կարևոր
808 դիտում, 2 շաբաթ առաջ - 2024-11-07 22:57
Քաղաքական

ԵՄ-ն կարող է Ադրբեջանին ցավոտ հարված հասցնել. ՀՀ իշխանությունները ծպտուն չեն հանում. Գևորգ Ղուկասյան

ԵՄ-ն կարող է Ադրբեջանին ցավոտ հարված հասցնել. ՀՀ իշխանությունները ծպտուն չեն հանում. Գևորգ Ղուկասյան

ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը ԵՄ գործադիր իշխանության կողմից որոշակի ակտիվություն է տեսնում հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող հարցերում, ինչն ըստ նրա՝ նորություն է:

«Դա արդյունք է Եվրախորհրդարանի կողմից տարիներ ի վեր դրսևորվող սկզբունքային դիրքորոշման, ԵՄ գործադիր իշխանության վրա գեներացվող ճնշումների, որի իրականացմանն էր ուղղված Հայ դատի ամբողջ համակարգի աշխատանքը վերջին տարիների ընթացքում: Եվրախորհրդարանի վերջին բանաձևով Եվրախորհրդարանն արգելք է դնում եվրոպական գործադիր իշխանության վրա՝ Ադրբեջանի և ԵՄ-ի միջև իրավահարաբերությունների իրավապայմանագրային մակարդակը բարձրացնելու տեսանկյունից: Եվրոպական խորհրդարանի բանաձևերը գերակշիռ մեծամասնությամբ խորհրդատվական նշանակություն ունեն և ԵՄ գործադիր իշխանության համար պարտադիր կատարման ենթակա չեն, բայց կան իրավիճակներ, երբ Եվրախորհրդարանն ինքն է որոշողը, և կոնկրետ այս դեպքում, եթե պետք լինի, օրինակ, Ադրբեջանի հետ իրավապայմանագրային հարաբերությունների մակարդակը բարձրացնել, այստեղ խոսքը Եվրախորհրդարանինն է: Կարևոր է, որ այս բանաձևով Եվրախորհրդարանը, ըստ էության, արգելք է դնում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

«Արևմտյան քաղաքական զինանոցում կա մի գործիք, որի քաղաքական կիրառման պարագայում Ադրբեջանն էական վնասներ կկրի. դա էներգետիկ համաձայնագրերի և էներգետիկ գործարքների ճակատագիրն է, ինչի վերաբերյալ ակնարկ նույնպես կար Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևում: ԵՄ գործադիր իշխանությունն այս պայմաններում դրան պատրաստ չէ, բայց ԵՄ լիագումար նիստին մասնակցող հանձնակատարներից մեկը, որը ներկայացնում էր գործադիր իշխանությունը, հետաքրքիր հայտարարություն արեց, ինչն առաջին անգամ էր գործադիր մակարդակով, նշելով, որ ԵՄ-ն չի կարող աչք փակել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների վրա այն հանգամանքներով թելադրված, որ նա համարվում է ԵՄ առևտրային և էներգետիկ գործընկերը»,- ասաց նա՝ ընդգծելով՝ այս ուղերձն առաջին անգամ է հնչում:

«Մենք զգուշավոր լավատեսությամբ ընդունում ենք, որ գործադիր իշխանության կողմից կան որոշակի խոսույթի շտկումներ՝ Ադրբեջանի հետ կապված, դրանք, իհարկե, բավարար չեն, բայց այս գործիքը ԵՄ-ի կողմից պետք չէ թերագնահատել: Ցանկացած պահի ԵՄ-ն իր զինանոցում ունի այդ գործիքը, որով կարող է Ադրբեջանին բավականին ցավոտ հարված հասցնել, բայց արևմտյան գործընկերներն իրենց հերթին բավական զգուշավոր են և բավական պահպանողական են այս գործիքի կիրառման տեսանկյունից: Բայց ճնշումը Եվրախորհրդարանի կողմից շարունակաբար բարձրանում է:

Օրեր առաջ եվրոպական 52 խորհրդարանականներ ստորագրեցին կոչ՝ ուղղված Ադրբեջանի իշխանություններին՝ 3 հիմնական պահանջներով՝ ռազմաքաղաքական ղեկավարության և գերիների ազատ արձակում, մշակութային ժառանգության պաշտպանություն, օկուպացիոն զինուժի դուրսբերում»,- նշեց նա:

Գևորգ Ղուկասյանն ընդգծեց՝ այն, ինչի մասին խոսում է Եվրախորհրդարանը, Հայաստանի իշխանություններն այդ մասին անգամ ծպտուն չեն հանում. «Որևէ մեկը չի լսել ՀՀ իշխանություններից, որ նրանք Ադրբեջանի իրականացրած պատերազմական հանցագործությունները որակեն որպես էթնիկ զտում, և աշխատեն, որպեսզի միջազգային հանրությունն այդպես որակի, մշակութային ժառանգության պահպանության հարցը, օկուպացիոն զինուժի դուրսբերման խնդիրը, ռազմագերիների ազատ արձակումը չեն բարձրաձայնում:

ՀՀ իշխանությունների խոսույթն Ադրբեջանի նկատմամբ այնքան մեղմ է, որ հաճախ տպավորություն է ստեղծվում, թե խոսքը որևէ գործընկեր պետության հետ առկա կարճաժամկետ խնդիրների մասին է: Մինչդեռ միջազգային խոսույթն Ադրբեջանի հասցեին գնալով կոշտանում է, իհարկե, այդ կոշտացման մակարդակը բավարար չէ՝ կոնկրետ արդյունքներ արձանագրելու համար, բայց փաստն այն է, որ և՛ եվրոպական, և՛ ամերիկյան, և՛ կանադական կողմերից, և՛ առանձին երկրների մակարդակով կա խոսույթի բավական կոշտացում, որը անհամապատասխան է ՀՀ իշխանությունների քաղաքական խոսույթին»:

Տեսանյութն ու մանրամասն՝ աղբյուրում: