կարևոր
5404 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-12 19:45
Քաղաքական

Նիկոլին ընտրեցինք, որ Վարդենիսը դատարկի՞․ վարդենիսցիներն իրենց պահանջները գրավոր կներկայացնեն ԱԺ

Նիկոլին ընտրեցինք, որ Վարդենիսը դատարկի՞․ վարդենիսցիներն իրենց պահանջները գրավոր կներկայացնեն ԱԺ

Վարդենիսցիները ահազանգում են ու մտահոգություն հայտնում՝ իշխանությունը ուզում է դատարկել Վարդենիսը։ «Առաջ Արցախն էր մեր դարպասը, հիմա չունենք էդ դարպասը, հիմա Վարդենիսն է դարպասը: Էս մեր սարն է, մենք պետք է պահենք, բայց դրա համար պետք է շահագրգռեն, որ Վարդենիսը չլքվի, դառնա Աղդամ: Այստեղ 90 տոկոսն ունակ է զենք վերցնելու, կռվելու: Եվս մեկ անգամ խնդրում եմ Փաշինյանին՝ խնդրում եմ զենք, տանկ, զորք, երիտասարդներին շահագրգռի, որ գան, դառնան մահապարտ» ,-ասաց Մեծ Մասրիկի բնակիչը։

Մեկ այլ վարդենիսցի նշեց․ «Եթե այդպիսի բան չկա, թող հանրային կերպով հանդես գան, ժողովրդին հանգստացնեն։ Ինչ տարել են Վարդենիսից՝ մորգը, սանեպիտկայանը, թող հետ բերեն, հիմա էլ պասպորտսեղանն են ուզում տանեն։ Եթե Վարդենիսը դատարկելու մտադրություն չունեն, թող ինչ տարել են, հետ վերադարձնեն, եթե չէ, ուրեմն հաստատ ուզում են իրականցնեն այդ ծրագիրը։ Ժողովրդի մեջ խուճապ կա, իսկ իրենք այնտեղ հանգիստ նստած են։ Կամ իրենց անվտանգությունը լավ չի աշխատում, կամ էլ հակառակը՝ լավ աշխատում է, բայց իրենց մեկ է: Մենք չենք ուզում քաղաքականaցնել այս հարցը, եկել ենք մեր պահանջը ներկայացնենք։ Նիկոլը ի՞նչ է անում, նրացից ազատվելու համար ընտրեցինք Նիկոլին, հիմա՝ ի՞նչ է անում, Վարդենի՞սն է դատարկում։ Գյուղերը արդեն դատարկում են, ամեն գյուղում 50 փակ դուռ ցույց կտամ»։

Հիշեցնենք՝ Վարդենիս քաղաքի և հարակից գյուղերի բնակիչներն այսօր՝ փետրվարի 12-ին փակել էին քաղաք մտնող գլխավոր ճանապարհը: Նրանք ակցիա էին իրականացնում՝ բողոքելով Վարդենիսի անձնագրային և վիզաների բաժնի գրասենյակը փակելու որոշման դեմ։ Որոշման համաձայն Վարդենիս և Ճամբարակ համայնքների անձնագրային ծառայությունները փակվելու են: Նախատեսվում է Գեղարքունիքի մարզի բոլոր անձնագրային ծառայությունները միացնել Մարտունի համայնքի անձնագրային ծառայությանն ու այն անվանել Միգրացիայի և քաղաքացիական ծառայության Մարտունու բաժին։

Ակցիայի մասնակիցները որոշեցին բացել ճանապարհը՝ պահմանով, որ հանդիպեն մարզպետին։ Հետո, մեկ անգամ ևս փակեցին ճանապարհը։

Մեկ այլ բնակիչ ներկայացնելով մարզպետի հետ հանդիպման արդյունքները՝ մեկնաբանեց․ «Ոնց Նիկոլը լրագրողներին է խաբում, մարզպետն էլ մեզ է խաբում։ Մարզպետը լրիվ խաբուկ տվեց, ինչ հարց տվին՝ խաբեց»։

Պարզվում է անձնագրային ծառայության փակումը դժգոհության միակ պատճառը չէ։ Ակցիայի մասնակիցները նաև ընդգծեցին, որ արոտավայրեր չունեն։ «Ահագին հողեր՝ 130 հեկտարից ավել վաճառվել է արևակայանի համար։ Ժողովուրդը արոտավայր չունի։ Պահանջում են էդ արևակայանը տեղափոխլ, որ ժողովուրդը կարողանա անասնապահությամբ զբաղվի։ էսօր բոլորը վաճառում են իրենց անասուններին։ Մենք էլ համարվում ենք համարյա սահմանամերձ։ Սար ունենք, յայլաները մնացել ա ադրբեջանցիների վերահսկողության ներքո։ Երրորդ կամ չորորդ անգամն է, որ ճանապահ ենք փակում, մարզպետը չի գալիս։ Պատգամավոր ունենք՝ Հայկ Սարգսյանը չի գալիս։ Շատ խիստ զբաղված են իրենք իրենց անձնական գործերով։ Չեն գալիս էս ժողովրդին պատասխան տան»։

Վարդենիսցիները քանի ժամ ակցիա իրականացնելուց հետո որոշեցին դադարեցնել ակցիան ու բացել ճանապարհը։ «Հիմա ճանապարհը բացում ենք։ Այսօր բոլոր համայնքի բնակիչներով հավաքվում ենք։ Մեր որոշումը գրավոր կներկայացնենք ԱԺ, որ ողջամիտ ժամկետում մեր հարցը քննարկեն, մեզ պատասխան տան։ Ի նպաստ, ի օգում մեր ժողովրդի՝ Վարդենիս համայնքի պատասխան տան, մենք պատրաստ ենք մեր հողը մշակելու, մեր երկիրը պահելու, եթե ոչ ըմբոստանալու ենք մինչև վերջ։ Վարդենիսը չի՛ ընկնելու, Վարդենիսը չի ծնկելու» ,-ընդգծեց վարդենիսցին։