Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի Եղիշե Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ գրող, հրապարակախոս, Հանրային ռադիոյի լրագրող Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձև» գրքի 12-րդ հատորի շնորհանդեսը`նվիրված Հայաստանի Առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակին:
Գիրքը, հեղինակի խոսքով, ձոնված է 20-րդ դարավերջի հայ հերոսներից շատերին ու նրանց սխրանքի պատմությամբ սնված ու զորացած հայ անմահ հերոսների հիշատակին: «Ամեն հատոր իր առանձնահատկությունը, պատմությունը, հայի տեսակի մի նոր բացահայտումն ունի: Այս հատորում ամփոփված են Արցախյան ազատամարտի`Արարատի մարզի հերոսների պատմությունները: Ինձ համար այս մարզում բոլորովին այլ բացահայտումներ եղան: Ես զարմանում եմ հայի տեսակի հարատևության ու բազմատեսակության վրա ու այդ ամենի մեջ մի հավաքական կերպարի վրա եմ զարմանում, որում նորից վերընձյուղվելու, վերակենդանանալու ուժ կա»,- ասաց Գոհար Մարտիկյանը:
Գրող, հրապարակախոս Դավիթ Սարգսյանի կարծիքով` գիրքը եզակի ու բացառիկ հանրագիտարան է`իր գեղարվեստական, պատմագիտական բարձր արժանիքներով, ժանրային առանձնահատկություններով, որը դարձել է վիրավոր և հպարտ մոր նպատակը: «Գիրք` ի խորոց սրտի, որի դերն ու նշանակությունն, ըստ էության, կարող է գնահատվել ժամանակի հեռավորությունից, որպես ստեղծագործական մի ուրույն որակ, որպես մտահղացում և գրական հայտնություն, նորովի մեկնաբանությունների և նյութի հրամցման ինքնատիպ հորինվածք, որպիսին, նաև գրականության և լրագրության միաձուլվածքի վարպետությամբ, բնորոշ է միայն Գոհար Մարտիկյան գրողին, հրապարակախոսին, լրագրողին, համբերատար, միևնույն ժամանակ անհանգիստ քաղաքացուն և մարդուն`մեր գրականության մեջ, և միայն մեր գրականությանը`գոնե ինձ ծանոթ համաշխարհային արձակում»,- նշեց նա:
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանն էլ հավելեց, որ 45.000 կմ2 տարածք ունեցող հայրենիքը հաստատապես 145.000 կմ2 ունեցող հայրենիքի միջնաբերդն է: «Այդ ճանապարհին Գոհար Մարտիկյանը գտել է ապրելու բանաձևը սերունդներին փոխանցելու ճիշտ կերպը»,- շեշտեց նա:
Ֆակուլտետի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Դավիթ Սարգսյանը, որն, ի դեպ, գրքի հեղինակի, ինչպես ինքն է ասում, «սանն է», նշում է, որ թեև բոլոր այն լրագրողները, որոնք այս կամ այն կերպ անդրադառնում են Արցախյան պատերազմի թեմային, արժանի են հարգանքի, բայց Մարտիկյանի հետ ոչ ոք համեմատելի չէ: «Նա չունի պաթոս և դեպրեսիա»,- ընդգծեց նա:
Գրքի տպագրումն իրականացվել է «Կանանց համապետական խորհուրդ» հասարակական կազմակերպության կողմից` ՀՀ նախագահի աշխատակազմի տրամադրված դրամաշնորհի շրջանակում: