Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի 26-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում կշարունակվի փոխգնդապետ Արա Մխիթարյանի ծեծի ու մահվան գործով սուտ մատնության հոդվածով մեղադրվող զինվորականների գործով դատական նիստը։
Հիշեցնենք, որ Հայաստանի զինված ուժերի սպա Արա Մխիթարյանին Եղեգնաձոր քաղաքում 2019 թ. սեպտեմբերի 17-ին ծեծի էին ենթարկել, գլխի շրջանում ծանր մարմնական վնասվածք հասցրել, և 4 տարի կոմայի մեջ մնալուց հետո Արա Մխիթարյանը մահացել էր։
Սպայի ընկերները՝ փոխգնդապետներ Լևոն Հարությունյանն ու Մխիթար Մելքոնյանը, որոնք դեպքին ականատես են եղել և վկայություն տվել, մեղադրվում են սուտ մատնության մեջ։ Փոխգնդապետներ Լևոն Հարությունյանի ու Մխիթար Մելքոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չբացակայելու արգելք և պաշտոնավարման կասեցում։
Գործով անցնող վկա Լևոն Հարությունյանի փաստաբան Աննա Թամազյանը Yerkir.am-ին տված հարցազրույցում ասաց, որ Լևոն Հարությունյանի գույքի և հաշիվների վրա կալանք է դրվել։
«Լևոն Հարությունյանը ԴԱՀԿ-ից ստացել է էլեկտրոնային ծանուցում։ Ըստ այդ ծանուցման՝ իր ամբողջ գույքի վրա կալանք է դրված՝ մեքենա, տուն, բանկային քարտեր և այլ գույք։ Արգելանքը դրվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ։ Հայցը ներկայացրել է փոխգնդապետ Արա Մխիթարյանի դաժան ծեծի գործով անցնող Զավեն Արամի Գրիգորյանը (խմբ․ Զավեն Գրիգորյանը սպայի ծեծի գործով նախկինում անցած Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանի եղբայրն է, ով ներկայում անցնում է նույն քրգործով): Ըստ հայցի՝ պատվի և արժանապատվության ոտնահարման համար Զավեն Գրիգորյանը 3 մլն դրամի պահանջ է ներկայացրել, և կիրառվել է հայցի ապահովման միջոց»,-ասաց փաստաբան Աննա Թամազյանը։
Փաստաբանը որոշումից նաև տեղեկացել է, թե ինչից է վիրավորվել Զավեն Գրիգորյանը. պարզվում է՝ վիրավորանքը Հ2-ին՝ 2023 թ. նոյեմբերի 7-ին տված հարցազրույցն է և այդ հարցազրույցում փոխգնդապետ Լևոն Հարությունյանի խոսքերը, ըստ որի՝ իրեն ծեծել են, քացով խփել են, և ինքը, ըստ փաստաբանի, ոչինչ սուտ չի ասում։
«Դատավարության օրենսգրքով սահմանված է՝ ներկայացված հայցի մասին պետք է տեղյակ պահվի կողմին, դա անում է հայց ներկայացնողը, և դատարանը ստուգում է՝ արդյո՞ք կողմը պատշաճ ծանուցվել է, դրանից հետո որոշում է կայացնում ընդունել վարույթ, թե՝ ոչ, դա էլ չկա գրված «Դատալեքսում», իսկ հայցի ապահովման միջոցին անդրադառնում են որոշում կայացնելուց հետո, որը նույնպես պետք է «Դատալեքսում» նշվի, բայց այդ մասին էլ չկա: Արդյունքում՝ մենք հիմա չգիտենք՝ ո՞ր դատավորն է ապահովել այդ միջորդությունը, ոչ մի բանից տեղեկացված չենք ու արդեն իսկ խափանման միջոց արգելանք է դրվել հունվարի 12-ի ամսաթվով։ Ստացվում է՝ իրենք իրենց մեջ տնավարի որոշել են։ Եթե պահպանված լիներ օրենքի տարրը՝ մենք, բնականաբար, ծանուցված կլինեինք, գոնե ձևականությունը պահպանված կլիներ»,- ասում է Լևոն Հարությունյանի շահերի պաշտպանը։
Նրա խոսքով՝ երբ ապացուցվեր, որ իր պաշտպանյալն իսկապես մեղադրվում է սուտ մատնություն կատարելու մեջ, տրամաբանական ու օրինական կլիներ, որպեսզի Զավեն Գրիգորյանը դիմեր դատարան՝ փոխհատուցման պահանջով. բայց քանի դեռ իր պաշտպանյալի մեղքն ապացուցված չէ, փաստաբանը Զավեն Գրիգորյանի հայցը բավարարելը աբսուրդ է համարում։
«17 տարվա իմ պրակտիկայում չեմ հանդիպել նման աբսուրդ իրողության… Ստացվում է, որ իմ պաշտպանյալի բնակարանը հիփոթեքով վերցրած, մեքենան, բանկային քարտերն ամբողջությամբ 3 մլն է՞, այդ աբսուրդ վիճակը պատկերացնո՞ւմ եք։ Նույնիսկ չգիտեմ, թե դատավորն ով է, որ համապատասխանաբար բողոք ներկայացնեմ Վերաքննիչ դատարան»,- ասում է փաստաբան Աննա Թամազյանը՝ հավելելով, որ իր հարցերի պատասխանը ստանալու և անհայտ դատավորի ինքնությունը պարզելու համար կդիմի ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին։