Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի «Մեսրոպ Աշճեան» գիտական կենտրոնում տեղի ունեցավ պատմաբան Երվանդ Փամբուկյանի խմբագրությամբ լույս տեսած` «Նյութեր ՀՅ Դաշնակցության պատմության համար» արխիվային փաստաթղթերի բազմահատոր ժողովածուի շնորհանդեսը:
Շնորհանդեսին ներկա էին ՀՅԴ Բյուրոյի և ԳՄ ներկայացուցիչներ, պատմաբաններ, մշակույթի գործիչներ, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Պատմաբան Աշոտ Մելքոնյանը նշեց, որ շատ կարևոր է, երբ պատմաբանն իր աշխատության առաջնամասում չի պարտադրում ընթերցողին իր անձնական տեսակետը, այլ շարադրում է իր ասելիքը և թողնում մնացածը ընթերցողների մոտեցմանը և հայեցակարգին: «Սա մեծ պատմաբանին վայել մոտեցում է»,- ասաց նա:
Պատմաբան Գևորգ Խուդինյանն էլ նշեց, որ այդ արխիվները դժվար է եղել պահպանել, և որ Փամբուկյանը հսկայական գործ է արել` դրանք հավաքագրելով և ընթերցողին ներկայացնելով: «Այս գիրքը «Նյութեր դաշնակցության պատմության» է կոչվում, բայց իրականում սա 1890-1915 թթ. հայոց պատմության առաջնային սկզբնաղբյուրների ժողովածուն է»,- շեշտեց նա:
Ըստ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի` ՀՅԴ-ն մեր ազգային արժեքն է և 1 դարից ավելի գործում է իր գաղափարական, քաղաքական և հզոր հիմնավոր տեսակետներով: «ՀՅԴ-ն թողել է արխիվներ, նյութեր, ժառանգություն: Փառք ու պատիվ այն բոլոր մեծերին, որ կարողացել են ժամանակին հավաքագրել ու պահպանել դրանք: Արխիվային նյութերը այն կարևոր սկզբնաղբյուրներն են, որոնց վրա կերտվում է հայոց պատմությունը: Այսօր Հայոց պատմության կարևոր հատվածը նաև Դաշնակցության պատմությունն է»,- ասաց նախարարը:
Այնուհետև նա շնորհակալություն հայտնեց աշխատության հեղինակ Երվանդ Փամբուկյանին: