կարևոր
4981 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-05 12:22
Քաղաքական

Հայաստանը նոր աշխարհակարգի ձևավորման պայմաններում

Հայաստանը նոր աշխարհակարգի ձևավորման պայմաններում

Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի հետ այսօր փոխվում են հիմնականում արտաքին գործոնների ազդեցությամբ: Այս առումով հատկապես ազդեցիկ է ռուս-ուկրաինական դիմակայությունը: Ադրբեջանի կողմից Հայաստանի անվտանգությանը մշտական սպառնալիքը ավանդական դաշնակցի հետ հարաբերություններում ճգնաժամի ֆոնին անվտանգության արտաքին նոր երաշխիքների որոնման շարժիչ ուժն է։ Անվտանգության խնդիրը Հայաստանի տեսանկյունից ավանդաբար ասոցացվել է Ռուսաստանի հետ։ Հետևաբար մինչև 2020 թվականը այս ուղղությամբ դիվերսիֆիկացման իրական փորձեր չեն արվել և նույնիսկ չեն դիտարկվել:

Սակայն Հայաստանի ղեկավարության տեսանկյունից Ռուսաստանի կողմից պայմանագրի համաձայն զենք մատակարարելու անկարողությունը, 2021 թվականի մայիսին և 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումներին կոշտ պատասխանի բացակայությունը չեզոքացրեցին Մոսկվայի դերը՝ որպես Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխավորի։ Ավելին, Ռուսաստանը այս ճակատագրական պահին՝ 2022 թվականին, Ադրբեջանի հետ դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր ստորագրեց, որը շատ բաներ ակնհայտ դարձրեց: Ստորագրման երևույթը ինքնին նշանակում էր «ինձ վրա հույս չդնեք»: Որքան էլ հետին թվով ռուսական ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձի իր տեսանկյունից ներկայացնել իրավիճակը, փաստերը սրանք են: Ռուսաստանում խուսափում են խոստովանել, որ ուկրաինական խնդրի պարագայում մյուս տարածաշրջանային խնդիրները դառնում են երկրորդական գործընթացներին ակտիվորեն մասնակցելու Մոսկվայի անկարողության պատճառով։ Ուստի, օրինակ, 2008 թվականին վրացական զորքերի կողմից ռուս խաղաղապահների սպանությունը հանգեցրեց լայնածավալ պատերազմի, իսկ 2023 թվականին նույն ռուս խաղաղապահների սպանությունը Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ուժերի կողմից նույնիսկ չդարձավ դրդապատճառ հարաբերությունների դույզն իսկ վերանայման համար։ Երկրորդ՝ Ռուսաստանի համար միջազգային հանրության ներկայացուցիչները բաժանվում են երեք կատեգորիայի՝ բարեկամների, չեզոքների և ոչ բարեկամների։ Հիմնական խնդիրը մի խմբից մյուս խմբին անցնելու հստակ չափանիշների բացակայությունն է։

Օրինակ՝ Հայաստանի կողմից Ուկրաինային գաջեթներ մատակարարելը բուռն, անհարկի, ոչ ադեկվատ, նյարդային արձագանքների է արժանանում Ռուսաստանում, մինչդեռ Ադրբեջանի կողմից ականազերծման սարքավորումների, գեներատորների և հրետանային արկերի տրամադրումը Ուկրաինային նման քննադատության չի արժանանում: Այսինքն՝ մի կողմից՝ Ուկրաինայի նկատմամբ ցանկացած գործողություններ Ռուսաստանի համար զգայուն են, մյուս կողմից՝ կարմիր գծերը, որոնք որպես սահման են ծառայում բարեկամ և ոչ բարեկամ երկրների միջև, խիստ հարափոփոխ են և ոչ առարկայական։ Նման իրավիճակում Հայաստանը ստիպված էր և այժմ էլ ստիպված է զբաղվել սեփական անվտանգության համակարգի պայմանական աութսորսինգով: Մի կողմից՝ հայ-ադրբեջանական սահմանին ներգրավելով ԵՄ առաքելությանը, որը դիտարկվում է որպես զսպող գործոն, մյուս կողմից՝ Հնդկաստանի, Ֆրանսիայի և Հունաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը բարձրացնելով բոլորովին այլ մակարդակի։

Ադրբեջանում նախընտրական փուլ է, ուստի նախագահ Ալիևը սովորականից ավելի բաց է խոսում իր ներկա և ապագա ծրագրերի մասին։ Հուվարի 10-ին նա շուրջ երեք ժամ հարցազրույց է տվել ադրբեջանական մեդիաների լրագրողներին։ Շատ լավ կազմակերպված այդ հարցազրույցը, ըստ էության, Ալիևի նախընտրական քարոզարշավի առաջին մեծ միջոցառումն էր։ Միանգամից նշենք, որ ներկայացվածը փաստացի համապատասխանում էր այն տրամաբանությանն ու կետերին, որոնք ընկած են, այսպես կոչված, «հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունների» հիմքում։

Ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը չի ազատելու 2020 թ. նոյեմբերից հետո գրաված Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը (առնվազն՝ 300 քառակուսի կմ)։ «Զորքերի հայելային հետքաշում» գաղափարի փուչ լինելը հերթական անգամ ապացուցվեց։ «Խաղաղության պայմանագիր» կոչվող թղթում, եթե այն ստորագրվի, որևէ կերպ չի նշվելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը և հստակ տարածքը, հետևաբար Ադրբեջանը ցանկացած պահի կարող է խախտել այն՝ պնդելով, որ «սահման չկա, չկա նաև սահմանի խախտում»։ Ադրբեջանը պահանջում է միջանցք Սյունիքի տարածքով։ Այո՛, հենց միջանցք և ուրիշ ոչ մի բան՝ «անխոչընդոտ անցում» անվան տակ։ Ընդ որում, շատ կոնկրետ տեղով՝ Մեղրիով, քանի որ այն «ամենակարճ և ամենահարմար ճանապարհն է» դեպի Նախիջևան։ Միաժամանակ Ալիևը ակնարկեց, որ ցանկացած պահի կարող է զենքով վերցնել այդ ճանապարհը։ Ադրբեջանը ելնում է այն դրույթից, որ իբրև թե Հայաստանը այս պահին օկուպացրել է Ադրբեջանի 8 գյուղեր, որոնցից 4-ը՝ բուն սահմանին, մյուս 4-ը՝ սահմանից ներս (անկլավի տեսքով)։

Պարտվողական քաղաքականության հետևանք այս շարքը կարելի է անվերջ լրացնել: 2018-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը թույլ տվեց Ադրբեջանի ղեկավարությանը օգտվելու բազմաթիվ սխալներից, և հնարավոր է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կանխամտածված ապակառուցողական գործողություններից՝ դուրս գալու նախկինում սկսված բանակցային գործընթացից և լիարժեք մասշտաբային պատերազմ սկսելու համար։ Բոլորը գիտեն 2020 թվականի Արցախյան 2-րդ պատերազմի հետևանքների մասին, դրանք հայկական կողմի համար մարդկային և տարածքային աննախադեպ կորուստներ են։ Սրանից հետո Ալիևը Փաշինյանին համոզեց բանակցել միայն եվրոպական հարթակներում՝ տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունից համատեղ ազատվելու համար, ինչը խորացավ 2020 թվականի նոյեմբերին Արցախում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի տեղակայմամբ։

2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ստորագրելով Արցախի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության պաշտոնական ճանաչման մասին փաստաթուղթը՝ Փաշինյանը դե ֆակտո և դե յուրե Ադրբեջանի իշխանություններին քարտ բլանշ տվեց՝ շրջափակելու, այնուհետև ռազմական գործողություններ իրականացնելու Արցախի դեմ։ Արդյունքում ավելի քան 120 հազար հայ փախստական է դարձել և լքել հայրենի հողը։ Հիմա Ալիևը առաջ է տանում «ռուսական պլատֆորմը», «3+3»-ի շրջանակներում բանակցությունների տարածաշրջանային ձևաչափը, մինչդեռ 2018-ին իրեն իշխանության բերած արտաքին ուժերից կախման մեջ գտնվող Փաշինյանը չի կարող այդքան հմտորեն մանևրել արտաքին քաղաքական դաշտում, հետևաբար շարունակում է բացառապես ապավինել ԵՄ-ԱՄՆ միջնորդությանը: Այս իրավիճակում Ալիևի դիրքորոշումը Մոսկվայում, Թեհրանում և Անկարայում կընկալվի որպես կառուցողական մոտեցում, իսկ Փաշինյանինը՝ ապակառուցողական։ Կարծում եմ՝ չպետք է որևէ մեկին բացատրել, որ դրանից տուժելու են միայն Հայաստանի բնակիչները:

2021 թվականի մայիսին և 2022 թվականի սեպտեմբերին, Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո Երևանն արդարացիորեն համարեց, որ ՀԱՊԿ-ն անբավարար է արձագանքել Բաքվի ագրեսիային։ 2022 թվականի վերջից Հայաստանի իշխանությունները փաստացի «սառեցրել են» Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ գրեթե բոլոր նախաձեռնություններին։ Ոչ ոք չի վիճարկում այն փաստը, որ ՀԱՊԿ-ում կան խնդիրներ, ըստ էության, ինչպես մյուս միջազգային կազմակերպություններում, քանի որ յուրաքանչյուր երկիր փորձում է ապահովել իր շահերի առավելագույն առաջմղումը, ինչը հանգեցնում է շահերի բախման և գործողությունների արդյունավետության նվազման։ Սակայն փոխզիջում գտնելու և առկա խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է երկխոսություն վարել, այլ ոչ թե խուսափել հանդիպումներից։ Ռազմավարական առումով ՀԱՊԿ-ին մասնակցության «սառեցումը» կամ նրանից դուրս գալը դրական ազդեցություն չի ունենա Հայաստանի համար, այլ կարող է լրացուցիչ խնդիրներ ստեղծել ազգային անվտանգության ապահովման համատեքստում, որից թուրք-ադրբեջանական տանդեմը հմտորեն կօգտվի։

Չպետք է նաև սպասել դրսի օգնությանը: Հայ ժողովուրդը պետք է ապավինի միայն սեփական ռեսուրսներին, որից հետո արտաքին խաղացողներն իրենք ձեռք կմեկնեն Հայաստանին, քանի որ այսօրվա աշխարհում, ինչպես և դարեր շարունակ, ընդունված է հարգել միայն ուժեղներին: Անկեղծ լինենք. չնայած Երևանի բացահայտ ոչ բարյացակամ վերաբերմունքին՝ ՀԱՊԿ-ն անում է հնարավորը համագործակցությունը շարունակելու համար։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանը կշարունակի աշխատանքը կազմակերպությունում և ցավում է, որ հայկական կողմը բարձր մակարդակով ներկայացված չէր Մինսկում կայացած գագաթնաժողովում:

Ռուսաստանի ներկայությունը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Ադրբեջանում, պարզվեց կարող է լինել ոչ այնքան երկարաժամկետ, որքան կարելի էր սպասել երեք տարի առաջ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո։ Թղթի վրա Ռուսաստանը պետք է ստանար հնգամյա, երկարաձգվող մանդատ և 1960 զինվոր տեղակայեր Արցախում: Խնդիր էր դրվել վերահսկել հրադադարի ռեժիմը, երաշխավորել տեղի բնակչության անվտանգությունը և ապահովել հայաբնակ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև անարգել երթևեկը։ Մեր կարծիքով՝ կա մի շատ կարևոր դիտարկում: Ռուսապաշտության և ռուսատյացության իրար համարժեք մոլախոտերը հաղթահարելու համար պետք է կարողանանք ճիշտ գնահատել Ռուսաստանի պահվածքը վերջին 6 տարում՝ առանց ծայրահեղ գնահատականների: Հայկական տարբեր շրջանակներում հաճախ է վիճարկվում այն վարկածը, թե 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմը թույլատրվել է Ռուսաստանի կողմից։ Փաստարկներից մեկն այն է, որ Հայաստանը, Ռուսաստանի հետ լինելով մի քանի ֆորմալ դաշինքների մեջ, թեքվել է դեպի Արևմուտք, և Ռուսաստանը ուղղակիորեն կամ անուղղակիորեն կորցրել է Հարավային Կովկասում առկա անվտանգության հավասարակշռությունը պահպանելու հետաքրքրությունը: Մյուսները պնդում են, որ Ռուսաստանը, օգտագործելով իր ռազմական ներկայությունը Լեռնային Ղարաբաղում, առաջ է քաշել իր աշխարհաքաղաքական հավակնությունները, այդ թվում՝ և Ադրբեջանի դեմ: Խաղաղապահ ուժերը մի կողմից՝ համարվում էին Լեռնային Ղարաբաղում հայերի անվտանգության ապահովման գործիք, իսկ մյուս կողմից՝ ուժային գործառույթ էին իրականացնում թե՛ Բաքվի, թե՛ Երևանի դեմ։

Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումներից և ռուսական խաղաղապահ ուժերի դուրսբերումից հետո Մոսկվայի ազդեցության կենսական լծակները տարածաշրջանում թուլանալու են։ Ռուսաստանի՝ որպես աշխարհաքաղաքական խաղացողի դիրքերը տարածաշրջանում այսօր ավելի թույլ են, քան 2020 թվականի պատերազմից առաջ։ Ադրբեջանն, իր հերթին, փորձում է լրացնել վակուումը: Մինչ Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ գոնե դիվանագիտական ոլորտում վատանում էին, Ադրբեջանի հետ դրանք անշեղորեն բարելավվում էին։ Հավանաբար նախագահ Իլհամ Ալիևը շատ արագ հասկացավ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վերջին տարիներին ստեղծված անվտանգային վակուումը Մոսկվայի համար կարող է լրացվել Ադրբեջանի կողմից։ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հետ պատերազմը սկսելուց անմիջապես առաջ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպեցին Մոսկվայում՝ ստորագրելու դաշինքի 43 կետից բաղկացած նոր համաձայնագիրը։ Մեզ համար առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում ռազմական և էներգետիկ համագործակցության խորացմանը վերաբերող հարցերը։ 2022 թվականի ամռան սկզբին կայացած հանդիպման ժամանակ երկրների ղեկավարներն ընդգծել են, որ համաձայնագիրը մնում է ուժի մեջ։ Մեկ տարի անց՝ 2023 թվականի մայիսին, Իլհամ Ալիևը ուժեղացրեց իր հռետորաբանությունը՝ Ռուսաստանին անվանելով ոչ միայն ոչ պաշտոնական, այլև դե յուրե դաշնակից։ Դա տեղի ունեցավ սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ վերջնական հարձակում սկսելուց ընդամենը մի քանի ամիս առաջ: Այն, որ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը ավտորիտար առաջնորդներ են, որոնց փոխըմբռնման մակարդակն անհասանելի է Նիկոլ Փաշինյանի համար, ավելի է բարդացնում իրավիճակը։ Կրկնենք, որ Ալիևը Ռուսաստանին դաշնակից է անվանել Լեռնային Ղարաբաղի վրա վերջնական հարձակումից մի քանի ամիս առաջ: Սրանք փաստեր են:

Հարձակումից քիչ առաջ

Արցախում էթնիկ զտմանը նախորդող շաբաթների ընթացքում հայ-ռուսական հարաբերություններն արագորեն վատթարացան։ Ռուսական կողմը պնդում է, որ դա տեղի է ունեցել Հայաստանի գործողությունների պատճառով։ Արդյո՞ք միայն Հայաստանի իշխանություններն են մեղավոր: Այս համապատկերին կարելի է առանձնացնել երեք նշանակալից իրադարձություն: Ըստ շրջանառվող լուրերի՝ «Meduza»-ի («Meduza»-ն առցանց հրատարակություն է, որը ստեղծվել է ռուսական «Lenta.ru» լրատվական կայքի աշխատակիցների կողմից) տրամադրության տակ էր հայտնվել ուղեցույց, որը սեպտեմբերի 19-ին ՌԴ նախագահականից ուղարկել են պետական ու Կրեմլի քարոզչությանը ծառայող այլ ԶԼՄ-ների աշխատակիցներին: Դրանում Կրեմլը խորհուրդ էր տալիս Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման մեջ մեղադրել Հայաստանին և արևմտյան երկրներին։ Շեշտը պետք է դրվեր այն փաստի վրա, որ «Հայաստանի ղեկավարությունը ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ», և որպես այս թեզի հաստատում՝ Վլադիմիր Պուտինի աշխատակազմը խորհուրդ է տալիս մեջբերել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում արած հայտարարությունները։ Ամենայն հավանականությամբ Հայաստանի վարչապետին դրդել են անել այս հայտարարությունը արևմտյան «գործընկերները», որոնք պետք է հետևանքների պատասխանատվությունը ամբողջությամբ կիսեն նրա հետ։ «Հայաստանի ղեկավարության որոշումը, որն ինքնին արմատապես փոխեց Արցախի կարգավիճակը, ազդանշան դարձավ Ադրբեջանին՝ գործելու համար, այժմ Բաքուն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ընկալում է որպես իր ներքին գործ»,—ասվում է ձեռնարկի տեքստում։ Կրեմլը խորհուրդ է տալիս իր քարոզչական ապարատին ռուս խաղաղապահներին բնութագրել որպես դիտորդական առաքելություն իրականացնող ուժերի։ Բացի այդ՝ իշխանամետ ԶԼՄ-ներին էլ հորդոր կա պատմել այն մասին, թե ինչպես են խաղաղապահներն օգնում «խաղաղ բնակչության տարհանման հարցում»։ Մասնավորապես խորհուրդ են տալիս նշել, որ մարդիկ «ապաստան» են գտնում ուղղափառ եկեղեցում, որը գտնվում է ռուսական խաղաղապահ զորախմբի բազայում։ Սրանք ևս փաստեր են: Ո՞ւմ են փորձում մոլորեցնել:

Քաղաքացիներն՝ առանց Ռուսաստանի կողմից փաստաթղթով երաշխավորված պաշտպանության

Եկեք դիտարկենք էթնիկ զտումների գործնական կողմը ռուսական քարոզչամեքենայի տեսանկյունից։ Տողերիս հեղինակը ռուս քաղաքական և քաղաքագիտական շրջանակների ներկայացուցիչներից բազմիցս լսել է, որ Արցախում իրադարձություններն անսպասելիորեն շատ արագ ծավալվեցին, և հայերը անսպասելիորեն չդիմադրեցին: Մյուս կողմից՝ նույն շրջանակները ասում էին, որ զարմացած են տասնամսյա շրջափակման պայմաններում հայ բնակչության տոկունությունից:

Ընդ որում, Ադրբեջանի հարձակման մեկնարկից մի քանի շաբաթ առաջ նույն, քիչ թե շատ օբյեկտիվ և խիստ տեղեկացված (չասեմ՝ հայամետ, որովհետև Ռուսաստանի Դաշնությունում չգտնվեց գեթ մեկ հայամետ ֆունցիոներ) շրջանակները խոսում էին այն մասին, որ եթե ոչինչ չփոխվի, բնակչությունը սովի կմատնվի։ Այսօր էլ դժվար է հասկանալ, թե ռուսների ուզածն ի՞նչ է:

Սահմանամերձ գյուղերից բազմաթիվ անկախ վկաներ փաստում են այն մասին, որ ռուսական զորքերը, ադրբեջանական հարձակումների ֆոնին սկսել են նահանջել կամ լուռ դիտորդի պահվածք են դրսևորել: Ականատեսներից մեկը՝ Մարտունի քաղաքում կռված հայ զինվորը, պնդում է, որ ռուսական զորքերը առավոտյան արդեն լքել էին առաջնագիծը։ Վերջին հաշվով, դժվար է հասկանալ, թե Ռուսաստանը աշխարհաքաղաքական առումով ինչ օգուտ քաղեց Արցախում էթնիկ զտումներից։ Ակնհայտ է, որ ներկա փուլում Ռուսաստանի լծակները երկու երկրների վրա էլ նվազել են: Ադրբեջանը փորձում է ապացուցել, որ ինքը Ռուսաստանի համար ավելի վստահելի գործընկեր է, քան Հայաստանը՝ չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանում հասարակական կարծիքը երկար տարիներ արդեն ընդգծված հակառուսական է։ Զուտ այն փաստը, որ Հայաստանի տարածքից Արցախ մտած խաղաղապահ ուժերի մի մասը տարածաշրջանը լքում է Ադրբեջանի տարածքով, ինքնին խոսուն է: Տեղին է ասել, որ սա խորհրդանշում է հարաբերությունների այն փոփոխությունը, որը տեղի է ունեցել վերջին երեք տարիների ընթացքում։ Ինքնախաբեությունը ոչ մի լավ բանի չի բերում: Ակնհայտ է, որ եթե Ռուսաստանը կատարեր 2020 թվականի նոյեմբերի հրադադարի պայմանագիրը, ապա սեպտեմբերին ոչ մի էթնիկ զտում էլ Արցախում տեղի չէր ունենա։ Թեև ՌԴ ղեկավարությունը փորձում է հումանիտար աղետի մեղքը բարդել Հայաստանի ղեկավարության վրա, սակայն անվտանգության համար պատասխանատու է եղել ոչ թե հայկական, այլ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական զորքը։ Կա՞ կասկած, որ քանի դեռ ադրբեջանական ավտորիտար պետությունը հարյուր հազարից ավելի մարդկանց փախստական էր դարձնում, ռուս խաղաղապահները ունեցել են չմիջամտելու հրաման:

Ո՞վ կարող էր այդպիսի հրաման տալ՝ բացի Կրեմլից: Ոչ մի ցանկություն չունենալով արդարացնել Հայաստանի գործող, բոլոր ոլորտներում ապիկար իշխանություններին՝ ստիպված ենք լինելու հետ գնալ 15-20 տարվա կտրվածքով, որպեսզի պարզ ձևով հասկանանք, թե արդյո՞ք մեր ռազմավարական դաշնակիցը իրեն նույն ձևով կպահեր, ասենք 2003-ին, ինչպես իրեն պահեց 2020-ին:

Իրավիճակ է փոխվել

Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի գործողությունները մեծապես ձևավորում են ուժերի նոր հավասարակշռություն Հարավային Կովկասում։ Տարածաշրջանում պատմականորեն ներկա երեք տերությունների գործունեությունը և հարաբերությունները տեսականորեն կարող են նպաստել ռուս-արևմտյան առճակատման տրամաբանությունից դրանց դուրս գալուն։ Չնայած ակնհայտ է, որ այս պահին տարածաշրջանային երեք խաղացողների փոխազդեցությունը ավելի շուտ էսկալացիայի գործոն է, քան դեէսկալացիայի, ինչպես և Սիրիայում, Լիբիայում և այլ տեղերում, որտեղ երեք երկրների շահերի բախումը միշտ էլ լուրջ ռազմական բախումների վերածվելու ներուժ ունի: Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը Հարավային Կովկասի տարածաշրջանում առաջատար խաղացողներն են։

Ռուսաստանի համար Հարավային Կովկասը ամենապայթյունավտանգ տարածաշրջաններից մեկն է, որն ունի ընդհանուր սահման նրա հետ և մի քանի էթնիկ խմբերի, որոնք պատմական և մշակութային առումով ասոցացվում են Ռուսաստանի Դաշնության հետ, երկրորդ հայրենիքն է: Տարածաշրջանի բոլոր երկրների հետ հավասարակշռված և բարեկամական հարաբերությունները մնում են Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը: Ե՛վ հայերը, և՛ ադրբեջանցիները Ռուսաստանում ունեն ստվարաթիվ սփյուռք: Վրաստանը հյուրընկալում է ռուսաստանցի զգալի թվով արտագաղթողների, ինչը տնտեսական համագործակցության նոր հնարավորություններ է բացում Մոսկվայի և Թբիլիսիի համար։ Կովկասը ռազմավարական կարևոր ելք է ապահովում դեպի Կասպից ծով՝ Ռուսաստանը կապելով Իրանի և Պարսից ծոցի հետ։

