կարևոր
3955 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-12 12:55
Քաղաքական

ՌԴ-ն նոր աշխարհակարգի կառուցման մեջ կցանկանար տեսնել ոչ միայն Բելառուսը, այլև Հայաստանը. Գալուզին

ՌԴ-ն նոր աշխարհակարգի կառուցման մեջ կցանկանար տեսնել ոչ միայն Բելառուսը, այլև Հայաստանը. Գալուզին

Ռուսական կողմը շահագրգռված է, որ Երևանի և Մինսկի միջև առկա բարդությունների շրջանը հնարավորինս արագ ավարտվի, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, գրում է РИА Новости-ն։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը մտադիր է մասնակցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև հակամարտության կարգավորմանը, Նա նշել է, որ «ցավոք, մեզ համար դժվար է բացատրել այն կոշտ դիրքորոշումը, որը որդեգրել են Հայաստանի իշխանությունները բելառուս գործընկերների նկատմամբ»:

«Ալեքսանդր Լուկաշենկոն միշտ ընդգծել է Մինսկի շահագրգռվածությունը կայուն և անվտանգ Հարավային Կովկասում։ Նույնիսկ ամենադժվար ժամանակներում Բելառուսի ղեկավարի նախաձեռնություններն ուղղված էին հենց պատերազմող կողմերին հաշտեցնելուն»,- նշել է նա։ 

ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալի խոսքով՝ «Մինսկը և Երևանը դաշնակիցներ են, որոնց հետ մենք զարգացնում ենք բազմակողմ համագործակցություն»։ Գալուզինը հավելել է, որ «Հայաստանը և Բելառուսը ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի մաս են կազմում»։

«Մոսկվան շահագրգռված է, որ մեր ընկերների միջև առկա բարդությունների շրջանը հնարավորինս արագ ավարտվի»,- ընդգծել է նա։

«Ամեն դեպքում, մենք հուսով ենք, որ ժամանակավոր տարաձայնությունները բացասաբար չեն ազդի ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաների շրջանակներում փոխգործակցության խթանման վրա»,- հավելել է Գալուզինը։

«Մենք կոչ ենք անում երկու մայրաքաղաքներին էլ նայել հորիզոնից այն կողմ, գիտակցել այն պահի կարևորությունը, երբ ի հայտ են գալիս նոր աշխարհակարգի ուրվագծերը, որի կառուցման մեջ մենք կցանկանայինք տեսնել ոչ միայն Մինսկը, այլև Երևանը»,- եզրափակել է նա։