Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հ Յ Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ և Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը փետրվարի 9-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրների հետ։ Տեր-Խաչատուրյանը շնորհավորել է 2023թ․ հոկտեմբերին Երևանում կանադական դեսպանատան բացման առթիվ, ինչը նպաստելու է Կանադա-Հայաստան հարաբերությունների զարգացմանը։
Հանդիպման ընթացքում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի կողմից բարձրացված հիմնական հարցերը վերաբերում էին Կանադայից առկա ակնկալիքներին՝ նկատի ունենալով Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների միջոցով Արցախի էթնիկ զտումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները, հատկապես ադրբեջանական սպառնալիքները, Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք փաստացի ներխուժումն ու օկուպացիան և այլն։ Մտահոգություններ են հնչել նաև Կանադայի կառավարության՝ Թուրքիա ռազմական տեխնոլոգիաների արտահանման արգելքը վերացնելու մասին վերջին որոշման վերաբերյալ։ 2020 թ․ հոկտեմբերի սկզբին Օտտավան կասեցրել էր դեպի Թուրքիա ռազմական նշանակության արտադրանքի արտահանման թույլտվությունները՝ մասնավորապես օպտիկական սարքավորումները, որոնք Թուրքիան օգտագործում էր իր անօդաչու թռչող սարքերի մեջ, որոնք էլ այնուհետև ուղարկվում էին դեպի Ադրբեջան և օգտագործվում 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ հայերին թիրախավորելու համար։
Դեսպան Թըրները վերահաստատել է իր կառավարության դիրքորոշումն առ այն, որ պետք է հարգվի Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը, և որ Կանադան վճռականորեն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինչի վկայությունն է ԵՄ մոնիտորինգային առաքելությանը մասնակցելու իր որոշումը՝ ի պատասխան Հայաստանի իշխանությունների պաշտոնական խնդրանքի։ ԵՄ մոնիթորինգային առաքելությունը տեղակայվել է Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում 2022 թ․ հոկտեմբերից՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանի և Ադրբեջանի բնակչության և, հնարավորության դեպքում, նրանց իշխանությունների միջև վստահության ամրապնդմանը։
Մինչ այժմ Կանադան միակ ոչ ԵՄ անդամ երկիրն է, որը տեղում մասնակցում է ԵՄ քաղաքացիական առաքելությանը:
Կանադայի դեսպանը նաև վերահաստատել է, որ կանադացի արտահանողներին ծանուցվել է առ այն, որ նոր պաշտպանական արտահանման համար դիմումները պահանջում են հավաստացիումներ Թուրքիայից, որտեղ նշվում է, թե արդյոք տրամադրված տեխնոլոգիաները վերաարտահանվելու են երրորդ կամ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրներ, և արդյոք դրանք ներառվելու են սպառազինության մեջ: Կանադան պարտավոր է ներպետական օրենսդրության և զենքի առևտրի համաշխարհային պայմանագրի համաձայն՝ կանխելու, հայտնաբերելու և դադարեցնելու ռազմական ապրանքների ուղարկումը դեպի այլ չնախատեսված շահառուների:
90 րոպե տևողությամբ հանդիպումն ավարտվեց երկուստեք պատրաստակամությամբ՝ շարունակել նման հանդիպումները ապագայում և հնարավորության դեպքում համագործակցել փոխշահավետ նախաձեռնություններով՝ տարբեր ոլորտներում ամրապնդելու Կանադա-Հայաստան հարաբերությունները։
Հանդիպմանը ներկա էին նաև ՀՅԴ Բյուրոյի անդամ և Հայ դատի կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը և Կանադայի դեսպանատան քաղաքական խորհրդական Ահարոն Քոուն։