Տարածաշրջանի համար առանձնահատուկ նշանակություն ունի ռուսական ռազմական օբյեկտների տեղակայման փաստը: Որքան էլ ռուսական կողմը փորձի նվազեցնել Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի կարևորությունը, անհերքելի է նրա դերը այլ դերակատարների ազդեցության ընդլայնումը հարավային սահմանների վրա նվազեցնելու առումով և մյուս կողմից ՝ նրանց հետագա ներթափանցումը Կենտրոնական Ասիա կանխելու հարցում: Անկարայի աշխարհաքաղաքական հարթության մեջ Ադրբեջանը առանցքային էներգետիկ գործընկեր է ինչպես Թուրքիային էներգակիրների մատակարարման, այնպես էլ այդ երկիրը Միջերկրական ծովի ամենամեծ էներգետիկ հանգույցի վերածելու համատեքստում: Բացի այդ՝ Ադրբեջանը կարևոր շուկա է թուրքական արտադրանքի, մասնավորապես՝ զենքի համար։ Ստանձնելով Թուրքիայի ռազմաքաղաքական և տնտեսական աջակցության «ցուցափեղկի» դերը՝ Բաքուն Թուրքիային հնարավորություն տվեց ընդլայնելու իր ազդեցությունը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ թյուրքական աշխարհում։ Վրաստանն իր հերթին ապահովում է Ադրբեջանի և Թուրքիայի միջև կապը:

Թերևս տեսանելի ապագայում Վրաստանը կմնա թուրքական ռազմավարական պլանավորման կենտրոնական տարրը, որը կապում է Անկարային իր եվրասիական գործընկերների հետ: Ընդ որում, չնայած Վրաստանը լռում է՝ այդ երկրում չեն կարող չգիտակցել, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումը իրենց տնտեսության համար մահացու կլինի: Հարավային Կովկասում Իրանի շահերը կապված են երեք գործոնների հետ՝ անվտանգություն, էներգետիկ ռեսուրսներ և մեկուսացումից դուրս գալու փորձեր։ Նախ՝ Իրանի սահմաններին արևմտյան բլոկի տերությունների, հատկապես՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմաքաղաքական ներկայությունը Թեհրանի կողմից ընկալվում է որպես ազգային անվտանգության ամենալուրջ սպառնալիք, երկրորդ՝ Հարավային Կովկասը Իրանի համար չափազանց կարևոր է դեպի Կասպից ծով և նրա ռեսուրսներ, ինչպես նաև կովկասյան տարածաշրջանով անցնող եվրասիական տրանսպորտային և լոգիստիկ միջանցքների համար: Ըստ այդմ՝ Հարավային Կովկասը ռազմավարական նշանակություն ունի բոլոր երեք դերակատարների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համար։ Սա էներգառեսուրսների կարևոր աղբյուր է, վաճառքի շուկա և լայն իմաստով կարևոր տարանցիկ տարածք, որտեղ հենակետ ձեռք բերելով՝ գերիշխող ուժը կկարողանա առանցքային դիրք զբաղեցնել եվրասիական տրանսպորտի և լոգիստիկ հոսքերում։ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ռազմաքաղաքական ներկայությունը Հարավային Կովկասում բարդ է, միաժամանակ դինամիկ: Յուրաքանչյուր երկիր ձգտում է առաջ մղել սեփական շահերը, ապահովել իր սահմանների անվտանգությունը՝ միաժամանակ հավասարակշռելով հարաբերությունները տարածաշրջանային այլ տերությունների հետ։

Իրանի ռազմաքաղաքական ներկայությունը Հարավային Կովկասում. մարտահրավերներ և հնարավորություններ Ռուսաստանի համար

Իրանն այսօր ռազմաքաղաքական ոլորտում փոխգործակցում է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ։ Իրանը Հայաստանի հետ ակտիվ միջգերատեսչական համագործակցություն է պահպանում: Չնայած մշակութային և կրոնական տարբերություններին՝ Իրանը Հայաստանին դիտարկում է որպես վստահելի գործընկեր։ 2016 և 2022 թվականներին Երևանի և Թեհրանի միջև ռազմաքաղաքական հարաբերությունները սկսեցին ինստիտուցիոնալ ձև ստանալ՝ փոխըմբռնման հուշագրերի և ականազերծման ոլորտում համագործակցության տեսքով։ Կողմերը մասնակցում են նաև բազմակողմ վարժանքներին (օրինակ՝ «Кавказ (Կովկաս) -2020»)։

Ադրբեջանի դեպքում Իրանի ռազմաքաղաքական փոխգործակցության ինտենսիվությունն ավելի թույլ է, սակայն կողմերը կապեր են պահպանում և պարբերաբար վարժանքներ են անցկացնում Կասպից ծովում։ Կասպից ծովի ավազանում անվտանգության պահպանման ոլորտում համագործակցությունը կառուցված է մի շարք համաձայնագրերի հիման վրա, որոնք ստորագրել են նաև Ղազախստանը, Ռուսաստանը և Թուրքմենստանը: Կարևորվում են «Կասպից ծովի ծովային միջավայրի պաշտպանության շրջանակային կոնվենցիան», 2006, 2010 թվականներին կնքված «Կասպից ծովի անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագրերը», 2018 թվականի՝ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան։ Իրանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերություններում կարևոր դեր է հատկացվում եվրասիական լայնածավալ նախագծերի նախաձեռնությունների իրականացմանը, որը ներառում է բնական գազի տարանցումը Թուրքմենստանից Ադրբեջան Իսլամական Հանրապետության տարածքով և «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը:

Իրանը չեզոք դիրք է գրավում հայ-ադրբեջանական հակամարտությունում, սակայն մտահոգություն է հայտնում Իսրայելի և Թուրքիայի հետ Բաքվի սերտ կապերի պատճառով։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Թեհրանի վերաբերմունքը Բաքվի նկատմամբ դարձավ ավելի զգուշավոր, քանի որ Ադրբեջանի հաղթանակը նշանավորեց տարածաշրջանում Իրանի նկատմամբ թշնամական մտադրություններ ունեցող ուժերի ներկայության և ազդեցության աճ։ Հաշվի առնելով, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան Իրանի համար տարածաշրջանային մրցակից է, իսկ Իսրայելը՝ անմիջական հակառակորդ, Բաքվի սերտ շփումները նրանց հետ այսպես, թե այնպես բացասական հետք են թողնում իրանա-ադրբեջանական հարաբերությունների վրա։ Ի թիվս այլ հարցերի՝ հայ-ադրբեջանական դիմակայության համատեքստում Իրանն ունի անվտանգության ռազմավարական կարևոր խնդիր՝ հայ-իրանական սահմանի անձեռնմխելիությունը։ Ադրբեջան-Թուրքիա տանդեմը հայտարարում է հայ-իրանական սահմանի երկայնքով «Զանգեզուրի միջանցք» բացելու մտադրության մասին, ինչը կարող է հանգեցնել Հայաստանի հետ Իրանի ուղիղ կապի փակմանը, ինչպես նաև Բաքվին թույլ կտա կապ հաստատել իր էքսկլավ Նախիջևանի հետ: Դրանով նաև Ադրբեջանը Թուրքիայի հետ կարող է հաստատել ուղիղ կապ՝ Հարավային Կովկասում ստեղծելով «թյուրքական գոտի»։ Այս դեպքում Իրանը հանդես է գալիս որպես Ռուսաստանի իրավիճակային դաշնակից՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ Մոսկվան և Թեհրանը խթանում են տրանսպորտային և լոգիստիկ նախագիծը՝ «Հյուսիս-Հարավ» ՄՏԿ-ն: Կարևոր է նշել, որ Ռուսաստանը դեմ չէ Զանգեզուրի միջանցքի բացմանը, սակայն նոյեմբերի 9-ի համաձայնագրի պայմաններով, որը տրանսպորտային միջանցքների վերահսկողությունը տալիս է ՌԴ ԱԴԾ-ին։

Ընդհանրապես, Իրանին Հարավային Կովկասում կարելի է բնութագրել որպես «սպասող տերություն», որը կարող է տիրանալ այլ պետությունների կողմից զբաղեցրած ռազմաքաղաքական խորշերին։ Այսպիսով՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության լույսի ներքո ռուսական ռեսուրսների սահմանափակության, ինչպես նաև ռազմական տեխնիկայի արդիականացման և բանակի կատարելագործման համար Հայաստանի լրացուցիչ ռեսուրսների անհրաժեշտության պատճառով իրանական զենքի (մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի, OTRK) աճող հեղինակությունը թույլ է տալիս, որպեսզի Թեհրանը ապագայում դուրս գա զենքի տարածաշրջանային շուկա: Սակայն այսօր Թեհրանն իր արտաքին քաղաքականության մեջ հավատարիմ է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջև հավասարության պահպանմանը և զերծ է մնում ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին զենք մատակարարելուց։

