Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է.
«Այս տարին ծանր, դժվար տարի էր` ե՛ւ արտաքին քաղաքական, ե՛ւ ներքին կյանքի իմաստով: Եվ հատկապես տխուր զարգացումներ ունեցանք արդարադատության, քրեաիրավական ոլորտում` քաղբանտարկյալների աննախադեպ թվեր, հալածանքներ անգամ հանուն հայրենիքի նահատակվածների ծնողների նկատմամբ, Ֆեյսբուքում գրառումների համար կալանավորվածներ. Արմեն Աշոտյան, Գրիգորի Խաչատուրով, Նարեկ Մալյան, Տաթեւիկ Վիրաբյան, Արագած Ախոյան, Գարիկ Գալեյան, Գայանե Հակոբյան: Մեղադրանքներ առաջադրվեցին նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին, քաղաքական ակտիվիստ Անի Կարապետյանին, Լեւոն Քոչարյանը զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքով կալանավորվեց: Դե իսկ Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն արդեն երկու տարի է՝ կալանավորված է` չգիտես թե ինչի համար:
Ըստ Քննչական կոմիտեի՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը խախտել է խափանման միջոցի պայմանները, այդ պատճառով էլ կալանավորվել է: Նա Բժշկական համալսարանում չարաշահումների գործով մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման եւ փողերի լվացման հոդվածներով, հետագայում քննչականը եւս մեկ հոդված ավելացրեց` վատնում կազմակերպելու հոդվածը։ Բայց կրթության նախկին նախարարն ընդամենը 2012-2018 թթ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է եղել, որեւէ փաստաթուղթ չի ստորագրել եւ ակնհայտորեն հետապնդվում է Նիկոլ Փաշինյանին սուր քննադատության ենթարկելու համար:
Վանաձորի ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանը, ով վայելում է վանաձորցիների սերն ու վստահությունը, 2021-ի ՏԻՄ ընտրությունների հաղթանակից հետո կալանավորվեց, որ համայնքապետ չընտրվի: Նրան մեղադրում են 2016թ. հոկտեմբերի 10-ից մինչեւ 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար, իսկ խոսքն ընդամենը համայնքային աճուրդի, հողերի սեփականաշնորհման, հողերի կատեգորիան փոխելու մասին է, որն անում են բոլոր համայնքապետերը` անխտիր: Ուղղակի բոլոր նրանք, ովքեր չեն կոտրվում եւ գործարքի չեն գնում իշխանությունների հետ, կարող են երկար ամիսներ` առանց որեւէ դատավճռի պահվել բանտում:
Սեպտեմբերի 19-ին, երբ Արցախում նոր զոհեր ունեինք, եւ Ադրբեջանը դիմել էր հերթական սադրանքին, ապա էթնիկ զտման միջոցով հայաթափեց Արցախը, Երեւանում մարդիկ սկսեցին փողոց դուրս գալ: Հասունացող շարժումը ճնշելու համար Փաշինյանը սկսեց կալանավորել պայքարող, չհամակերպվող մարդկանց: Նրանցից շատերին կալանավորելու որեւէ պատրվակ չկարողանալով գտնել՝ սկսեցին մեղադրել «բռնության կոչեր» հնչեցնելու մեջ եւ բանտ ուղարկել: Հանրային գործիչ Նարեկ Մալյանի խոսքում անգամ իշխանության ներկայացուցիչները բռնության կոչ չեն տեսնում, բայց նա արդեն 3 ամիս է՝ կալանքի տակ է, նրան մեղադրում են ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելու համար:
Տաթեւիկ Վիրաբյանը, նույն ինքը` Տաթեւ Արցախը, ով Արցախում կորցրել է տունը, եղբորը, նաեւ` 2 անչափահասների մայր է, կալանավորվեց զանգվածային անկարգության կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Արցախցիներից խլեցին իրենց տները, հիմա արգելում են անգամ վրդովվել եւ իրենց վրդովմունքն արտահայտել:
Նախկին պատգամավոր Արագած Ախոյանը նույնպես կալանավորվեց` սոցիալական հարթակում 6 ամիս առաջ «բռնության կոչ պարունակող գրառման» համար: Նա գրել էր. «Ցուցակագրեք էն բ․․․ թուլեքի ցանկը, որոնց սատկացնելու ենք նիկոլի սիկ․․․ հետո»։ 2 ամիս անց նրա խափանման միջոցը փոխեցին` Ախոյանն այժմ տնային կալանքի մեջ է:
2023-ի մարտին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանեց առաջին ատյանի որոշումը եւ բավարարեց դատախազության բողոքը` բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կալանք նշանակելով: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է փողերի լվացման մեջ, դատախազությունը նրան համարում է ընկերոջ գույքի սեփականատերը, իսկ գույքը ՊՆ-ին պատկանող անպիտան զորամասի տարածքն է, որն աճուրդով գնել է Խաչատուրովի մտերիմներից մեկը: Իրականում` Խաչատուրովը քննադատել է Փաշինյանին, եւ նրան ատում է թուրք-ադրբեջանական տանդեմը:
Ռոբերտ Քոչարյանի որդին` Լեւոն Քոչարյանը, Արցախի հանձնումից հետո մասնակցում էր բողոքի ակցիաներին: Նրան տեսախցիկների առաջ ծեծի ենթարկեցին եւ տարան, հետո մեղադրեցին ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ եւ կալանավորեցին: Միայն պատգամավորական մանդատ ստանալով նա հայտնվեց ազատության մեջ:
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը` Գայանե Հակոբյանը, ոչ միայն կալանավորվեց, այլեւ դատապարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն «առեւանգելու փորձի» համար, նրան` ազատության դիմաց, մեղքն ընդունել պարտադրեցին, եւ բանտում հայտնված կինը համաձայնեց գործարքի գնալ:
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը` Գարիկ Գալեյանը, ով ընդդիմադիր հայացքներ ունի եւ պարբերաբար իշխանությունների դեմ սուր քննադատությամբ է հանդես գալիս, մեղադրվեց թմրանյութ իրացնելու համար եւ կալանավորվեց, այժմ նա տնային կալանքի մեջ է»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում