կարևոր
4819 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-05 11:25
Քաղաքական

Ո՞րն է աղետների արմատը

Ո՞րն է աղետների արմատը

1910 թ․ Հովհաննես Թումանյանը գրեց իր «Դառնացած ժողովուրդ» հանրահայտ հոդվածը: Սա մի ճշմարիտ և տխուր խոստովանություն է մեր ազգային մտածողության և կենսակերպի մասին: Բանաստեղծի հայացքը տեսել էր այն խայտառակ, ճղճիմ որակները՝ չարակամություն, նախանձ, ատելություն, բանսարկություն, մաղձ, այլոց մեջ թշնամի տեսնելու և նրանց ոչնչացնելու տենչ և այլն, որոնք բուն են դրել հայ մարդու էության մեջ: Ռանչպարի սիրտը նախանձից կանգնում է՝ տեսնելով, որ հարևանի արտը լավն է այս տարի, արհեստավորները ատում են նրանց, որոնց գործերը լավ են, ուսուցիչները, գրողները, բժիշկները և մյուսները կատաղում են, երբ իրենց գործի մեջ մարդիկ դարձել են հաջողակ և այսպես շարունակ: Թումանանն այս ամենն իրավացիորեն անվանում է ներքին հիվանդություն, քաղցկեղի քայքայող բացիլ: «Ինչո՞ւ է այսպես»,— դառնացած հարցնում է մեծ պոետը ու ինքն էլ փորձում է պատասխանել. «Ուրիշ ընդհանուր հանգամանքների հետ զարհուրելի ծնող է եղել մեզ համար մեր պատմությունը։

Նա երկար դարերով մեզ դրել է բարբարոս ժողովուրդների ոտների տակ։ Իսկ ամեն կենդանի գոյություն, որ ոտնատակ է ընկնում, եթե չի մեռնում, այլանդակվում է, դառնանում ու փչանում։ Էսպես է բնության օրենքը։ Էն հասարակ վարունգի թուփն ինչ է. հայտնի է, որ եթե նա էլ ոտի տակ է ընկնում, էլ նրա պտուղը չի ուտվում, էնքան է դառնանում։ Նրա համար էլ ձեզ թույլ չեն տալ, որ նրա թուփը ոտի տակով անեք։ Էնպես դառնանում ու դաժանանում է և մարդը, նրա հոգին, սիրտը, միտքը, ու ներքին դառնությունը դուրս է տալի, հայտնվում է և՛ աչքերում, և՛ դեմքին, և՛ խոսքերում, և՛ գործերում, ամեն տեղ, ամեն ասպարեզում ու ամբողջ կյանքը դարձնում է դառն ու դաժան»։ Համաշխարհային պատմությունը պատերազմների, նվաճումների, բռնությունների ու շահագործման պատմություն է, ուստի միամտություն կլինի կարծել, թե մյուս ազգերն ու ժողովուրդները այս կամ այն կերպ չեն անցել այս գեհենի միջով: Յուրաքանչյուր ազգ տառապանքի իր ուրույն պատմությունն ունի, և անհնար է որևէ մեկին ասել՝ «իմ տառապանքն ու կրած զրկանքներն ավելի շատ են, ավելի խոր», այլ հարց է, որ մեզ՝ հայերիս համար շատ բաներ զուտ գոյաբանական ծանր հետևանքներ են ունեցել:

Ըստ պատմաբանների՝ շումերներից, աքքադացիներից սկսած մինչև հռոմեացիներ, պարսիկներ, արաբներ, թուրքեր, սովետներ և եվրաստրուկություն, հայն ասես ապրում է սահմանային՝ «լինել-չլինելու» եզրագծին: Փորձենք մտաբերել թեկուզ մեկ-երկու պատմական շրջան, երբ այս հարցը դուրս է եղել հայության օրակարգից: Կդժվարանանք… Եվ սա պատահական չէ: Նույնքան էլ միամտություն կլինի մտածելը, թե ուրիշ ազգերի մեջ մարդիկ չեն դառնանում իրար հանդեպ, մշտապես քնքշորեն սիրում, հարգում, հանդուրժում են միմյանց: Էթնոհոգեբանները հատկապես պատերազմներում պարտված ազգերի վարքագիծը քննելիս նկատել են, որ երբ էներգիան չի մղվում դեպի դուրս, դեպի թշնամին կամ տրանսֆորմացիայի այլևայլ ձևեր գտնում, ապա շրջվում է ինքն իր դեմ, սկսում է ինքն իրեն քայքայել: Դրա ականատեսն ենք գրեթե ամեն օր, նույնիսկ մեր առօրյայում: Հետևաբար «մեզ դառնացրին, և մենք դարձանք այսքան վատը» թումանյանական բացատրությունը թեև ճիշտ է առերևույթ, բայց թերի է երևույթի խորքը հասկանալու առումով: Իհարկե, այդպես է, երիցս ճշմարիտ է այն միտքը, որ «հսկային տևականորեն նկուղում պահելուց հետո նա դառնում է թզուկ»: Այստեղ իրոք կա մի հիմնարար հարց, որի կողքով մենք զգուշորեն անցնում ենք:

Այն է՝ մարդիկ, իրոք, իրենք իրենց չեն ճանաչում, էլ ո՜ւր մնաց՝ իրենց մերձավորներին և այլոց: Տղամարդը չի ճանաչում իրեն, իր սիրելի կնոջը, կինը՝ տղամարդուն, հայրը՝ զավակին, մայրը՝ երեխային, որին ինը ամիս իր ներսում կրելով՝ կարծում է, թե ճանաչում է նրան: Խնդիրն այն է, որ մարդը ճանաչելիության հարցում միշտ հենվում է անցյալի, իր ունեցած փորձի վրա, որը, սակայն, ակամայից դառնում է ոչ պիտանի կյանքի շարունակական փոփոխությունների, դիալեկտիկ ընթացքի և նոր իրողությունների առկայությամբ, որոնց նա պատրաստ չէ: Օրը ցերեկով կարգին հայ մարդու կերպար ունեցող մեր հարևանը, բարեկամը, գործընկերը իրեն նետեց մի վտանգավոր, կեղտոտ նպատակներ հետապնդող քաղաքական ուժի գիրկը և հիմա էլ շփոթված, վախեցած դեսուդեն է նայում՝ փրկություն աղերսող աչքերով: Տեսեք, թե ի՜նչ անհոգությամբ հասարակության մի ստվար զանգված նայեց Արցախի հայաթափմանը: Ապշելու բան է, չէ՞… Ի վերջո, կարո՞ղ ենք ասել, թե սա Արցախն ազատագրող նույն ժողովուրդն է:

Աշխարհից գլուխ չհանելը սոսկալի հետևանքներ ունեցավ և շարունակում է ունենալ մեզ համար: Մի՞թե սա չէր մեր ժողովրդի հիմնարար մոլորություններից մեկը դարեր շարունակ: Շատերը չեն ուզում ընդունել, որ դարասկզբին հենց, այսպես կոչված, «լուսավորյալ» Արևմուտքը սուրը դրեց բարբարոսի ձեռքը: Նա բարձրաձայն չասաց՝ «սպանի՛ր դրանց», նա ուղղակի լուռ գլխով արեց և թուրքը հասկացավ, որ կարող է մորթել, կողոպտել, հայրենազրկել: Հարյուր տարի անց խնդրագրեր ենք հղում առ մյուս գիշատիչները, ասում ենք՝ «բռնիր սրանց ձեռքը…»: Անտառում օձ կամ գայլ տեսնելիս չենք մտածում նրանց հետ բանակցելու մասին, բայց ինչո՞ւ է մեզ թվում, թե կարելի է բարեկիրթ խոսքերով շարժել աշխարհի բորենիների գութը: Ավա՜ղ, լավ էլ գիտենք, որ այդ «լուսավորյալը» թքած ունի մեր ցավերի ու տառապանքների վրա, բայց շարունակում ենք ինքնախաբեությամբ զբաղվել: Իսկ բորենին հիմա արդեն ինտելեկտ ունի, գերժամանակակից անօդաչու թռչող սարքեր, տիրապետում է կեղտոտ տեխնոլոգիաների: Ու մինչև նա վերջնականապես կհոշոտի իր զոհին, նախ քաղաքական թունավոր մանրէներ է բուծում իր զոհի տանը, օրգանիզմում, սա էլ ակնհա՞յտ է:

Մերձավոր Արևելքի և Օսմանյան կայսրության պատմությունն ուսումնասիրող պատմաբաններից մեկը մի այսպիսի դիտարկում է արել, որն արժանի է ուշադրության: Նա նշում է, որ երբ թուրք – սելջուկները հիմնավորվեցին այս տարածքներում, սուլթանը հրամայեց, որ սելջուկները առանձնապես չտարվեն հողագործությամբ և արհեստներով, այլ սովորեն սուր շարժել, յաթաղանին տիրապետեն: Ահա այսպես, յաթաղան շարժելով, 10 դար հետո թուրքերը եկան, բազմեցին Դարդանելի վրա: Շարունակաբար էքստրեմալ իրավիճակում ապրող ազգային հանրությունը ինչո՞ւ չի գիտակցում իր վիճակը, այ սա է գլխավոր հարցը: Եթե սխալվում ենք, ապա այս ամենը տեսնելուց և վերապրելուց հետո թող մեկը մի տանելի պատասխան առաջարկի այն հարցին, թե ինչո՞ւ այս ընթացքում չդարձանք լուրջ կշիռ ունեցող պետություն: Մեր ստեղծած պետությունը, ինչպես ցույց տվեց ժամանակը, պատկերավոր ասած, նման էր մի բուռ ավազի, որը բռունցքի մեջ առնելուց հետո դանդաղ հոսում է մատների արանքով և անհետանում: Հասկանալի է, որ մեր կենսատարածքը և թուրքական թշնամական օղակը խիստ օբեկտիվ իրողություններ են, դրանցով շատ բան է պայմանավորված: Բայց եթե դառնայինք այդ լուրջ արդիական համակարգը, որը կունենար պինդ կառուցվածք, պետական լուրջ կառույցներ, լավ բանակ, ուժեղ հրամկազմ, ռազմականացված տնտեսություն, կրթական համակարգ, նպատակամղված քարոզչություն, մեզ հետ այդպես չէին կարող խոսել, այդժամ ամբոխավար և ստախոս մի երևույթ՝ իր տկարամիտ համախոհներով ի՜նչ հրաշքով պիտի խցկվեր կառավարության շենք: Ոչինչ այնքան թանկ չի արժենում մարդու, հետևաբար նաև ողջ ազգի համար, որքան զգոնության թուլացումը կամ իսպառ կորուստը: Օրինակ՝ նույնիսկ Ռուսաստանն իր զգոնությունը թուլացնելու պատճառով թույլ տվեց, որ Միացյալ Նահանգները և Արևմուտքը մխրճվեն Ուկրանիայի գործերի մեջ, և հիմա ռուսները ստիպված են մարդկային մեծ կորուստների գնով կրկին ետ բերել իրենց ազդեցության ավանդական գոտիները:

Գոնե առաջիկայում պետք է միջազգային գործընթացներն ուսումնասիրող լուրջ կենտրոններ ունենալ և դրանք ամրակցել մեր դիվանագիտությանը և պետականաշինությանը, այլապես կրկին քարշ կգանք իրադարձությունների ետևից: Հիմա շատ է խոսվում նաև մեր թույլ լինելու մասին: Մտաբերենք 90 – ականների սկիզբը, միթե շա՞տ է տարբերությունը մեր օրերի համեմատ: Բնավ: Ադրբեջանն ուներ թվաքանակով մերին գերազանցող բանակ ու զրահատեխնիկա, թուրքական աջակցություն, ռեսուրսներ, վարձկան մոջահեթներ, բայց հայ զինվորը հայկական երկրորդ պետությունը հռչակեց: Դա տեղի ունեցավ, որովհետև անկեղծ էր հայության պայքարը, հզոր էր հաղթելու կամքը, զուլալ էր հայության միտքը, կար առաջնորդություն, մարտի դաշտում և քաղաքական հարթակներում տերուտիրականը հայի կարգին տեսակն էր, և ամենակարևորը՝ օտար շահեր հետապնդող մանրէները բուն չէին դրել ազգային օրգանիզմում: Ավա՜ղ, 44 -օրյա պատերազմի շրջանում այդպես չէր, ամեն բան հիմնովին թաղվել էր շփոթի և կեղծիքի մեջ: Իմաստուն խոսքն ասում է․ «Ավելի լավ է հաղթես ինքդ քեզ, քան տանես հազարավոր հաղթանակներ թշնամիներիդ հանդեպ:

Այդ դեպքում հաղթանակը միայն քոնն է լինելու, այն չեն կարող քեզնից խլել»: Մեր ժողովուրդը չզորեց ինքն իրեն հաղթել, հատկապես՝ 94-ի զինադադարից հետո: Ահա, թե որտեղ էր մեր մեծագույն վրիպումներից մեկը: Ուրեմն մեծ հաշվով ինքնին լավ կամ վատ ազգեր չեն լինում, աշխարհի մյուս ժողովուրդներից ո՛չ լավն ենք, ո՛չ էլ վատը: Եթե կարծում ենք, թե սովորական ենք, ի՜նչ կա որ, մյուսները ևս սովորական են, եթե մեզ համարում են բացառիկ ժողովուրդ, իսկույն պիտի ընդունենք, որ մյուս ազգերը ևս բացառիկ են: Ազգերից յուրաքանչյուրն էլ ինքնատիպ է, ունիկալ, անկրկնելի, ինչպես աշխարհում և բնության մեջ ամեն ինչ: Ուղղակի մեր խեղճ Թումանյանը ևս հայկական պետություն չէր տեսել, շատ էլ լավ չէր պատկերացնում դրա խորքային նշանակությունը, ազգային հանրությանը առաջնորդելու պատմաքաղաքական առաքելության գերկարևոր փաստի հետ չէր առերեսվել: Այլապես այդքան խիստ չէր դատի անպետություն ժողովրդի մասին, ադքան շատ բան չէր պայմանավորի դրանցով: Նույն այդ «դառնացած ժողովուրդը» այնպիսի՜ հերոսական ու սքանչելի որակներ է ցույց տվել նախկինում, ցուցադրում է այսօր և վստահաբար կդրսևորի ապագայում: Միայն թե լինի ուժեղ «առաջնորդություն…»:

Ուշագրավ է նաև Թումանյանի՝ Ավ. Իսահակյանին գրած նամակում ասված միտքը՝ «մենք ներսից ու դրսից կործանեցինք մեր երկիրը»: Եթե ուզում ենք հասկանալ, թե դա ինչպես է տեղի ունենում, այսինքն՝ «ներսից» ինչպես է հայ հասարակությունը ինքն իրեն մոլորության մատնում և պառակտվում, պետք է ընդամենը ուշադիր քննել վերջին հինգ տարիների անցուդարձը: Այս հինգ տարիները կարելի է համարել դարերի խտացումը: Անհեթհեթություն են այն պնդումները, թե տեսեք, որ աշխարհը մեզ դեմ է․ չկա այդպիսի բան: Երբ օվկիանոսում փոթորիկ է, մենք չենք կարող ասել․ «Օվկիանն ուզում է կործանել նավը»: Օվկիանոսի ինչի՞ն է պետք նավի կործանումը, օվկիանն ապրում է իր կյանքը փոթորիկներով և խաղաղ պահերով: Իսկ եթե նավը կործանվում է, դա նրանից է, որ նավի որակը այն չէ, իսկ նավապետը, օրինակ, պատեհապաշտ, անտեղյակ, անողնաշար, անգրագետի մեկն է, մեր դեպքում նաև՝ թշնամու դրածո: Ուրեմն աշխարհը բնավ էլ մեր դեմ չէ, այդ մենք աշխարհից գլուխ չենք հանում և վստահում ինքներս մեզ: Հոդվածի մեկ այլ տեղում Թումանյանի դիտարկումը ավելի է մեզ մոտեցնում խնդրի արմատին․ «Մեծ մասամբ ախտի գոյությունը ընդունելով հանդերձ՝ իրենց առողջ են համարում ու միշտ ուրիշներին են հռչակում հիվանդ։ Ամեն մինը ինքը չար չի, կեղծավոր չի, հայհոյող չի, ստխոս չի, թայֆայական չի, էդ ամենը իրենից դուրս ուրիշներն են»:

Եվ այստեղ նա անում է իր խորունկ եզրակացությունը․ «Արդ, եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը։ Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետևեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը։ Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»: Իսկ այս «փրկարար գիտակցությանը» հասնելն այդքան էլ անկարելի բան չէ, ուղղակի պետք է զուլալ հայացք ունենալ՝ շատ ու շատ բաներ նոր աշխարհընկալմամբ տեսնելու համար: Եվ այստեղ Թումանյանը ձեռքը դնում է մի շատ հիմնարար հարցի վրա, այն է՝ «չի կարելի փոխել դեմքի ատացոլանքը՝ առանց փոխելու դեմքը»: Հասկանանք շրջապատող աշխարհը և թերություններ չփնտրենք արտացոլանքի մեջ: Քաղաքական, տնտեսական, սոցիալական ռեֆորմների մասին խոսելուց առաջ էլ մի պահ կանգ առնենք և փորձենք փոխել նախ բարեփոխողին: Սա է մեծ պոետի գլխավոր պատգամը: Ապրում ենք գերժամանակակից, ուժեղ և դիմացկուն համակարգերի դարաշրջանում, ուստի ազգային էթնոսներն ապրելու և զարգանալու մի հենակետ ունեն, և դա արդիական պետությունն է: Կհենվե՞նք այս գաղափարի, այս պատմական հանձնարարականի վրա՝ կկատարելագործենք նաև հայի որակները:

Մանվել Մկրտչյան

«Դրօշակ» թիվ 1, 2024թ.