կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-29 14:35
Մշակույթ

Տեղի ունեցավ աշխարհում եզակի` փայտափողային-դաշնամուրային քառյակի շնորհանդեսը

Տեղի ունեցավ աշխարհում եզակի` փայտափողային-դաշնամուրային քառյակի շնորհանդեսը

Երեկ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակում տեղի ունեցավ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակի շնորհանդեսը։ Այն յուրատեսակ անսամբլ է, թերևս՝ աշխարհում եզակի: Երաժիշտներն են՝  Գևորգ Ավետիսյան (ֆլեյտա), Դավիթ Գյուլամիրյան (կլարնետ), Նիկոլայ Պողոսյան (ֆագոտ), Լիլիթ Զաքարյան (դաշնամուր):

Քառյակի երաժիշտները Երիտասարդական նվագախմբի անդամներ են, մեծ պրոֆեսիոնալիզմ ունեցող արտիստներ, ովքեր հանդես են գալիս նվագախմբի կազմում, ինչպես նաև նվագախմբի հետ՝ որպես մենակատար։

Հարությունյանի դուստրը՝ դաշնակահարուհի Նարինե Հարությունյանը, նշեց, որ քառյակի գաղափարն իր համար անակնկալ էր: «Մոտ մեկ տարի առաջ, երբ տեղեկացա այս գաղափարի մասին, շատ զարմացա, քանի որ երբեք նման կազմով քառյակի մասին չէի լսել: Հետո հասկացա` շատ օրիգինալ միտք է, և եթե չեմ սխալվում, այն աշխարհում միակն է։ Բնականաբար, փայտափողային գործիքների և դաշնամուրի համադրությամբ քառյակի համար ստեղծագործություններ գրված չեն։ Այսօր ներկայացվում են հատուկ այս կազմի համար մշակված, փոխադրված դասական գործեր։ Կարծում եմ՝ ժամանակակից կոմպոզիտորները հետագայում կգրեն ստեղծագործություններ այս կոլեկտիվի համար»,- ասաց Հարությունյանը:

Խոսելով Խաչատրյանի անվան փառատոնի մասին՝ նա նշեց, որ մի քանի համերգ լսել է, և իրեն դուր են գալիս թե′ փառատոնի ոճը, թե′ հանդես եկող արտիստները, թե′ Երիտասարդական նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ «Երիտասարդական նվագախումբն արդեն երկրորդ անգամ է նշում Ալեքսանդր Հարությունյանի հոբելյանը։ Առաջին անգամ 2000-ին էր, երբ կոմպոզիտորի կենդանության օրոք տոնվում էր նրա 90-ամյակը, այսօր, նրա բացակայությամ,բ մենք նշում ենք 95-րդ տարեդարձը։ Այս տարիների ընթացքում նվագախմբի երաժիշտները մասնագիտական մեծ աճ են արձանագրել։ Սերգեյ Սմբատյանը նրանց հետ հսկայական աշխատանք է կատարում, ու ես նրանց նորանոր բարձունքներ եմ մաղթում»,- ասաց կոմպոզիտորի դուստրը։:

Դաշնակահարուհի Լիլիթ Զաքարյանը նշեց, որ Հարությունյանի ստեղծագործական ժառանգության մեջ առանցքային տեղ են գրավում հենց փողային գործիքների համար գրված ստեղծագործությունները։ Ըստ նրա`  փայտափողային-դաշնամուրային քառյակի միջոցով իրենք ստանում են յուրօրինակ հնչողություն, ինչը կսիրվի հանդիսատեսի կողմից:

Կլարնետահար Դավիթ Գյուլամիրյանն էլ նշեց, որ, քառյակը ստեղծելով, ցանկացել են նոր խոսք ասել երաժշտական կյանքում։ Իսկ եթե այս օրինակի հիման վրա ստեղծվեն փայտափողայի-դաշնամուրային այլ քառյակներ նույնպես, ապա իրենց համար մեծ պատիվ կլինի ու վստահ կլինեն, որ իրենց գործը հաջողվել է։

 Ի դեպ, երեկ համերգին հնչեցին Ալեքսանդր Հարությունյանի, Արամ Խաչատրյանի, Յոհան Սեբաստիան Բախի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Պյոտր Չայկովսկու, Ժորժ Բիզեի, Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործությունները, որոնք մշակվել, փոխադրվել են այս քառյակի համար։ Մշակումների հեղինակը երիտասարդ երաժիշտ Անդրանիկ Բերբերյանն է։