Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովի «Հայաստան» խմբացկության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն այսօր հիշեցրեց, որ 2021 թվականի հունիսի 15-ին օկուպացված Շուշիում Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները ստորագրել են, այսպես կոչված, «Շուշիի հռչակագիրը», որն ամբողջությամբ հակահայկական բնույթ ունի:
«Ենթադրվում է, որ Հայաստանը պետք է ընդունի Արցախն Ադրբեջանի կազմում լինելու հանգամանքը, պետք է հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետապնդումից պետական մակարդակով, ու հարցը պետք է տեղափոխվի պատմաբանների քննարկման տիրույթ։ Դա մեզ համար անընդունելի է»,- հայտարարեց պատգամավորը:
Նա նշեց, որ ՀՀ ԱԳՆ-ն բավական ադեկվատ ձևով է արձագանքել այդ հռչակագրին, բայց որևէ պետական մարմին, նաև՝ խորհրդարանի մակարդակով, այդ հռչակագրի վավերացմանը չի արձագանքել:
Սա, ըստ պատգամավորի, տարօրինակ է այն առումով, որ ներկայումս որդեգրված քաղաքականությունը՝ հայ-թուրքական հարաբերությունները ձևավորել առանց նախապայմանների, ոչ մի կերպ չի համընկնում Թուրքիայի խորհրդարանի այն վարքագծի հետ, որով նրանք վավերացրել են այդ հռչակագիրը:
«Թուրքիան ոչ միայն նախապայմաններն է առաջ մղում, այլը այդ նախապայմանների իրագործումը համարում է իր պետական քաղաքականության հիմնաքարերից մեկը։ Չարձագանքել այս որոշմանը Ազգային ժողովը չի կարող, և մենք պատրաստ ենք համապատասխան հայտարարության տեքստը ներկայացնել»,- նշեց Անդրանիկ Թևանյանը: