի հայ գերիներ, որոնց մի մասի վերաբերյալ անհերքելի ապացույցները փոխանցել ու փոխանցում ենք պետական ու միջազգային լիազոր մարմիններին: Բացի նրանցից, դեռ առկա են անհետ կորած բազմաթիվ ռազմագերիներ ու տասնյակ քաղաքացիական անձինք, որոնց մի մասը, հուսանք, ողջ են և նրանց ևս պետք է տուն վերադարձնել, իսկ եթե՝ ողջ չեն, ապա առնվազն պարզել նրանց ճակատագիրը:
Այնպես որ դեռ մեծածավալ անելիքներ կան այս ուղղությամբ, և ես պատրաստ եմ շարունակել առավելագույն աջակցությունս այս գործընթացի հիմնական դերակատարներին, որպեսզի բոլոր հայտնի ու դեռևս անհայտ գերիները կարճ ժամկետում հասնեն իրենց օջախներ»: