կարևոր
3592 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-12 16:12
Քաղաքական

Մերձավոր Արևելքի 2023-ը

Մերձավոր Արևելքի 2023-ը

Ավարտվող 2023 թ. բավականին բարդ տարի էր նաև Մերձավոր Արևելքի (ՄԱ) համար։ 2022-ի սկզբին ուկրաինական պատերազմով մեկնարկած աշխարհակարգի փոփոխության գործընթացը, ինչպես և կանխատեսվում էր, չշրջանցեց նաև այս տարածաշրջանը։ Հակառակը, ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ ռազմական և անվտանգային լրջագույն գործընթացների պատճառ դարձավ՝ էականորեն փոխելով տարածաշրջանի ռազմաքաղաքական և անվտանգային միջավայրերը։

Ռազմավարական-դիվանագիտական դիրքային մանևրներից, աշխարհաքաղաքական հիմքով ներքաղաքական գործընթացներից մինչև աղետալի պատերազմ, հումանիտար լրջագույն ճգնաժամ… Եթե հակիրճ, ապա այդպիսին էր 2023 թ. ՄԱ-ի համար։ Զարգացումներ, որոնցից շատերը մեկնարկելով ավարտվող տարում՝ վստահաբար շարունակվելու են նաև 2024 թ.՝ անկանխատեսելի դարձնելով մերօրյա աշխարհի ամենապայթյունավտանգ տարածաշրջանի բնականոն կյանքը։

Հարկ է ընդգծել, ինչպես արդեն վերևում է նշվել, քանի որ 2023-ին ՄԱ-ում տեղ գտած զարգացումների առանցքում ևս աշխարհաքաղաքական գործոնն է, ուստի և դրանց զգալի մասը տարածաշրջանային բազմաշերտ մրցակցության հարթությունում էին՝ ուղիղ առնչություն ունենալով տարածաշրջանային խորքային հակամարտային-մրցակցային հարաբերությունների ձևաչափերի հետ, ինչպես, օրինակ՝ Իսրայել-Իրան հակամարտությունը, Իրան-Սաուդյան Արաբիա, Իրան-Թուրքիա մրցակցությունը, պաղեստինաիսրայելական հիմնախնդիրը և այլն։

Իսրայելի ռազմավարական դիրքերի ամրապնդումն Իրանի սահմանին

Իսրայել-Իրան հակամարտության տիրույթում Թել Ավիվի կողմից ռազմավարական տեսանկյունից լավագույնս օգտագործվեց Թեհրան-Բաքու հարաբերություններում առաջացած ճգնաժամը։ Այն իր գագաթնակետին հասավ 2023 թ. հունվարի 27-ին Թեհրանում ադրբեջանական դեսպանատան դեմ իրականացված հարձակման պատճառով, որի հետևանքով սպանվել էր ներկայացուցչության անվտանգության ղեկավարը։ Միջադեպի հարցում մեղադրելով ԻԻՀ իշխանություններին՝ Ադրբեջանը փակեց դեսպանատունը և դուրս բերեց դիվանագիտական անձնակազմն Իրանից։

Շուրջ 8 ամիս տևած ադրբեջանաիրանական լարվածության ընթացքում Թել Ավիվն Արևմուտքի քաջալերմամբ ձգտում էր համակողմանիորեն խորացնել Բաքվի հետ հարաբերությունները՝ ամրապնդելով սեփական ռազմավարական դիրքերն իր հակառակորդի հյուսիսարևմտյան սահմանին։ Որպես այս գործընթացի բարձրակետ կարելի է դիտարկել Ադրբեջանի կողմից Թել Ավիվում դեսպանության բացումը և Մուխթար Մամեդովին այդ երկրում առաջին ռեզիդենտ դեսպանի նշանակումը։ Դրա հետևանքով Ադրբեջանը դարձավ շիայական մեծամասնությամբ բնակչություն ունեցող առաջին երկիրը, որը դիվանագիտական ներկայացուցչություն ունի Իսրայելում։ Հարկ է նշել, որ Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունների խորացման և հատկապես սեփական սահմանին իսրայելական ներկայության խնդիրը մշտապես ամենազգայուն հարցերից է եղել շիայական Իրանի և նրա հարևանների հետ հարաբերություններում։

Ադրբեջանաիրանական լարվածության ողջ ընթացքում, հատկապես՝ Թել-Ավիվի ակտիվ նախաձեռնողականության ընթացքում արձանագրվեց աննախադեպ ակտիվություն Իսրայել-Ադրբեջան հարաբերություններում, որը դրսևորվեց մասնավորապես բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունների, փաստաթղթային ամրագրում ստացած նոր պայմանավորվածությունների ձեռքբերման տեսքով։

Մասնավորապես նշված ժամանակահատվածում տեղի ունեցան երկու երկրների ԱԳ նախարարների փոխայցելություններ, Իսրայելի էկոնոմիկայի նախարարի և նախագահ Իցհակ Հերցոգի պետական այցն Ադրբեջան։ Տեղի ունեցած բոլոր մակարդակների բանակցություններում առնվազն հռետորաբանական-քարոզչական մակարդակում անթաքույց կերպով ընդգծվում էր երկկողմ հարաբերությունների խորացման կարևորումն «Իրանից բխող ընդհանուր սպառնալիքը լավագույնս չեզոքացնելու նպատակով»։ Եվ չնայած ապրիլ ամսից բացառապես իրանական կողմի նախաձեռնությամբ սկսված փուլ առ փուլ բավականաչափ դանդաղընթաց տեմպով Իրան-Ադրբեջան կարգավորման գործընթացին՝ այնուամենայնիվ, վերջինն Իսրայել-Ադրբեջան չփաստաթղթավորված, բայց ռազմավարական բնույթի համագործակցության խորացման վրա որևէ ազդեցություն ունենալ չի կարողանում, թեպետ նման նպատակ հետապնդում է։

Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների կարգավորումը

2023 թ. մարտի 10-ին Պեկինում անակնկալ կերպով հայտարարվեց1 Սաուդյան Արաբիայի (ՍԱ) և Իրանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկի մասին։ Չինաստանի միջնորդությամբ տեղի ունեցած քառօրյա գաղտնի բարդ բանակցությունների արդյունքում Պեկինը, Ալ-Ռիադը և Թեհրանը հանդես եկան եռակողմ համատեղ հայտարարությամբ՝ ՍԱ և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման և հաջորդող 2 ամիսների ընթացքում դեսպանատների վերաբացման մասին։ Փատաթղթում նաև ընդգծվել էր, որ կողմերը հաստատել են իրենց հարգանքը երկու երկրների ինքնիշխանության և միմյանց ներքին գործերին չմիջամտելու պատրաստակամությունը։ Վերջինը չափազանց կարևոր դրույթ է՝ հաշվի առնելով երկկողմ հարաբերությունների ամբողջ բովանդակության որոշ առանձնահատկություններ։

Հարկ է հիշեցնել, որ իսլամի հակոտնյա՝ սուննիական և շիայական «ճամբարները առաջնորդողների» միջև լարվածությունը գագաթնակետին էր հասել 2016 թ.՝ նաև տա- րածաշրջանային մի շարք հակամարտությունների խորացմանը զուգահեռ։

Հիրավի, տարաբնույթ փորձագիտական-վերլուծական շրջանակների կողմից այս գործընթացը գնահատվեց որպես «մերձավորարևելյան սառը պատերազմի» ավարտ՝ հաշվի առնելով Ալ-Ռիադի ու Թեհրանի ուղիղ և վճռորոշ ներգրավվածությունը միաժամանակ մերձավորարևելյան մի քանի հիմնախնդիրներում։
Այս գործընթացի առանցքային գործոններից է միջնորդական դերակատարումը։ Ուշագրավ է, որ դեռևս 2021 թ․ ապրիլին Իրաքի նախկին վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմիի անմիջական նախաձեռնությամբ էր մեկնարկել Ալ-Ռիադ-Թեհրան կարգավորման գործընթացը, որի արդյունքում հաջորդ 1,5 տարվա ընթացքում Բաղդադում տեղի էր ունեցել բանակցությունների 5 փուլ։ Մինչդեռ կարգավորման հանգուցալուծումը տեղի ունեցավ հենց Չինաստանի միջնորդությամբ, ինչը ներկա աշխարհաքաղաքական իրողությունների ուղղակի հետևանք է. հակամարտում են Արևմուտքն ու Ռուսաստանը, դրանից օգտվում է Չինաստանը։

Գործընթացի շարունակականության արդյունքում հունիս-օգոստոս ամիսներին փոխադարձաբար վերաբացվեցին դեսպանատները Ալ-Ռիադում և Թեհրանում, գլխավոր հյուպատոսությունները՝ Ջիդդայում և Մաշհադում, նշանակվեցին նոր դեսպաններն ու հյուպատոսները, երկրների ԱԳ նախարարների, ղեկավարների մակարդակով տեղի ունեցան մի շարք կարևոր հեռախոսազրույցներ, փոխայցելություններ. այդ թվում՝ ԻՀԿ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով նոյեմբերի 11-ին Ալ-Ռիադ էր մեկնել2 Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։

Որպես այս գործընթացի ուղղակի շոշափելի արդյունք կողմերի համար կարելի է դիտարկել նաև օգոստոսի 22-24-ը Յոհանեսբուրգում ՀԱՀ նախագահությամբ անցկացված BRICS-ի գագաթնաժողովին կազմակերպության ընդլայնման մասին որոշման կայացումը, որի արդյունքում կառույցին անդամակցած 6 նոր անդամներից երկուսը ՍԱ-ն և Իրանն էին։

Ընդհանուր առմամբ, Ալ-Ռիադ-Թեհրան կարգավորումը բազմաշերտ կարևոր իրողություն է, որը միտված է էականորեն բարելավելու ՄԱ-ի անվտանգային միջավայրը՝ եմենական հիմնախնդրից, Բահրեյնից մինչև Սիրիա, Լիբանան և այլն, որտեղ երկու երկրներն իրարամերժ դիրքորոշումներ են ունեցել՝ վարելով միջնորդավորված հիբրիդային պատերազմներ։ Միևնույն ժամանակ, իհարկե, հարաբերությունների կարգավորումը դեռևս չի վկայում տարածաշրջանային լրջագույն մրցակիցների միջև ջերմացման, առավել ևս բարեկամության վերականգնման մասին։ Պարզապես այս գործընթացը կարող է փոխել տարածաշրջանում նրանց մրցակցության ձևաչափը՝ առնվազն 1 տասնամյակ շարունակվող հակամարտայինից դեպի համագործակցային։ Իսկ որպես միջնորդ Չինաստանի դերակատարումն արդեն շատ ավելի լայն՝ գլոբալ առումով փոխում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական ազդեցության պատկերը՝ խախտելով ավանդական խաղացողների՝ ԱՄՆ-ի, մասնակիորեն նաև Ռուսաստանի ներգրավվածության ձևաչափերը։

Թուրքիայի համապետական ընտրությունների աշխարհաքաղաքական շերտը

Ուկրաինական ճգնաժամով պայմանավորված աշխարհաքաղաքական առճակատման հետագա ընթացքի վրա էական ազդեցություն է ունենում ԱՄՆ-ի մի շարք տարածաշրջանային գործընկեր/դաշնակիցների հնարավորինս հավասարակշռված վարքագիծը։ Կասկածից վեր է՝ դիմակայության կշեռքի նժարները կփոխվեին այն բևեռի օգտին, դեպի որը միանշանակ կկողմնորոշվեին այնպիսի տարածաշրջանային դերակատարներ, ինչպիսիք են Թուրքիան, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսը և այլն։ Մինչդեռ տեղի է ունենում տրամագծորեն հակառակ գործընթացը։ Զարգացումների վրա բովանդակային ազդեցության ունակ գրեթե բոլոր խաղացողները, հիմնականում վարելով ինքնուրույն քաղաքականություն, ջանում են առավելագույնս օգտվել միջաշխարհակարգի ժամանակահատվածին բնորոշ հնարավորություններից՝ հնարավորինս բարելավելով սեփական դիրքերը։ Վերոնշյալը, թերևս, ձևավորվելիք աշխարհակարգի կարևոր յուրահատկություններին բնորոշ միտում է՝ պայմանավորված ոչ թե եղած ուժային կենտրոնների միջև կողմնորոշվելու, այլ որպես առանձին բևեռ դիրքավորվելու և ապագա աշխարհում սեփական ազդեցիկ դերն ու խոսքն ունենալու առանձին տարածաշրջանային դերակատարների ձգտումներով։

Այս համատեքստում, իհարկե, բավականաչափ հետաքրքիր է Թուրքիայի քաղաքականությունը, որը հակամարտ կենտրոնների միջև «չեզոք» խաղը «վաճառում էր» միջնորդական դերակատարման, հումանիտար խնդիրներ լուծելու անհրաժեշտության և այլ տեսանկյուններից։ Իսկ նման դերակատարում ստանձնելու համար առանցքային նախապայման է ազդեցիկ օբյեկտիվ վարքագիծն ու հակամարտ կողմերի համար ընկալելի լինելու հանգամանքը։ Նշվածի վառ օրինակ են ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Անկարայի ակտիվ փորձերը ռուս-ուկրաինական բանակցություններ կազմակերպելու, հացահատիկի, պարենամթերքների միջազգային մատակարարումների խափանումների հնարավորինս կանխման (հացահատիկային գործարքի) և այլ հումանիտար նախաձեռնությունների առաջմղման հարցերում, որոնք, հանուն արդարության, պետք է նշել՝ ժամանակավոր հաջողություն արձանագրեցին։ Մինչդեռ առավել առարկայական էին չեզոքության քողի ներքո հակամարտ կենտրոնների միջև առանձին-առանձին քաղաքական առևտրի դրսևորումները, դիցուք՝ ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականությունը՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հնարավորությամբ (ընդ որում, վերջինի անդամակցության որոշումն Անկարան դեռ չի վավերացրել), իսկ Ռուսաստանի հետ՝ տարբեր տարածաշրջաններում ազդեցության բաժանման, պատժամիջոցների հետևանքով տնտեսական օգուտներ ստանալու նպատակով։

Թուրքիայի նման վարքագիծը և, առհասարակ, վերջին տարիների ընթացքում առավել ինքնուրույն քաղաքականությունը, որը հաճախ խնդիրներ և անգամ շահերի բախում էր առաջացնում ոչ միայն տարածաշրջանում, այլև Անկարայի և նրա հետ միևնույն ռազմաքաղաքական դաշնակցային ձևաչափերում գտնվող գործընկերների միջև, հատկապես ներկա պատմափուլում մի կողմից՝ խիստ ձեռնտու է Ռուսաստանին, մյուս կողմից՝ լրջագույնս հակասում է հավաքական Արևմուտքի ընդհանուր և մասնավոր ծրագրերին։ Հետևաբար 2023 թ. մայիսին Թուրքիայում տեղի ունենալիք համապետական ընտրական գործընթացը բավականաչափ պատեհ առիթ էր դրա բարենպաստ արդյունքներով նաև Անկարայի արտաքին քաղաքական ուղեգծի վրա ազդելու համար։ Սա է պատճառը, որ Արևմուտքն իր տրամադրության տակ եղած գործիքակազմով հնարավորինս աջակցություն ցուցաբերեց ընդդիմադիր 6 կուսակցությունների ձևավորած «Ազգ» դաշինքին և դաշինքի նախագահի թեկնածու, քեմալական «Հանրապետական ժողովրդական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին։ Բանն այն է, որ իշխող «Ժողովուրդ» դաշինքի ու դրա նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար նախընտրական մեկնարկային իրավիճակը բավականաչափ խնդրահարույց էր։ Նման իրավիճակը պայմանավորված էր վերջին առնվազն 3 տարիներին արձանագրված տնտեսական խնդիրներով՝ լիրայի լուրջ արժեզրկմամբ, երկնիշ գնաճով, դրան ածանցյալ սոցիալ-տնտեսական ճգնաժամով, որն առավել խորացավ 2023 թ. փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի պատճառով, ինչի հետևանքով զոհվեց ավելի քան 50 000 մարդ3։

Բայց և այնպես, չնայած Արևմուտքի կողմից ընդդիմությանը ցուցաբերված համակողմանի քաղաքական, քարոզչական բնույթի աջակցությանը՝ նախընտրական բավականաչափ թեժ պայքարում Թուրքիայի իշխանությունները կարողացան դժվարին հաղթանակ տանել՝ մոբիլիզացնելով շուրջ 85% և ավելի ընտրազանգված։ Եթե խորհրդարանական ընտրությունների արդյունքներով իշխող դաշինքի հաջողությունն ակնհայտ էր, ապա նախագահի ընտրությունը կատարվեց երկփուլ քվեարկության արդյունքում։ Առաջին փուլում՝ 49,52 %, իսկ երկրորդում արդեն 52,18 % ձայնով Էրդողանը կարողացավ ստանալ «վերջին անգամ ազգից հայցած քվեն»4։

Չնայած նախընտրական քարոզարշավի լարվածությանը և այդ ընտրություններին թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության կողմից տրված համակողմանի կարևորությանը՝ այնուամենայնիվ, Թուրքիայում հետընտրական խմորումներ, լարում տեղի չունեցան։ Ե՛վ ընդդիմությունը, և՛ նրա արտաքին աջակիցներն ընդունեցին ընտրությունների արդյունքները՝ խուսափելով երկրում ներքին անկայունություն հրահրելուց։ Այս հանգամանքը, իր հերթին, փաստում է կայուն, բայց բարդ կառավարելի Թուրքիայի նախընտրությունն անկայունի փոխարեն, քանի որ այդ երկրում անվերահսկելի գործընթացների հետևանքով միաժամանակ մի քանի տարածաշրջաններում հնարավոր հետևանքների գինը շատ ավելի ծանր կարող է լինել։

Պատերազմը Գազայում՝ տարածաշրջանում ռազմավարական ազդեցության փոփոխության տեսանկյունից

Հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ պաղեստինյան «ՀԱՄԱՍ» իսլամական արմատական կազմակերպության «անակնկալ» մասշտաբային հարձակման5 և աննախադեպ վնասի պատճառման հետևանքով հերթական անգամ ակտիվացած իսրայելապաղեստինյան հակամարտության ընթացիկ շրջափուլն իր բովանդակությամբ էականորեն տարբերվում է նախորդներից։ Այն նույնպես կրում է աշխարհակարգի փոփոխության գործընթացի ազդեցությունը և պարունակում է ռազմավարական լուծումների հասնելու տարրեր թե՛ պաղեստինյան, թե՛ իսրայելական կողմերից։ Ինչպես, օրինակ՝ «ՀԱՄԱՍ»-ի կողմից Իսրայելի դեմ տևական ժամանակ նախապատրաստված հարձակման ժամանակահատվածի ընտրությունը պայմանավորված էր նաև պաղեստինյան հիմնախնդրի լուծման տեսանկյունից ռազմավարական նշանակության Սաուդյան Արաբիա-Իսրայել կարգավորման գործընթացը խափանելուն։ Նշվածն անկյունաքարային հանգամանք է, քանի որ, օրինակ, ԱՄՆ-ի միջնորդությամբ 2020-2021 թթ. մի շարք կարևոր արաբական երկրների (ԱՄԷ, Բահրեյն, Սուդան, Մարոկկո) և Իսրայելի միջև ստորագրված «Աբրահամյան համաձայնագրերը» պաղեստինցիների կողմից արդարացիորեն գնահատվեցին որպես ռազմավարական բացթողում, քանի որ խարխլվեց հրեական պետության դեմ ընդհանուր համաարաբական ճակատի տրամաբանությունը։ Վերջինի բովանդակության առանցքում հետևյալ պայմանական փաթեթային սկզբունքն էր՝ «Իսրայելի և բոլոր արաբական երկրների (բացի Եգիպտոսից և Հորդանանից, որոնք արդեն իսկ ունեին խաղաղության համաձայնագիր Իսրայելի հետ) միջև հարաբերությունների կարգավորումը հնարավոր է՝ բացառությամբ մինչև 1967 թ. վեցօրյա պատերազմը եղած սահմաններով Պաղեստին պետության ստեղծումից հետո՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով»։ Իսկ հատկապես 2023 թ. կեսերից դարձյալ Սպիտակ տան ջանքերով ակտիվացած Սաուդյան Արաբիա-Իսրայել կարգավորման գործընթացը, որի առանցքային նախապայմաններից մեկը՝ Պաղեստին պետության ստեղծման պահանջը, աստիճանաբար զիջում էր իր կարևորությունը Ալ-Ռիադին խոստացված այլ ռազմավարական հնարավորությունների դիմաց (ինչպես, օրինակ՝ Սաուդյան միջուկային ծրագրի իրականացումը), հաջողելու դեպքում միանշանակորեն բացասաբար էր ազդելու պաղեստինյան շարժման վերջնանպատակների կենսագործման վրա։ Ուստի և վերոնշյալի համատեքստում շարունակվող Իսրայել-«ՀԱՄԱՍ» անողոք պատերազն, ըստ էության, կրկին ծայրաստիճան սրել է մի շարք արաբական-մուսուլմանական երկրների միջև հարաբերությունները՝ անշուշտ, գոնե առժամանակ խափանելով Ալ-Ռիադ-Թել Ավիվ կարգավորումը։

Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա վերջինը ոչ պակաս հաջողությամբ օգտվում է միջաշխարհակարգի իրողություններից՝ «պատերազմը հնարավորություն է» բանաձևի տրամաբանությամբ։
Տվյալ դեպքում հնարավորինս օգտագործվեցին և ուռճացվեցին պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման մասշտաբային աննախադեպ հարձակման ու դրա հետևանքների ծավալները՝ ներկայացնելով դրանք որպես «ամենադաժան, անմարդկային, նաև ունիվերսալ բնույթի ահաբեկչական հարձակում»՝ նման կերպ նաև հասնելով միջազգային լայն համախոհության և լեգիտիմացնելով Գազայում սանձազերծված պատերազմում սեփական պատասխան պատժիչ և հաճախ ոչ պակաս անմարդկային գործողությունները։ Թել Ավիվը պաղեստինյան խմբավորման ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի համար ոչ ճշգրտորեն հաշվարկված հարձակման իրողությունը ձգտում է օգտագործել իր համար ռազմավարական և անվտանգային լրջագույն խնդրի վերջնական հանգուցալուծման նպատակով։ Մասնավորապես անթաքույց նպատակ է դրված առավելագույնս փոխել պաղեստինյան հիմնախնդրի՝ որպես նախորդ աշխարհակարգից մնացած «քաղցկեղային» չլուծված ժառանգության ներկա ստատուս-քվոն սեփական օրակարգի համատեքստում։ Այն է` առնվազն կարճաժամկետ հեռանկարում ամբողջական վերահսկողություն հաստատել Գազայի հատվածում, իսկ հետագայում՝ հնարավորության պայմաններում, ընդհանրապես հասնել Պաղեստին պետության ձևավորման ծրագրի չեղարկմանը:

Վերոնշյալի համատեքստում պետք է նշել, որ «ՀԱՄԱՍ» իսլամական արմատական կազմակերպության կողմից նախաձեռնված «Ալ Ակսայի ջրհեղեղ» ռազմագործողությունը, որն իրականացվեց միաժամանակ «օդից, ջրից և ցամաքից», ամենամահաբերն էր Իսրայելի համար (ցայժմ ավելի քան 1300 զոհ, շուրջ 240 բազմազգ գերիներ, որոնցից 105-ին պաղեստինյան կողմն ազատեց մոտ մեկ շաբաթ տևած հումանիտար հրադադարի դիմաց)։ Պաղեստինյան կողմի կորուստները, ինչպես միշտ, անհամեմատելի ավելի են՝ շուրջ 18․600 զոհ6 1973 թ. «Դատաստանի օրվա» պատերազմից ի վեր։ Ի դեպ, գուցե խորհրդանշական է, բայց գործողության և նշված պատերազմի օրերն էլ օրացուցային առումով համընկնում էին։ Ի պատասխան՝ Իսրայելի բանակը Գազայում սկսել է «Երկաթե սրեր» կոդային անվանումով պատժիչ գործողությունը, որի հռչակված նպատակը Գազայում «ՀԱՄԱՍ»-ի իշխանության վերացումն է և շրջանում ավելի վերահսկելի կառավարության ձևավորումը։ Մինչդեռ իսրայելական բանակի առայժմ եռափուլ ռազմագործողությունից կարելի է եզրակացնել, որ Թել Ավիվի ծրագրերը Գազայում ավելի խորքային են. եթե հակիրճ՝ շրջանի ամայացում և վերջնական անեքսիա։ Ճիշտ նույն տրամաբանությամբ, ինչպիսին սեպտեմբերի 19-20-ի մեկօրյա պատերազմից հետո տեղի ունեցավ Արցախում՝ Իսրայելի հարավկովկասյան գործընկեր Ադրբեջանի ձեռամբ։

Չի բացառվում անգամ, որ Արցախի հայաթափումն ու ամբողջական օկուպացիան լավագույնս ոգեշնչել են Իսրայելի իշխանություններին՝ նույն սցենարը Գազայում իրականացնելու համար։ Մինչդեռ Թել Ավիվի ծրագիրը ցայժմ չի գործում հատկապես Եգիպտոսի և Հորդանանի սկզբունքային դիրքորոշման պատճառով, որոնց աջակցում են նաև այլ արաբական և մուսուլմանական երկրներ։ Մասնավորապես Գազային միակ սահմանակից Եգիպտոսը պատերազմի մեկնարկից ի վեր փակել է միակ սահմանային Ռաֆահ անցակետը պաղեստինցիների համար և տարբեր մակարդակներով հայտարարել, որ թույլ չի տա սեփական տարածքների հաշվին լուծելու պաղեստինյան հիմնախնդիրը։ Նույն կարծր դիքորոշումն է հայտնել նաև Արևմտյան ափին սահմանակից Հորդանանը։ Ուստի, նաև վերոնշյալով պայմանավորված, Գազայում ստեղծվել է մերօրյա աշխարհի ամենասուր մարդասիրական ճգնաժամը, երբ աշխարհի ամենախիտ բնակեցված շրջաններից մեկում (շուրջ 2,4 մլն մարդ) բնակչությունը զանգվածաբար տեղահանությունների է ենթարվում, իսկ տարածքը վերածվում է շրջան-ուրվականի։

Գազայի պատերազմին զուգահեռ Թել Ավիվի առաջնային ծրագրերից է նաև շրջակա անվտանգային միջավայրի բարելավման խնդիրը, մասնավորապես՝ Սիրիայում, Լիբանանում տեղակայված իրանամետ կառույցներից հնարավոր սպառնալիքների վերջնական չեզոքացումը, որի միտումները ևս արդեն իսկ տեսանելի են։ Մերօրյա աշխարհի իրողությունները թույլ են տալիս գնահատելու Իսրայել պետության վերոնշյալ ծրագրերի իրականացման հեռանկարը խիստ իրատեսական։ Իսկ դրանց հաջողությունը միանշանակորեն կնշանակի Իսրայելի ռազմավարական հաղթանակ Իրանի նկատմամբ։

Ինչ վերաբերում է Գազայի պատերազմի նկատմամբ միջազգային հանրության դիրքորոշմանը, ապա հաշվի առնելով «ՀԱՄԱՍ»-ի հարձակման հետևանքները և նաև ավելի քան 3 տասնյակ երկրների քաղաքացիների շրջանում զոհերն ու գերիները՝ բազմաթիվ երկրներ սկզբնական շրջանում աջակցում էին Իսրայելի պատասխան օդային գործողությանը։ Մինչդեռ ցամաքային գործողության իրականացմանը դեմ էր միջազգային ազդեցիկ դերակատարների զգալի մասը։ Բայց և այնպես, ազդեցիկ խաղացողներից հատկապես պետք է կարևորել ԱՄՆ-ի և Իրանի դիրքորոշումները։ Պատերազմի մեկնարկից ի վեր Վաշինգտոնը համակողմանի աջակցություն ապահովեց Իսրայելին հոգեբանական, քաղաքական, ֆինանսական, ռազմական և այլ մակարդակներում։ Դաշնակից երկիր այցելեցին ԱՄՆ-ի նախագահը, պաշտպանության քարտուղարը, մի քանի անգամ՝ պետքարտուղարը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Հատկապես ԱՄՆ-ի առարկայական ներգրավումը զարգացումներում, ՌԾՈՒ-ի մի քանի նավատորմերի տեղակայումը տարածաշրջանի ջրերում զսպում է պատերազմի մասշտաբների ընդլայնումը և այլ դերակատարների ներգրավման հնարավորությունը։ Զուգահեռաբար դիվանագիտական հարթակներում ԱՄՆ-ը անգնահատելի «քաղաքական հովանոց» է ապահովում դաշնակցի համար՝ արդեն մի քանի անգամ խափանելով հատկապես ՄԱԿ-ի՝ ԱԽ-ում պատերազմն անմիջապես դադարեցնելու վերաբերյալ բանաձևի ընդունման գործընթացները7։

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ Գազայի ապագայի հարցը լրջագույն տարաձայնությունների առիթ է դարձել անգամ Իսրայելի և նրա ամենաառանցքային դաշնակցի՝ ԱՄՆ-ի հարաբերություններում։ Քանի որ Վաշինգտոնը կտրականապես մերժում է Գազայում իսրայելական վերահսկո-ղության հնարավորությունը, որն առկա էր մինչև 2005 թ.։

Պաղեստինյան կողմի արտաքին աջակիցների գործողություններն էլ մեծ հաշվով դուրս չեն գալիս դիվանագիտական, քարոզչական, հումանիտար հարթություններից։ Արաբական, մուսուլմանական երկրների շրջանում, նաև Ռուսաստանի կողմից նախաձեռնված տարաբնույթ հանդիպումներում, բանակցություններում, համաժողովներում և այլն։ Իր բովանդակությամբ տարբերվում են Կատարի և Իրանի ներգրավվածության մակարդակները։ Առաջինը համարվում է առանցքային միջնորդ Իսրայելի և պաղեստինյան խմբավորումների միջև։ Հենց Դոհայի ակտիվ ջանքերով հնարավոր եղավ հասնել ավելի քան 2 ամիս շարունակվող պատերազմի ընթացքում միակ մեկշաբաթյա հումանիտար հրադադարին։

Ինչ վերաբերում է Իրանի դերակատարմանը, ապա Թեհրանի առաջնային նպատակը տասնամյակներ շարունակ Իսրայելի շուրջ ձևավորված «դիմադրության առանցքի» կազմալուծման կանխումն է, բայց ոչ պատերազմին ուղիղ մասնակցության ձևաչափում։ Ընդ որում, հակամարտությանն Իրանի ուղիղ ներգրավման սցենարի բացառմանն էին հիմնականում միտված նաև ԱՄՆ-ի ռազմաքաղաքական ջանքերը։ Այս համատեքստում փաստացի Թեհրանին առայժմ չի հաջողվում լուծել իր ռազմավարական նպատակը՝ Գազայում պատերազմի դադարեցումն ու որոշակի ազդեցության պահպանումը՝ ի դեմս «ՀԱՄԱՍ»-ի և պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորումների գործունեության ապահովման։ Մեծ հաշվով առայժմ չի հաջողվում նաև գործընթացների վրա ազդելու Իրանի «պրոքսի-մարտավարությունը» Իսրայելի հարևան և տարածաշրջանի մի շարք այլ երկրներում գործող հովանավորյալ կառույցների քայլերի համակարգման միջոցով։ Խոսքն առաջին հերթին լիբանանյան «Հիզբալլահ» և Սիրիայի իրանամետ ուժերի մասին է։ Վերջինների առավել գործուն ներգրավվածության հնարավորությունը Իսրայելին առայժմ հաջողվում է կանխել նպատակային և հստակ թիրախավորված կանխիչ օդային գործողությունների միջոցով։ Բայց և այնպես, Գազայում ընթացող պատերազմի վերաբերյալ Իրանում հնչում են նաև դրական գնահատականներ՝ իրավիճակը հիմնավորելով այն տեսանկյունից, որ Գազայում Իսրայելի կրած «պարտությունն» այնքան ծանր է, որ հրեական պետությանը հասցված վնասը վերականգնելու համար տարիներ կպահանջվեն։

Ամփոփելով վերոգրյալը՝ կարելի է հավաստել, որ աշխարհաքաղաքական իրողություններով պայմանավորված՝ 2023 թ. ընթացքում ՄԱ-ում ընթացող բովանդակային վերափոխումները, վստահաբար, նոր դրսևորումներով շարունակվելու են նաև հաջորդ տարիների ընթացքում՝ էականորեն ազդելով տարածաշրջանի անվտանգային, տնտեսական և ռազմաքաղաքական պատկերի/միջավայրի վրա։ Ընդ որում, հարկ է նաև նկատել, որ այդ զարգացումների նկատմամբ գլոբալ վերահսկելիության խափանումը կարող է հանգեցնել նաև տարածաշրջանային խոշորամասշտաբ պատերազմի՝ ամբողջ աշխարհի վրա ուղիղ ազդեցության կանխատեսելի հավանականությամբ։

——————————
1․ A New Order in the Middle East? | Foreign Affairs։
2․ Президент Ирана прибыл в Саудовскую Аравию – РИА Новости, 11.11.2023 (ria.ru)։
3․ 134. gün! Depremde ölü sayısı ne kadar oldu, güncel yaralı sayısı kaç? Hangi ilde kaç bina yıkıldı, kaç kişi öldü? – Günün Haberleri (cnnturk.com)։
4․ Cumhurbaşkanı Erdoğan son kez oy istedi: Kutlu bayrağı gençlerimize teslim edeceğiz | Euronews։
5․ Hamas surprise attack out of Gaza stuns Israel and leaves hundreds dead in fighting, retaliation | AP News։
6․ 69-й день войны в Израиле. Хронология событий – NEWSru.co.il։
7․ США наложили вето на проект резолюции СБ ООН о прекращении огня в Газе | Euronews։

«Դրօշակ» թիվ 12 2023 թ.

Արմեն Պետրոսյան