Ռուսաստանի ռազմաքաղաքական ներկայությունը Հարավային Կովկասում

Ռազմաքաղաքական ոլորտում Ռուսաստանի և Հարավային Կովկասի երկրների միջև ինստիտուցիոնալ համագործակցությունը՝ բացառությամբ Վրաստանի, լայն է և խոր։ Առաջին հարավկովկասյան երկիրը, որի հետ Ռուսաստանը կապեր հաստատեց անվտանգության և պաշտպանության ոլորտում, Հայաստանն էր։ Այսպես՝ «Հայաստանում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին» համաձայնագրի համաձայն՝ Երևանն իր տարածքում Թուրքիայի և Իրանի հետ պետական սահմանի պաշտպանության հարցերը պատվիրակել է սահմանապահ զորքերին։ Ավելին, երկու երկրների պայմանագրային բազան շատ ավելի լայն է, քան Ռուսաստանի և Ադրբեջանի միջև։ Բայց Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ռազմաքաղաքական համագործակցության ոլորտում ստորագրվեցին նոր պայմանագրեր: 2022 թվականի առաջին կիսամյակում ստորագրվեց երկու ռազմավարական փաստաթուղթ (Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը և երկու երկրների արտաքին հետախուզական ծառայությունների միջև համագործակցության համաձայնագիրը), ինչը վկայում է փոխգործակցության խորացման մասին։ Աբխազիայի և Հարավային Օսիայի դեպքում տեսանելի է հանրապետությունների անվտանգության ոլորտի՝ ռուսական կառույցներին առավելագույն ինտեգրման միտում։ Ռազմական համագործակցության ոլորտում մասամբ ճանաչված հանրապետությունների հետ պայմանագրերի կնքումը աստիճանական և առաջադեմ բնույթ է կրում և նրանց անվտանգության երաշխիքն է։

Հայաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ ստորագրված պայմանագրերի մեծ մասը դրույթներ է պարունակում սահմանների պաշտպանության ապահովման, ռուսական ռազմակայանների տեղակայման, կողմերից մեկի վրա հարձակման դեպքում օգնություն տրամադրելու և ռազմատեխնիկական համագործակցության մասին, մինչդեռ ադրբեջանական կողմի հիմնական փոխգործակցությունը տեղի է ունենում ռազմատեխնիկական համագործակցության միջոցով, իսկ վերջերս փոխգործակցություն է հաստատվել Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին հետախուզական ծառայությունների միջև։ Հարավային Կովկասում Ռուսաստանի ժամանակակից արտաքին քաղաքականության բոլորովին նոր պրակտիկա է դարձել կենսաբանական անվտանգության ոլորտում հուշագրերի կնքումը, օրինակ՝ այն ստորագրվել է 2021 թվականին Հայաստանի հետ։ Ռուսաստանն ունի ռազմակայանների ցանց, ինչը թույլ է տալիս արագ արձագանքել իր հարավային սահմաններին նետված մարտահրավերներին:

Վերջին տասնամյակի ընթացքում այդ օբյեկտները ենթարկվել են արդիականացման և հզորացման գործընթացին, հատկապես Հայաստանի և Աբխազիայի բազաները: Ընդ որում, Ռուսաստանը բացարձակապես բոլոր ռազմական օբյեկտները վարձակալում է անվճար: Հենակետերի նյութատեխնիկական ապահովումը մեծապես կրում է ընդունող կողմը: Ռուսական ռազմական ներկայության առաջատարը Հայաստանն է, որի տարածքում տեղակայված է 102-րդ բազան՝ հագեցած արդիականացված զինատեսակներով և ունի 3,5-ից մինչև 5 հազար զինվորական։ 102-րդ բազայի ավիացիոն բաղադրիչը գտնվում է Երևանի մերձակայքում գտնվող Էրեբունի ռազմական օդանավակայանում։ Օդանավակայանը շահագործում են Հայաստանի ռազմաօդային ուժերը և Ռուսաստանի օդատիեզերական ուժերը, որտեղ տեղակայված է ռուսական 3624-րդ ավիաբազան։ Ղարաբաղյան 2-րդ պատերազմից հետո ՌԴ զինված ուժերը զգալիորեն ավելացան և ընդլայնեցին իրենց ներկայությունը հանրապետությունում՝ նոր դիրքեր գրավելով Սյունիքի մարզում։

Եթե դիտարկենք Լեռնային Ղարաբաղը, ինչպես պահանջում է միջազգային իրավունքը, այն է՝ որպես Ադրբեջանի մաս, ապա կարելի է պնդել, որ հարավկովկասյան այս հանրապետության տարածքում ռուսական զորքերը ներկա են 1960 հոգանոց խաղաղապահ կոնտինգենտի տեսքով։ Լեռնային Ղարաբաղում գտնվելու ընդամենը երկու տարվա ընթացքում Ռուսաստանին հաջողվեց Ստեփանակերտի մոտ կառուցել լիարժեք ռազմական ճամբար և ամրացնել անցակետերը խրամատներով ու բետոնե բլոկներով։ Ռուսաստանի զինված ուժերն ունեն նաև իրենց ռազմավարական օբյեկտները Աբխազիայում և Հարավային Օսիայում։ Այսպես՝ Աբխազիայում այսօր գործում է 7-րդ ռազմաբազան, որը ներառում է 17 ռազմական օբյեկտ, ինչպես նաև օդանավակայան և նավահանգիստ Սև ծովի ափին, իսկ Հարավային Օսիայում տեղակայված է 4-րդ գվարդիական ռազմակայանը՝ թվով 7 ռազմական օբյեկտ։ Նշված բազաներից յուրաքանչյուրն ունի մոտ 4 հազար զինվորական։ Հարավային Կովկասը շարունակում է մնալ մի տարածաշրջան, որտեղ հակամարտությունները լուծվում են խորհրդային կամ ռուսական արտադրության զենքերով։

Միայն Վրաստանը կարողացավ մասամբ հրաժարվել ռուսական մատակարարումներից՝ զենք և պահեստամասեր ձեռք բերելով հետխորհրդային այլ երկրներից և համայնավարական բլոկի նախկին երկրներից։ Ռուսական սպառազինության հիմնական գնորդը Ադրբեջանն էր: Ռուսաստանից Ադրբեջան մատակարարվում էին ժամանակակից ծանր սպառազինության համակարգեր՝ Տ-90С տանկեր, ԲՄՊ-3, «Սմերչ» հրթիռային համակարգ, ՏՕՍ-1Ա «Սոլնցեպեկ» ծանր կրականետ և այլն։ 2011-2014 թթ․ Բաքուն Ռուսաստանից գնել է թվով 24 «Մի-35Մ» տրանսպորտային և մարտական ուղղաթիռ և թվով 71 «Մի-17-1Վ» բազմաֆունկցիոնալ ուղղաթիռ։ Մինչև 2018 թվականը Ադրբեջանը Ռուսաստանից գնել է ավելի քան 5 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական արտադրանք, ինչը հանրապետության զինված ուժերի արդիականացման կարևոր բաղադրիչ է։ Սակայն մոտավորապես 2018 թվականից սկսված՝ Ռուսաստանից Ադրբեջան մատակարարումները սկսեցին նվազել Բաքվի վարած դիվերսիֆիկացման քաղաքականության պատճառով: Ռուսները դուրս են մղվել Իսրայելի և Թուրքիայի կողմից։ Եթե 2011–2020 թթ․ Ռուսաստանը Ադրբեջանին մատակարարել է Հարավային Կովկասի հանրապետության կողմից ներկրված ողջ սպառազինության 60 տոկոսը, ապա 2015-2019 թթ. նրա մասնաբաժինը 31 տոկոս էր, իսկ Իսրայելինը` 60 տոկոս։ Սրա հետ Ռուսաստանը մնում էր Հայաստանին զենքի հիմնական մատակարարը 2011-ից 2020 թվականներին։ Ռուսաստանի Դաշնությանը բաժին է ընկել հանրապետության կողմից ներկրված սպառազինությունների 94 տոկոսը՝ առաքումներ կատարելով կա՛մ ապառիկով՝ փոքր տոկոսադրույքով, կա՛մ ռուսական ներքին գներով:

Այս ժամանակահատվածում Հայաստան մատակարարվել են զրահափոխադրիչներ, հակաօդային պաշտպանության համակարգեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (MLRS) և տանկեր: 2016 թվականին Հայաստանը ձեռք էր բերել չորս «Իսկանդեր» մարտավարական հրթիռային համալիր և դրանց համար նախատեսված 25 հրթիռ։ 2018 թվականից Հայաստանը սկսել է գնել ավելի ժամանակակից սպառազինություն։ Վերջապես, աբխազական և հարավօսական բանակները՝ ինտեգրված ռուսական ռազմական պլանավորմանը, լիովին կախված են Ռուսաստանի ֆինանսական և ռազմական օգնությունից, ինչը Մոսկվային դարձնում է հանրապետությունների հիմնական և միակ ռազմավարական դաշնակիցը: Տարածաշրջանի պետությունների հետ Ռուսաստանի կադրային կապերը լայն տարածում ունեն։ Մոսկվան ակտիվ քաղաքականություն է իրականացնում ռուսական ռազմաուսումնական հաստատություններում Հարավային Կովկասի երկրների զինվորականներին ներգրավելու, համատեղ վարժանքներ կազմակերպելու, մարտավարական գործողություններ վարելու և այլ հարցերում։ Եթե Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ նման միջոցառումներ սկսել են անցկացվել ոչ վաղ անցյալում, ապա Ադրբեջանի և Հայաստանի հետ փոխգործակցության մեծ փորձ կա, և զորավարժությունները պարբերական բնույթ են կրել։

Հայտնի է, որ 2018 թվականին Ռուսաստանում վերապատրաստում է անցել 132 ադրբեջանցի զինվորական, իսկ 2019 թվականին նրանց են միացել ևս 74-ը։ Այնուամենայնիվ, Հայաստանը շարունակում է մնալ առաջատարը, որտեղից 2018 թվականին վերապատրաստման և ռազմական կրթության համար ժամանել են 215 սպա և կուրսանտ։ Այս ոլորտը օտարերկրյա պետությունների հետ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության կարևոր բաղադրիչն է, քանի որ այդ կերպ նրանցից է ձևավորվում ապագա ռազմական էլիտան։ Այս ամենը մշակվում է համատեղ զորավարժությունների հետ, որոնք ամեն տարի տեղի են ունենում ինչպես Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ Հարավային Կովկասի հանրապետությունների տարածքներում։ Ավելին, Հարավային Կովկասի երկրները՝ բացառությամբ Վրաստանի, ամեն տարի մասնակցում են միջազգային բանակային խաղերին, ինչը յուրատեսակ միավորող գործոն է ծառայում։ Այսպիսով՝ Ռուսաստանի ռազմաքաղաքական ներկայությունը Հարավային Կովկասում շատ ընդգրկուն է և զարգացած։ Միակ երկիրը, որի հետ Ռուսաստանը ռազմաքաղաքական ոլորտում հարաբերություններ չունի, Վրաստանն է։ Չնայած Ադրբեջանը լայն կապեր է պահպանում ՆԱՏՕ-ի երկրների, հատկապես՝ Թուրքիայի հետ, սակայն նա ռուսական զենքի գնորդ է և պահպանում է «բարեկամական չեզոքություն» Ռուսաստանի նկատմամբ։

Չնայած հարաբերությունների սառեցմանը՝ Հայաստանը մնում է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը և ռազմատեխնիկական ոլորտում մեծապես կախված է Մոսկվայից։ Աբխազիան և Հարավային Օսիան դե ֆակտո տարածաշրջանում Ռուսաստանի պաշտոնական ռազմական ներկայության շարունակությունն են։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանն ավելի շատ է ներգրավված Հարավային Կովկասի հակամարտությունների մեջ, քան մյուս դերակատարները: Ռուսաստանի Դաշնությունը փորձում է պահպանել ազդեցությունը հայ-ադրբեջանական հակամարտության երկու կողմերի վրա՝ այսօր էլ առաջ քաշելով ուժերի հավասարակշռությունը պահպանելու չափազանց բարդ խնդիր, որը մյուս երկրները, հատկապես՝ Թուրքիան, ակտիվորեն փորձում են խախտել:

Թուրքիայի ռազմաքաղաքական ներկայությունը Հարավային Կովկասում. մարտավարական, թե՞ ռազմավարական սպառնալիք

Տարածաշրջանում Թուրքիայի ռազմաքաղաքական ներկայությունը տարասեռ է: 1990-ականներից Անկարան խոր և ռազմավարական հարաբերություններ է կառուցել Բաքվի հետ, որոնք վերջնականապես ձևավորվեցին վերջին տասնամյակում՝ վերածվելով ռազմական դաշինքի: Թուրքական և ադրբեջանական հանրապետությունների միջև առաջին համաձայնագրերը կնքվել են 1992 թվականին և վերաբերում են թուրք զինվորականների կողմից ադրբեջանցի սպաների պատրաստմանը։ Համաձայնագրերի հաջորդ փաթեթը կնքվել է 1996-ին և 1997-ին, երբ կողմերը պայմանավորվել են գլխավոր շտաբների մակարդակով համագործակցության մասին և համապատասխանաբար ընդունել ռազմավարական համագործակցության խորացման համատեղ հռչակագիր։ Պայմանագրային բազան զգալիորեն ընդլայնվեց 2000-ականներին, երբ ստորագրվեցին մի քանի արձանագրություններ՝ ռազմական տեղագրության ոլորտում համագործակցության, Բաքվում ռազմական ուսումնական կենտրոնի ստեղծման, համատեղ ռազմական գնումների և ռազմարդյունաբերական համագործակցության վերաբերյալ։ 2010 թվականին Թուրքիան և Ադրբեջանը ստորագրեցին ռազմավարական գործընկերության և փոխօգնության մասին համաձայնագիր, որը վերջնականապես պաշտոնականացրեց երկու երկրների ռազմական դաշինքը և նոր փուլ բացեց նրանց փոխգործակցության հարցում։ Հենց այս տասնամյակում թուրք-ադրբեջանական համագործակցության ինստիտուցիոնալ շրջանակը լցվեց ռազմաքաղաքական բովանդակությամբ՝ ուժեղացված ռազմական մատակարարումների և ուսումնական ծրագրերի տեսքով։

Միաժամանակ գործարկվեց նաև թուրք-ադրբեջանական համագործակցության համակարգող մարմինը՝ ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհուրդը։ Բովանդակային առումով թուրք-ադրբեջանական հարաբերությունները եզակի են՝ համեմատած մյուս խոշոր տերությունների փոխգործակցության հարավկովկասյան պետությունների հետ։ Սրանք երկու երկրներ են, որոնք միավորված են լեզվով, մշակույթով և պատմությամբ։ Մեծ մասամբ Թուրքիայի օգնությամբ Ադրբեջանը կարողացավ ստեղծել ժամանակակից, պրոֆեսիոնալ բանակ, որը հաղթեց 44-օրյա պատերազմում։ Այսպիսով՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում թուրք-ադրբեջանական համագործակցության հաջողությունը հանգեցրեց Շուշիի հռչակագրի ստորագրմանը, որը կոչված էր նոր փուլ սկզբնավորելու Բաքվի և Անկարայի ռազմավարական դաշինքում։ Բացի այդ՝ հռչակագրի ստորագրումը դե յուրե բացում է Ադրբեջանում թուրքական ռազմաբազա ստեղծելու հնարավորությունը։ Թուրքիայի և Վրաստանի միջև ռազմաքաղաքական համագործակցությունը լայնածավալ չէ, ինչպես թուրք-ադրբեջանականը, այլ կենտրոնացած է մի շարք առանցքային ոլորտներում (ենթակառուցվածքային օբյեկտների պաշտպանություն, անձնակազմի պատրաստում և համատեղ վարժանքներ): Վրաց-թուրքական փոխգործակցության առանձնահատկությունն այն է, որ Անկարան նախընտրում է Վրաստանի հետ հարաբերությունները կառուցել ճկուն ձևաչափով՝ Ադրբեջանի ներգրավմամբ։ Նման եռանկյունու ստեղծումը պայմանավորված է Թուրքիայի աշխարհաքաղաքական պատկերացումներում Վրաստանի դիրքով: Թուրքիայի համար Վրաստանը ընդամենը տարածք է, որը Անկարային տանում է դեպի Կասպից ծովի ռեսուրսները, իսկ լայն իմաստով՝ եվրասիական «նոր Մետաքսի ճանապարհ է»: 2002 թվականին Տրապիզոնում պայմանագիր է ստորագրվել Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև, որով կողմերը պարտավորվել են համագործակցել ենթակառուցվածքային կառույցների անվտանգության ոլորտում։ Թուրք-վրացական անվտանգության հարաբերություններին նոր լիցք հաղորդեց 2012 թվականին Տրապիզոնի հռչակագրի ստորագրումը։ Փաստաթղթում ընդգծվում է քաղաքական և պաշտպանական ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու ցանկությունը։ Բացի այդ՝ 2013 թվականին Բաթումիի գագաթնաժողովում ընդունվեց 2013–2015 թվականների եռակողմ գործողությունների ծրագիրը:

2016 թվականին Գաբալայում կայացած եռակողմ գագաթնաժողովում կողմերը պայմանավորվել են համատեղ վարժանքներ անցկացնել։ Ի վերջո 2018 թվականին պաշտպանության նախարարների հաջորդ եռակողմ գագաթնաժողովում ստորագրվել է պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության հուշագիր։ Ընդհանուր առմամբ, եռակողմ ձևաչափը կարելի է համարել Անկարայի հաջողված արտաքին քաղաքական գործիքը, որը հստակորեն ցույց է տալիս Վրաստանի տարանցիկ բնույթը։ Միևնույն ժամանակ Թուրքիային չի կարելի համարել վրացական ուղղությամբ անվտանգության կարևոր դերակատար։ Անկարան Թբիլիսիի հետ կապված ՆԱՏՕ-ի շահերի առաջնորդը չէ։ Հարավային Կովկասում Թուրքիայի ռազմաքաղաքական ներկայության առանցքային և ամենաարդյունավետ տարրը ռազմական պատրաստության ծրագրերն են և համատեղ վարժանքները։ Թուրքական ռազմական ակադեմիաները, որոնք ավարտել են հազարավոր ադրբեջանցի զինվորականներ, ձևավորել են Ադրբեջանի ժամանակակից բանակի տեսքը, հանգեցրել են հանրապետության զինված ուժերում դավանաբանական փոփոխություններին և ստեղծել թյուրքական «ռազմական եղբայրության» ֆենոմենը։ 2019 թվականի դրությամբ թուրքական ռազմական ակադեմիաներով անցել է ավելի քան 7 հազար ադրբեջանցի զինվորական։ Ամեն տարի ավելի քան երկու հարյուր ադրբեջանցի սպաներ սովորում են Թուրքիայում՝ Թուրքիայի ազգային պաշտպանության համալսարանի հովանու ներքո։ 2022 թվականին Ադրբեջանը ներկայացրեց ռազմական կրթության համակարգը թուրքական ձևով վերակազմավորելու փաստը՝ հայտարարելով սեփական ազգային պաշտպանության համալսարանի ստեղծման մասին։ Ի թիվս այլ բաների՝ Ադրբեջանի զինված ուժերի հրամանատարության և վերահսկման սկզբունքները և համակցված սպառազինության մարտավարությունը, թուրքական մեկնաբանությամբ, մոտ են ՆԱՏՕ-ի չափանիշներին։ Այնուամենայնիվ, Անկարայի և Բաքվի միջև ռազմավարական գործընկերության ոչ պակաս կարևոր տարր են զորավարժությունները, որոնք վերջին տասը տարիների ընթացքում կրում են համակարգային բնույթ։

Այսպես՝ 2018 թվականին անցկացվել է յոթ համատեղ վարժանք, իսկ 2019 թվականին՝ տասներեք։ Նման զորավարժությունների հիմնական նպատակը Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի միջև օպերատիվ փոխգործակցության ուժեղացումն է։ Պարբերական զորավարժությունները շարունակվել են 44-օրյա պատերազմից հետո՝ 2021 թվականի հոկտեմբերին, Նախիջևանում, իսկ 2022 թվականի սեպտեմբերին՝ ռազմաօդային ուժերի վարժանքներ «TurAz Qartali» («Թուրք-ադրբեջանական արծիվ»): Թուրքիան Վրաստանի հետ աշխատում է հիմնականում հատուկ գործողությունների ուժերի էլիտար ստորաբաժանումների պատրաստման ոլորտում, ինչպես նաև ձգտում է ընդլայնել Վրաստանի զինված ուժերի հետ փոխգործակցության տարածքը, ընդ որում, դրանք հիմնականում հիմնված են արևմտյան ուսումնական ծրագրերի վրա։ «Կովկասյան արծիվ» կոչվող առաջին համատեղ զորավարժությունները մեկնարկել են 2017 թվականին։ Զորավարժություններին ներգրավվել են Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի հատուկ նշանակության ստորաբաժանումները։ Նման զորավարժություններ տեղի են ունեցել նաև 2019 և 2021 թվականներին։ Բացի այդ՝ Բաքուն, Թբիլիսին և Անկարան 2021 թվականից անցկացնում են ամենամյա համակցված սպառազինության «Հավերժություն» զորավարժությունները։ 2016 թվականին Գաբալայում կայացած գագաթնաժողովում կողմերը պայմանավորվեցին ստեղծել հատուկ դասընթացներ MTR-ի համար Վրաստանում՝ Սաչխերեի հանքարդյունաբերության ուսուցման դպրոցի հիման վրա: Ընդհանուր առմամբ, եռակողմ վարժություններն ունեն ընդգծված մասնագիտացված բնույթ (SSO):

Թուրքական զենքի մատակարարումները Ադրբեջան, թեև բազմիցս զիջում են ռուսականին, սակայն ԼՂ երկրորդ պատերազմի ժամանակ լրատվամիջոցներում լայն արձագանք ունեցան, հատկապես թուրքական գրոհային անօդաչու սարքերի կիրառման փաստը: Ներկայում Թուրքիան տրամադրում է սպառազինությունների սահմանափակ տեսականի՝ թեթև զրահատեխնիկա, հրթիռային համակարգեր, անօդաչու թռչող սարքեր, փոքր զենքեր, կապի, ուղղորդման և գիշերային տեսողության սարքեր։ Հատկանշական է, որ թուրք-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության առաջին ոլորտը եղել են թեթև և հրետանային զենքերը, ուղղորդման և կապի համակարգերը։ 2000 թվականին Թուրքիան Ադրբեջանի ռազմածովային ուժերին է փոխանցել AB-25 տիպի AB-34 պարեկային նավը, իսկ 2013–2014 թթ. Ադրբեջանը գնել է «Բորա» 12 տրամաչափի թվով 200 դիպուկահար հրացան։ Բացի այդ՝ Անկարան Բաքվին մատակարարել է «Օտոկար» ընկերության արտադրած «Կոբրա» տեսակի անիվավոր զրահամեքենաներ։ 2022 թվականի սկզբի դրությամբ Ադրբեջանի զինված ուժերում կար 35 նման զրահամեքենա։ Թուրքական արտադրության համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը (ՀԿՌՀ) դարձան ադրբեջանական բանակի համար կարևոր ձեռքբերում։ Բաքուն ձեռք է բերել 30 հատ T-107, 40 հատ T-122 «Sakarya» և 21 հատ T-300 «Kasirga» M հրթիռային համակարգեր: Այնուամենայնիվ, ռազմատեխնիկական համագործակցության ամենահարուստ տարրը թուրքական «Bayraktar» TB2 անօդաչու թռչող սարքերի և STM «Kargu-2» թափառող զինամթերքի մատակարարումն էր:

Այլ անօդաչու թռչող սարքերի հետ՝ հիմնականում իսրայելական արտադրության, թուրքական անօդաչու թռչող սարքերը նշանակալի դեր են խաղացել հայկական դիրքերի կրակը ճնշելու և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հակաօդային պաշտպանության ոչնչացման գործում։

Պատերազմից հետո Բաքուն որոշեց ընդլայնել համագործակցությունը Անկարայի հետ անօդաչու թռչող սարքերի ոլորտում: Բանակցություններ են տարվում Ադրբեջանում անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրություն բացելու վերաբերյալ, այդ թվում՝ «Աքինջի» կոչվող նոր ծանր հարվածային անօդաչու թռչող սարքերի: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա Թուրքիան Հարավային Կովկասի այս հանրապետության համար զենքի էական մատակարար չէ։ 2001 թվականին Անկարան Թբիլիսի տեղափոխեց երկու «Bell UH-1H Utility Helicopter» ուղղաթիռներ: Այդ ընթացքում 2008-2009 թթ․ Թբիլիսին գնել է 76 «Nurol Ejder» զրահափոխադրիչ, 100 «Otokar Cobra» զրահամեքենա, երկու MRTP 33 դասի «Patrol Boat» տեսակի պարեկային նավ և մեկ MRTP 21 դասի պարեկային նավ։ 2020 թվականից Թուրքիան սկսել է վրացական բանակին ոչ մահաբեր զենքի կանոնավոր անվճար մատակարարումներ։ 2020 թվականին առաքվել է 12 զրահապատ էքսկավատոր և չորս բեռնատար: 2021 թվականին՝ հեռաչափեր և ինժեներական սարքավորումներ: Այսօր Թուրքիայի ռազմական օգնությունը Վրաստանին ավելի շատ խորհրդանշական բնույթ է կրում։ Այսպիսով՝ Թուրքիան իր դերն ու կշիռն ունի տարածաշրջանային հարցերում. նա հանդես է գալիս որպես կարևոր գործընկեր Ադրբեջանի և Վրաստանի համար և Հարավային Կովկասի հանրապետություններին առաջարկում է այլընտրանք Ռուսաստանին, ԱՄՆ-ին և արևմտյան այլ երկրների՝ իրենց զբաղեցրած ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում։ Սա Թուրքիայի մրցակցային առավելությունն է, որը թույլ է տալիս Անկարային նշանակալի դեր խաղալ Հարավային Կովկասում՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջև առճակատման լույսի ներքո։ Բայց, չնայած այն հանգամանքին, որ Շուշիի հռչակագիրը անուղղակիորեն ենթադրում է Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմաբազաներ ստեղծելու հնարավորություն, Անկարան դեռ չունի նման ռազմական օբյեկտներ Հարավային Կովկասում։

Այնուամենայնիվ, Թուրքիան պարբերաբար համատեղ զորավարժությունների ժամանակ իր ուժերն է տեղակայում ադրբեջանական տարածքում, ինչը վկայում է Անկարայի կողմից ադրբեջանական տարածքի զարգացման գործընթացի մեկնարկի մասին։ Ընդհանուր առմամբ, թուրքական անվտանգային քաղաքականությունը Հարավային Կովկասում բազմազան է։ Մինչ Անկարան լիարժեք ռազմավարական դաշինք է կառուցել Բաքվի հետ, Թուրքիայի Հանրապետությունը Թբիլիսիի հետ համագործակցում է ավելի ճկուն և մասնագիտացված ձևաչափով՝ Վրաստանի հետ համագործակցությունը կապելով Ադրբեջանի հետ իր հարաբերությունների և տարածաշրջանում ընդհանուր շահերի հետ: Թուրքական քաղաքականության ուղղվածությունը սկզբունքորեն հակառուսական է։ Ադրբեջանի վերջնական կլանումը Թուրքիայի կողմից ռազմավարական մարտահրավեր է ռուսական շահերին: Վրաստանի հետ Թուրքիայի համագործակցությունն ինքնին էական վտանգ չի ներկայացնում, սակայն Թբիլիսիի ներգրավվածությունը Անկարայի գլխավորած եռակողմ ձևաչափերում մարտահրավեր է: Թբիլիսիի և Բաքվի դիրքերի սերտաճումը անվտանգության ոլորտում անբարենպաստ է Մոսկվայի համար։

Եզրակացություն

Տարածաշրջանային երեք խաղացողները՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան ձգտում են կառուցել տարածաշրջանում ներկայության երեք տարբեր մոդելներ՝ սեփական շահերն առաջ մղելու համար: Ռուսաստանը, որպես ԽՍՀՄ-ի և Ռուսական կայսրության իրավահաջորդ, ունի ամենատարբեր և խոր ներկայությունը։ Սակայն Մոսկվան ներգրավված է Հարավային Կովկասում առկա բոլոր հակամարտությունների մեջ, ինչը մյուս խաղացողների ներթափանցման հետ մեծապես սահմանափակում է մանևրելու հնարավորությունը։ Մոսկվայի պարտավորությունները դաշնակիցներ Աբխազիայի, Հարավային Օսիայի և Հայաստանի նկատմամբ սահմանում են Ադրբեջանի և Վրաստանի հետ մերձեցման սահմանը։ Այդուհանդերձ, տարածաշրջանային խաղացողների թվում չկան պետություններ, որոնք կարող են ամբողջությամբ փոխարինել Մոսկվային զենքի մատակարարման ոլորտում և, ընդհանրապես, որպես իշխանություն պրոյեկտելու ունակ դերակատար լինել։

Իրանն օգտվում է տարածաշրջանում 2020 թվականից հետո ստեղծված իրավիճակից սեփական դիրքերը ամրապնդելու նպատակով՝ առաջին հերթին կառուցելով հարաբերություններ Հայաստանի հետ։ Թեհրանը կարող է Երևանին զենք առաջարկել այն պայմաններում, երբ ռուսական մատակարարումների հնարավորությունները սահմանափակ են հատուկ գործողության պատճառով։ Այնուամենայնիվ, Իրանի շահերը պահանջում են թույլ չտալ ինչպես թուրքական (թյուրքական), այնպես էլ արևմտյան (ամերիկա-իսրայելական) ազդեցության ուժեղացումը։ Իրանը հայտարարել է Զանգեզուրի միջանցքի ուժային բացմանը ռազմականորեն հակազդելու պատրաստակամության մասին։ Թեհրանն առավել ևս մտահոգված է Ադրբեջանի և Իսրայելի ռազմատեխնիկական համագործակցությամբ։ Ստեղծված իրավիճակը Իրանին հնարավորություն է տալիս ավելի ակտիվ դիրքորոշվել՝ օգտվելով Մոսկվայի սահմանափակ մանևրից և Անկարայի հստակ դիրքորոշումից։ Երկարաժամկետ հեռանկարում իրանական ազդեցության ուժեղացումը կվնասի ռուսական շահերին, սակայն կարճաժամկետ հեռանկարում անվտանգության ոլորտում Ռուսաստանի Դաշնությունն ու Իրանը իրավիճակային գործընկերներ են։

Թուրքիան չափազանց ակտիվ քաղաքականություն է վարում Հարավային Կովկասում՝ փորձելով առավելագույն դիվիդենտներ ստանալ 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակից։ Անկարան շարունակում է զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը Բաքվի հետ և ձգտում է Թբիլիսիին ներգրավել բազմակողմ ձևաչափերում։ Միևնույն ժամանակ Թուրքիայի միանշանակ դիրքորոշումը ղարաբաղյան ճգնաժամի և Զանգեզուրի միջանցքի հարցում նրան թույլ չի տալիս հանդես գալու որպես խաղաղարար և տարածաշրջանային կայունության երաշխավոր։ Ընդհանուր առմամբ, ներկա պայմաններում Անկարան մոտ է տարածաշրջանում իր ազդեցության սահմանագծին հասնելուն։ Սակայն երկարաժամկետ հեռանկարում թուրքական ազդեցության շարունակական ներթափանցումն Ադրբեջան վտանգ է ներկայացնում Ռուսաստանի Դաշնության շահերի համար, քանի որ խոսքը Ադրբեջանի ինքնիշխանության դանդաղ կլանման մասին է։ Տարածաշրջանային երեք խաղացողների գործողությունները մեծապես ձևավորում են ուժերի նոր հավասարակշռություն Հարավային Կովկասում։ Տարածաշրջանում պատմականորեն ներկա երեք տերությունների գործունեությունը տեսականորեն կարող է նպաստել ռուս-արևմտյան առճակատման տրամաբանությունից նրա դուրս գալուն։ Այնուամենայնիվ, այս պահին Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի փոխգործակցությունն ավելի հավանական է, որ ավելի շուտ էսկալացիայի գործոն լինի, քան դեէսկալացիայի: Դա պայմանավորված է նրանով, որ Հարավային Կովկասն ավելի հետաքրքիր է տարածաշրջանային եռյակի երկրների համար՝ որպես տարանցիկ տարածք, որն ապահովում է կապ Ասիայի, Մերձավոր Արևելքի և Սևծովյան տարածաշրջանի հետ։ Այս նկատառումներն են ընկած Հարավային Կովկասում ձևավորվող ուժերի նոր հարաբերակցության հիմքում։

Սարգիս Սարգսյան

«Դրօշակ» թիվ 1, 2024թ.