կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-15 12:09
Հասարակություն

Մինչ պատգամավորներն առաջարկում են գրավոր դիմել իրենց, հասարակ քաղաքացիներն արդեն օգնություն են տրամադրում 12 երեխաների մորը

Մինչ պատգամավորներն առաջարկում են գրավոր դիմել իրենց, հասարակ քաղաքացիներն  արդեն օգնություն են տրամադրում 12 երեխաների մորը

Yerkir.am-ը գրել էր, որ հինգշաբթի օրը իր վեց մանկահասակ երեխաների հետ կառավարության շենքի մոտ բողոքելու էր եկել Շենգավիթ համայնքի բնակչուհի` 12 երեխաների մայր Արմենուհի Մանուկյանը: Տեսանյութը` այստեղ:


Արմենուհի Մանուկյանը  նշում էր, որ դիմել է պատկան մարմիններին, որ օգնեն, հագուստ տրամադրեն, որպեսզի երեխաները դպրոց հաճախելու համար հագուստ ունենան, սակայն խոստացված օգնությունը ուշանում է, իսկ երեխաները հագուստ չունենալու պատճառով արդեն 2 ամիս է` դպրոց չեն հաճախում:


Yerkir.am-ը հետաքրքրվեց խորհրդարանական ճեպազրույցներին մասնակցող` Շենգավիթ համայնի բնակիչ,  ՕԵԿ-ական պատգամավոր Լևոն Դոխոլյանից, թե տեղյա՞կ է, արդյոք, այդ ընտանիքից և կարո՞ղ է օգնել ինչ-որ բանով:


Լևոն Դոխոլյանը նախ նշեց, թե ԱԺ-ում քննարկվող յուրաքանչյուր օրենք սոցիալական հուզումների առիթ է դառնում, և մարդիկ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում թե' կառավարության շենքի և թե' ԱԺ շենքի առաջ: Հետո նշեց, որ տվյալ ընտանիքի մասին ինֆորմացիա չունի և չի կարող պատասխանել:


Մեր հարցին` կարո՞ղ է ինչ-որ բանով օգնել, ՕԵԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Մեզ չեն դիմել, ինձ, համենայն դեպս, չեն դիմել»:


ՕԵԿ-ական պատգամավոր Մհեր Շահգելդյանն էլ այսպես պատասխանեց. «Թող գրավոր դիմեն մեզ, մեր ուժերի շրջանակում կփորձենք աջակցել: Իհարկե, դա խայտառակ փաստ է, մենք կփորձենք մեր հնարավորությունների շրջանակում աջակցել: Նոր խոսում էինք դեմոգրաֆիական խնդիրների մասին. եթե ընտանիքն ունի 12 երեխա, այդ ընտանիքը, միանշանակ, աջակցության կարիք ունի»:


Ի դեպ, տեսանյութի հրապարակումից հետո` երկու-երեք օրվա ընթացքում, տասնյակ քաղաքացիներ դրամ և հագուստ են հավաքել, որպեսզի օգնեն այդ ընտանիքին: Նաև աշխարհի տարբեր երկրներում բնակվող մի քանի մեծահարուստ հայեր ցանկություն են հայտնել աջակցել այդ ընտանիքին: