կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-24 10:02
Առանց Կատեգորիա

Հունան Պողոսյանի որդին կծառայի էլիտար ստորաբաժանումում. Պարանոցից դաջվածքը չի խանգարել. «Հրապարակ»

Հունան Պողոսյանի որդին կծառայի էլիտար ստորաբաժանումում. Պարանոցից դաջվածքը չի խանգարել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հունան Պողոսյանի որդիներից մեկը՝ Հովհաննես Պողոսյանը ծառայության կանցնի պատվոպահակային վաշտում, չնայած այդ ստորաբաժանումում ծառայելու խիստ պահանջներ կան։ Երեկ խմբագրություն զանգահարած քաղաքացին պատմում էր, որ իր որդին եւս հավակնում էր այդ վաշտում ծառայել, սակայն նրան չվերցրեցին, իսկ մարզպետի որդուն, որը չէր համապատասխանում ծառայության պահանջներին, վերցրին։

Բանն այն է, որ երիտասարդի կրծքավանդակով մեկ դաջվածք է եղել, իսկ նման զինծառայողներին սովորաբար պահակային ծառայության չեն տանում՝ դա համարելով  քրեական ենթամշակույթին հարելու կամ հոգեբանական անհավասարակշռության ապացույց։

Մոտ 10 օր առաջ Քանաքեռի զորամասում հանձնաժողովը ստուգել է պատվոպահակային ստորաբաժանումում ծառայության թեկնածու նորակոչիկներին եւ որոշել, թե նրանցից ովքեր են պիտանի ծառայությանը։ Մեզ հետ կապ հաստատած նորակոչիկի հայրը պատմեց, որ հանձնաժողովը աշխատում է «հին Հայաստանին» բնորոշ սկզբունքներով, պաշտոնյաների եւ ազդեցիկ մարդկանց որդիները նույնիսկ բժշկական ստուգում չեն անցնում․ «Ում որ սկզբից ուղարկում էին բժշկի մոտ, ուրեմն նա 100 տոկոսով չէր անցնում, իսկ պաշտոնյաների ու ազդեցիկ մարդկանց որդիներին նույնիսկ բժշկական ստուգման չէին ենթարկում»։

Մեր զրուցակիցն ասաց, որ իր որդու չանցնելը պատճառաբանել են ոտքերի ոսկորների գերաճով, մինչդեռ հայրը պնդում է, որ որդին ոչ մի գերաճ էլ չի ունեցել, հասակը պահանջվող 180 սմ-ից բարձր է եղել, ոտքերը ծուռ չեն եղել, սլացիկ կազմվածք ունի, իսկ ավելի կարճահասակ բայց ազդեցիկ ծնողներ ունեցող նորակոչիկների հասակը նույնիսկ չեն էլ չափել։

Հունան Պողոսյանի որդու վերաբերյալ մեր զրուցակիցն ասաց, որ բոլորը գիտեին նախապես, որ նա հաստատ անցնելու է, որովհետեւ  հայրը Սյունիքի մարզպետն է։ Ըստ մեր զրուցակցի՝ Պողոսյանի որդին պարանոցից մինչեւ գոտկատեղ ձգվող դաջվածք է ունեցել՝ խաչի տեսքով։ Երբ հանձնաժողովին հարցրել են, թե ինչպե՞ս է պատահում, որ դաջվածք ունեցող զինակոչիկը անցնում է, երբ դաջվածք չունենալը պարտադիր պայման է համարվում, հանձնաժողովի անդամներից մեկը պատասխանել է՝ «դե դաջվածք էլ կա, դաջվածք էլ, իրենը հո ուրիշ դաջվածք չի՞, խաչ է»։

Զինակոչիկի հայրը մեզ հետ զրույցում ափսոսանք հայտնեց, որ նախկինում քննադատված բարքերը մինչ այժմ գործում են․ «Եթե վարչապետը սրանից տեղյակ է, ուրեմն իմ խոսելն էլ, ամեն ինչն էլ իզուր է, նշանակում է, որ իր տղային ձեւական է ուղարկել Ղարաբաղ ծառայելու։ Ես միշտ էլ դեմ եմ եղել, որ առաջին դեմքի որդին սահման պահի, որովհետեւ այնտեղ վտանգավոր է ու չարժե, որ վարչապետի որդին նման վտանգի ենթարկվի, բայց մյուս կողմից տեսնում ենք, որ պաշտոնյաների համար էլի հին սկզբունքն է գործում»,- ասաց նա։

Մենք փորձեցինք պարզել, թե արդյոք քաղաքացու նշած դաջվածքներով տղան Հունան Պողոսյանի որդի՞ն է։ Սյունիքի մազրպետարանի պաշտոնական կայքում նշված է, որ Հունան Պողոսյանը ունի մեկ դուստր եւ 2 որդի, սակայն ընտրողների ռեգիստրում միայն մեկ որդու տվյալներն էին ՝ 1993 թվականին ծնված Հրաչյա Պողոսյանինը։ Զանգահարեցինք մարզպետի օգնական Արտյոմ Իվանյանին՝ խնդրելով մեկ հարցի պատասխանել։ Նա ասաց, որ պատրաստ  է պատասխանել, սակայն երբ նրան հարցրինք, թե ի՞նչ է Հունան Պողոսյանի կրտսեր որդու անունը, նա մի պահ լռեց, ապա անջատեց հեռախոսը եւ այլեւս չպատասխանեց մեր զանգերին։ Հունան Պողոսյանը նույնպես չպատասխանեց մեր զանգերին։  Ի վերջո Պողոսյանի հայտարարագրից տեղեկացանք, որ նա ունի կրտսեր որդի եւ անունը Հովհաննես է»: