Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքական գործիչների՝ աշխարհում խոշորագույն հանդիպումը, որի ընթացքում նրանք պատասխանում են պաշտպանության և արտաքին քաղաքականության հարցերին, նվիրված կլինի համաշխարհային ճգնաժամերի հաղթահարմանը, և պարզ է մեկ բան՝ ԱՄՆ-ն ու Եվրոպան կորցրել են իրենց գերազանցությունը. ըստ yerkir.am-ի՝ գրում է գերմանական Handelsblatt պարբերականը՝ անդրադառնալով փետրվարի 14-ից 16-ը Մյունխենում անցկացվելիք՝ անվտանգության հարցերով համաժողովին, որը, ըստ թերթի, հավանորեն, կցուցադրի Արևմուտքի անօգնական լինելը:
Համաժողովի ղեկավար Վոլֆգանգ Իշինգերը թերթին ասել է, որ Արևմուտքը, որն աշխարհակարգի հիմքն էր, ճնշման տակ է, իսկ երկուշաբթի նրա ներկայացրած զեկույցում խոսվում է ընդհանրապես դրա քայքայման մասին, քանի որ ԱՄՆ-ն ու Եվրոպայի երկրները, նվազագույնը Դոնալդ Թրամփի նախագահությունից սկսած, այլևս նույն նպատակները չեն հետապնդում:
«Նաև՝ եվրոպացիները նախկինի պես միասնական չեն, ինչպես Սառը պատերազմի ավարտից հետո երազում էին Հելմուտ Կոլը և Ֆրանսուա Միտերանը: Հունգարիայի և Լեհաստանի աջ պոպուլիստական կառավարություններն ակնհայտորեն չեն ասոցացվում աշխարհին ներկայացված՝ազատական ժողովրդավարության հայեցակարգի հետ»,- նշում է թերթը՝ հավելելով նաև, որ ԱՄՆ-ի ու Եվրոպայի տնտեսություններն արդեն վաղուց իշխող դեր չունեն աշխարհում. Չինաստանի ու Ասիայի վերելքը փոխել են դերերը:
Pew Research Center կենտրոնի միջազգային հարցումների համաձայն՝ ԱՄՆ-ին առաջատար տնտեսական պետություն են համարում միայն Հարավային Կորեայի, Ճապոնիայի և հենց ԱՄՆ-ի քաղաքացիները: Գերմանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում այդպիսին այսօր համարվում է Չինաստանը: Նույն կարծիքն ունեն Մեքսիկայում, Բրազիլիայում և Թուրքիայում:
Եվրամիությանը կարևոր տնտեսական ուժ համարում է հարցվածների 13 տոկոսը: Ըստ գերմանական թերթի՝ Ռուսաստանի կողմից Ղրիմի «անեքսիայից» հետո եվրոպացիներին նաև չի հաջողվում մարտունակ ռազմական բլոկ ստեղծել:
«Ինձ անչափ մտահոգում է եվրոպական հանրության անկարողությունը: Այն, որ ԵՄ-ն՝ համարյա 500 մլն բնակչությամբ, չի կարողանում շատ ճգնաժամերում ցուցադրել իր գործունակությունը, ծայրահեղ ամոթալի է: Ինչո՞ւ, օրինակ, չենք կարող մեր ներդրումն ունենալ Սիրիայում պատերազմի դադարեցման գործում»,- ասել է Իշինգերը:
Մյունխենի համաժողովի կազմակերպիչները մտադիր են միջոցառման ժամանակ եվրոպացիներին որոշակի գործողությունների մղել, առավել ևս, որ դրան առաջին անգամ մասնակցելու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Ըստ թերթի՝ Մակրոնը ցանկանում է քննարկել համատեղ միջուկային ռազմավարությունը: Նա մի կողմից ձգտում է ամրապնդել միջուկային զսպվածությունը՝ Եվրոպայի շահերից ելնելով. Ֆրանսիայի միջուկային ուժերը, որոնք դեռևս չեն էլ համակարգվում ՆԱՏՕ-ի հետ, ապագայում պետք է ծառայեն Եվրոպայի պաշտպանությանը: Մյուս կողմից՝ Մակրոնը ցանկանում է նախաձեռնել միջուկային զինաթափում՝ դա համաձայնեցնելով եվրոպացիների ու ՆԱՏՕ-ի հետ:
Մյունխենյան զեկույցում նաև տեղ է գտել բրիտանական IISS հետազոտական կենտրոնի վերլուծությունը, որի համաձայն՝ Եվրոպան ներկայումս ի վիճակի չէ առանց ԱՄՆ-ի օգնության հետ մղել Ռուսաստանի հարձակումը Բալթյան երկրների վրա, եվրոպացիները նաև գործունակ չեն ԵՄ-ի սահմաններին, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում լարվածության ու պատերազմների օջախներում: