կարևոր
3184 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-01 18:19
Հասարակություն

Ծխողների և թմրամոլների աճ. ի՞նչ է անում Առողջապահության նախարարությունը

Ծխողների և թմրամոլների աճ. ի՞նչ է անում Առողջապահության նախարարությունը

Վերջին շրջանում վնասակար սովորությունների կոնկրետ՝ ծխախոտ և թմրամիջոցներ օգտագործողների թիվը սակավանալու փոխարեն ավելանում է։ Yerkir.am-ը Առողջապահության նախարարությանն ուղարկված հարցմամբ փորձել է պարզել՝  2021 թվականին ԱՆ-ում գործող «Ծխելը դադարեցնելու թեժ գիծ» ծառայությունը ի՞նչ արդյունքներ տվել անցած երեք տարում, նաև ի՞նչ միջոցառումներ է ձեռնարկում ԱՆ-ն վնասակար սովորությունների կանխարգելման նպատակով:  

««Ծխելը դադարեցնելու թեժ գիծ» ծառայության միջոցով, մեկնարկից սկսած, կատարվել է թվով 1102 խորհրդատվություն, մասնավորապես, ծխելու հետևանքով առաջացած առողջական և ֆինանսական խնդիրների վերաբերյալ, փոխարինող գործողությունների միջոցով ծխախոտի քանակի նվազեցման խորհրդատվություն, ծխելը դադարեցնելուն ուղղված հաճախորդի մոտիվացիան բարձրացնելու նպատակով խորհրդատվություն և այլն»,- նշել են նախարարության գրավոր պատասխանում:

Դեռահասների շրջանում վնասակար սովորությունների կրճատման նպատակով ԱՆ-ն նշում է, որ հանրակրթական դպրոցներում  5-րդ, 7-րդ և 9-րդ դասարանի աշակերտների համար «Առողջ ապրելակերպ» թեմայով ձեռնարկների մշակման ընթացքում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության հետ համագործակցության շրջանակներում վնասակար սովորությունների վերաբերյալ (մասնավորապես՝ ծխախոտի, ալկոհոլի, թմրանյութերի օգտագործման վերաբերյալ) ներկայացրել է բովանդակային առաջարկություններ, որոնք ներառվել են ուսումնական ձեռնարկում: Ձեռնարկները հաստատվել են ԿԳՄՍ նախարարի հրամանով և կիրառվում են։ 

Վնասակար սովորությունների ազդեցության, ալկոհոլի չարաշահման վնասների վերաբերյալ 2019 թվականից ի վեր իրականացվում են հանրային իրազեկման միջոցառումներ, մասնավորապես՝

- կազմակերպվում են ասուլիսներ, տարածվում են հաղորդագրություններ, ինֆոգրաֆիկաներ, տեսահոլովակներ, որոնք տարածվում են Առողջապահության նախարարության պաշտոնական YouTub-յան ալիքով,

- պատրաստվում են «Առողջ ապրելակերպի թեմայով» պաստառներ, թռուցիկներ, ինքնակպչուն թաղանթներ՝ (փակցվել են մետրոպոլիտենի բոլոր վագոններում, Երևան քաղաքի և մարզերի ավտոբուսներում),

- առողջ սովորությունների ձևավորմանը նպաստելուն 2020 թվականից ի վեր 10 մարզերի քաղաքներում ընտանեկան ձևաչափով իրականացվում են առողջ կենսաձևի քարոզչության (ներառյալ վնասակար սովորություններից խուսափելու) արշավներ՝ յուրաքանչյուր արշավին 300-ից ավել մասնակիցների, ներառյալ միջին և ավագ դպրոցի աշակերտների, ուսուցիչների, ծնողների, մարզպետարանների, քաղաքապետարանների, բժշկական միավորումների ներգրավմամբ։

Հայաստանում տղամարդկանց գերակշռող մասն օգտագործում է ծխախոտի գլանակ և տոկոսային քիչ հարաբերակցությամբ կան տղամարդիկ, ովքեր չեն ծխում։

Ո՞րն է չծխելու դրդապատճառը. ըստ չծխող տղամարդկանց շրջանակում մեր հարցումների՝ դա վատ սովորություն է, որն էլ առաջացնում է կախվածություն, ծխելը  շատ հաճախ հակահիգիենիկ է, և այլն։ 

Հարցման մասնակից  Սերգեյ Դավթյանը, օրինակ, կարծում է, որ դեռահասների շրջանում այն ավելի շատ ինքնահաստատման արտահայտչամիջոց է.

«Ի սկզբանե չեմ  ծխել ո՛չ պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածում, ո՛չ էլ շրջապատում, երբ ընկերներս առաջարկել են։ Առավել վատ է, երբ սկսում են ծխախոտ օգտագործել ոչ հասուն տարիքում՝ ծնողներից թաքուն.  այն կարող է հանգեցնել ավելի վտանգավոր սովորությունների ձեռքբերման: Կարծում եմ, որքան հնարավոր է նման դեպքերը կանխել է պետք»,- նշում է հարցման մասնակիցը։ 

Մեկ այլ մասնակից  Հայկ Գրիգորյանը  նույնպես ի սկզբանե չի ծխել, ասում է՝ տհաճ հոտ է գալիս մարդու վրայից, կախվածություն է առաջացնում։

«Ծխելը  դարձել է շատերի կյանքի մի մասը, առանց որի չեն կարողանում ապրել, իսկ ես չեմ ուզում կախվածություն ունենալ նման վատ սովորությունից ինչպիսին ծխախոտի օգտագործումն է»,- նշեց Հայկ Գրիգորյանը։

Մենք փորձեցինք պարզել՝ արդյո՞ք վնասակար սովորությունների, կոնկրետ՝ ծխախոտի և թմրամիջոցների վնասակար  ազդեցության մասին հանրությունն իրազեկվում է ԱՆ-ի պաշտոնական YouTub-յան ալիքով, թե՞ ոչ։ Ուսումնասիրելով ալիքը՝ տվյալ թեմային վերաբերող մի քանի հոլովակ գտանք, որոնք 5-7 ամսից մինչև 5 տարի վաղեմության էին: Դրանք, իհարկե, բավարար չեն թե՛ իրազեկման, թե՛, իբրև վնասակար երևույթների,  խնդրի բարձրաձայնման առումով։

Իսկ թե ինչու՞ է գնալով աճում (և հատկապես անչափահասների շրջանում) ծխողների և թմրամիջոց օգտագործողների թիվը, արդյո՞ք պատկան նախարարությունն ունի չափելի արդյունքներ, բավարա՞ր են կիրառված ծրագրերը սանձելու տարածման ընթացքը՝ հայտնի չէ: Դատելով վիճակագրությունից՝ իրավիճակը տագնապեցնող է, պատկերը՝ տխուր, ծրագրերն՝ իմիտացիոն, արդյունքներն՝ անբավարար: Դե, Փաշինյանի իշխանության՝ մարիխուանան օրինականացնելու ջատագովների առատության պայմաններում այլ բան չէր էլ կարելի սպասել:

Անժելա Սեդրակյան